ԽՐԱԽՃԱՆՔ ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐՈՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններն ավարտվեցին կանխատեսելի վերջաբանով. մասնակից երեք քաղաքական ուժերի մեջ փողի եւ իշխանական ռեսուրսների շնորհիվ հաղթանակ տարավ իշխող ՀՀԿ-ն. ճիշտ եւ ճիշտ խորհրդարանական վերջին ընտրությունների նման: Ըստ ԿԸՀ-ի՝ 240 հազար 36 հոգի (71.25 տոկոս) քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, 70 հազար 731 հոգի (21 տոկոս)` «Ելք» դաշինքի եւ 26 հազար 109 հոգի (7.75 ըոկոս)` «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին: Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. այս ընտրություններին ցածր էր մասնակցության ցուցանիշը. ընտրել է քվեարկության իրավունք ունեցողների 41 տոկոսը` 345 հազար 158 հոգի: Մինչդեռ ԱԺ ընտրությունների ժամանակ Երեւանում մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցողների 58.5 տոկոսը` 494 հազար 590 քաղաքացի: Տեղի ունեցածը վկայում է մեկ հանգամանքի մասին. հասարակությունը գնալով օտարվում է քաղաքականությունից եւ որեւէ հույս չի կապում քաղաքական գործընթացների հետ. երեւույթ, որին իշխանությունները հասել են տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ: Ու պատահական չէ, որ այսօր ընտրությունների արդյունքները տոնում է միայն իշխող կուսակցությունը, տոնում հրավառությամբ ու խրախճանքով՝ թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ այդ նույն օրը հերթական մահվան դեպքն էր գրանցվել հայկական բանակում, իսկ ԱԺ ընտրությունների օրը, հիշեցնենք, լրացել էր ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին տարելիցը: Բայց, դե, իշխանություններին այս ամենը չի հետաքրքրում, գլխավորը խրախճանքն է՝ թեկուզ եւ ժանտախտի ժամանակ: Իսկ ՀՀ ոստիկանությունը, ինչպես ավանդաբար, ուղտի ականջում քնած է. արգելված ժամին հրավառություն կազմակերպելու դեպքերի մասին ո՛չ լսում է, ո՛չ ահազանգ ստանում:

 

 

ՀՀԿ-ում, բացի նոր խորհրդարանի ղեկավար պաշտոններից, քննարկվում է նաեւ արդարադատության ապագա նախարարի հարցը: Ինչպես հայտնի է` նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ԱԺ ընտրություններում զբաղեցնում էր ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը, հրաժեշտ է տալու պաշտոնին. նա վերցրել է պատգամավորական մանդատը եւ լինելու է ԱԺ փոխնախագահներից մեկը: Իսկ ահա որպես արդարադատության նախարարի հավանական թեկնածու այս օրերին քննարկվում է նաեւ Սերժ Սարգսյանի օգնական Հրայր Ղուկասյանի անունը: Միայն թե, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, այս հարցում առայժմ վերջնական որոշում կայացված չէ, քննարկվում է նաեւ Դավիթ Հարությունյանին նախարար նշանակելու հարցը, սակայն ինքը՝ Հարությունյանը, չի ցանկանում, իսկ Սերժ Սարգսյանը, իր սովորության համաձայն, աշխատում է որեւէ մեկին վերջնական պատասխան չտալ, այլ քննարկել հնարավոր թեկնածուներին: Նշենք նաեւ, որ վաղը` նոր խորհրդարանի անդրանիկ նիստից մեկ օր առաջ, կայանալու է ՀՀԿ ԳՄ նիստը, եւ այդ ժամանակ հայտնի կդառնա ներիշխանական որոշումների մի մասը:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաեւ նախընտրական ժողովները: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր: Մինչ այդ, նկատենք, ընտրողին թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու սպառնալիքների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել` գտե՞լ են ժողովը վարող անձին, թե՞ ոչ, եւ, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ: Բայց, դե, իրավապահների անգործության պատճառները պարզ են` նրանց հրահանգված է «ջրից չոր դուրս բերել» Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության սկանդալի հեղինակներին:

 

 

 

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գեւորգ Մանգասարյանը:

 

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի սահմանի արեւելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական, պաշտպանական բնույթի օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ միավոր ռազմական, պաշտպանական տեխնիկա: Բարեբախտաբար ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարվածի առնչությամբ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Նկատենք, որ ապրիլյան պատերազմին հաջորդող մեկ տարվա ընթացքում սա նմանօրինակ առաջին միջադեպն է, եւ ուշագրավ զուգադիպությամբ այն տեղի է ունենում մայիսի 16-ի՝ Վիեննայի հանդիպման նախօրեին: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անմիջական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ մասնակցությամբ Վիեննայում կայացավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Ի. Ալիեւի եւ Ս. Սարգսյանի հանդիպումը, որի արդյունքում հնարավոր եղավ հասնել հարաբերական խաղաղության հաստատմանն ու որոշակի համաձայնությունների՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ: Բացի այդ՝ մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց Հայաստանում ներքաղաքական փոփոխությունների ցիկլը, ինչի ընթացքում, ըստ չգրված օրենքի, արտաքին միջադեպերն ու զարգացումները առժամանակ դադարել էին:
Եվ հիմա Ադրբեջանի այս հերթական սադրանքը որոշակի ուղերձ է պարունակում, եւ հայկական կողմից պատասխան գործողությունների դիմելու դեպքում չի բացառվում ռազմական նոր էսկալացիան: Ի՞նչ հակաքայլեր ունի հայկական կողմն այս իրավիճակում, արդյո՞ք անցած մեկ տարվա ընթացքում մեր զինված ուժերի մարտունակությունը բարձրացել է, իսկ մեր քաղաքական դիքերն էլ՝ ամրապնդվել: Ցավոք, այս հարցերի պատասխանները միանշանակ չեն, հատկապես վերջինի մասով: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակի՝ Հայաստանի համար ոչ նպաստավոր փոփոխությունները, ապա բավականին մռայլ սպասումներ են ձեւավորվում:
Այնինչ՝ ապրիլյան պատերազմն այն առիթն էր, որը հայկական կողմը կարող էր եւ պետք է օգտագործեր ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման միջազգային հստակ երաշխիքներ կորզելու ուղղությամբ. մի բան, որի ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում մեր դիվանագիտական միտքն այդպես էլ ի զորու չեղավ արդյունավետ քայլեր կատարելու: Դրան որոշակիորեն կարող էր նպաստել մեր դիվանագիտական կորպուսի ղեկավարության փոփոխությունը, ինչը, սակայն, վաղուց արդեն ՀՀ իշխանությունների որոշումների տիրույթում չէ:




Լրահոս