«Ժողովուրդ» օրաթերթը 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ զրուցել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր Ազգային ժողովի, Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների եւ քաղաքական դաշտում ընթացող այլ իրադարձությունների մասին:
-Պարո՛ն Արսենյան, նախ անդրադառնանք քաղաքական կյանքում տեղի ունեցած ամենաթարմ իրադարձությանը, սպասո՞ւմ էիք, որ Երեւանի ավագանու ընտրություններում այսպիսի արդյունք կլինի:
-Զարմանալու ոչինչ չկա, սա է մեր երկրի վիճակը՝ վատ իշխանությանը աջակցող քաղաքացիներ:
-Այնուամենայնիվ, որպես երեւանցի՝ արդյունավե՞տ եք համարում Տարոն Մարգարյանի 6 տարվա գործունեությունը:
-Տարոն Մարգարյանի գործունեությունը չի կարող էական ազդեցություն ունենալ քաղաքի կենսապահովման վրա մի պարզ պատճառով. փողոցները նեղ են, մեքենաները շատ են, օդը ախտոտված է, կայանատեղերը անհարմար են, տրանսպորտային իրավիճակը շուտով կդառնա օրհասական, սա ակնհայտ է, չէ՞, հիմա ինչ քաղաքապետ ուզում ես եղիր՝ լավ, թե վատ, այս խնդիրները չես կարող լուծել:
-Բայց, օրինակ, «Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրաձայնում էին, որ Տարոն Մարգարյանի հուսահատության վերելակներից եւ մահվան գազելներից ելք կա:
-Դե, բոլորն էլ ասում են: Ինչպե՞ս են անելու՝ նեղ փողոցներ, ավելի շատ տրանսպորտ, քան կարելի էր ունենալ, դա քաղաքային իշխանության խնդիրը չէ, ավելի շատ մաթեմատիկական խնդիր է դարձել, որը լուծում չունի այս պահին, չպետք է այսքան տրանսպորտային միջոցների առատություն լիներ Երեւանում: Երեւանը ենթարկվեց որոշակի ոտնձգության, եւ այդ գազաֆիկացիոն խողովակներն անցկացվեցին արտաքին տարածքով: Ամենակարեւոր հարցերից մեկը օդի խնդիրն է՝ Երեւանում օդ ենք շնչում, որն ինձ թվում է՝ թույլատրված նորմայից տասն անգամ ախտոտված է, ցուցանիշները չեն հրապարակում, բայց ես այդպիսի տպավորություն ունեմ: Նպատակը քաղաքացիներից գումարներ գանձելն է, քաղաքացիների սեփականությունն իրենցով անելը, մարդկանց իրավունքները ոտնահարելը, մարդկանց իրավազրկելը, որպեսզի հետո կարողանան սեփականազրկել. այսպիսի ծանր իրավիճակում ենք հայտնվել:
-Պարո՛ն Արսենյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում նոր խորհրդարանի կազմը, եւ ո՞ր ուժի համար եք ափսոսում, որ չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը:
-ԱԺ-ի քաղաքական բաղադրիչը էականորեն նվազել է: Այս Ազգային ժողովը դադարում է լինել քաղաքական մարմին: Հատկապես ռեյտինգային ընտրակարգի կիրառումից հետո, երբ որ քաղաքական ուժի չափ ձայն է հավաքում անհատը, որը որ երբեւիցե որեւէ հարցի վերաբերյալ կարծիք չի արտահայտել, դա նշանակում է, որ Ազգային ժողովի քաղաքական մակարդակը իջել է:
-Սպասվում էր, որ հետընտրական զարգացումներ կլինեն, սակայն դա տեղի չունեցավ: Ո՞րն էր պատճառը:
-Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետեւ պրոցեսը քաղաքական չէ, պրոցեսը քաղաքական է լինում, եւ զարգացումներ լինում են այն ժամանակ, երբ որ աշխարհայացքների բախում կա, մինչդեռ հիմա չկա որեւէ բախում ռեյտինգային ընտրակարգում, որվհետեւ կրկնում եմ՝ տասնհինգ տարի մեկ բառ չասած, ծպտուն չհանած մարդը, որը որ միշտ համաձայնել է ամեն ինչին, հավաքում է ավելի շատ ձայն, քան քաղաքական կուսակցությունը, որը պայքարում է իր երկրի ապագայի, իր երկրի նպատակների, քաղաքացիների իրավունքների, ազատությունների համար, ու երբ ինչ-որ մեկը գնում, այդքան ձայն է հավաքում, դա, այսպես ասեմ, ստրկատիրական ֆեոդալական համակարգին բնորոշ դրսեւորում է, ինչ քաղաքական պայքար, ինչ հետընտրական զարգացում: Խայտառակ իրավիճակ է, երկրի ներքին դիմադրողականությունը էականորեն նվազեց: ՀՀ ցանկացած արժանապատիվ քաղաքացի արհամարհանքով է նայում այս իրավիճակին, որ ստեղծվել է:
-Կարծում եք՝ հուսահատվա՞ծ է հասարակությունը:
-Դա հուսահատություն չէ, դա արհամարհանք է: Երկրի բնակչության լավագույն հատվածը, որը երկիրն առաջ տանողն է, իրավիճակներին լուծումներ առաջարկողն է, արհամարհանքով է նայում վիճակին, դա գիտե՞ք ինչ է նշանակում. պատկերացրեք մի հիվանդանոց, որի լավագույն բժիշկներն արհամարհանքով են վերաբերվում հիվանդանոցի առօրյային, հուսահատություն չէ դա, դա ուրիշ անուն ունի: Մինչեւ ընտրությունները ես հայտարարել եմ, որ Հայաստանին սպասում են արհավիրքներ, արդարանում է իմ ամեն ասածը, ցավոք սրտի:
-Պարո՛ն Արսենյան, իսկ ըստ Ձեզ՝ ինչի՞ արդյունք էին «Ծառուկյան» դաշինքում վերջին շրջանում տեղի ունեցած խմորումները: Համենայն դեպս, նման իրավիճակ ավելի շատ սպասվում էր, որ տեղի կունենա ՀՀԿ-ում:
-Դա արդյունք էր այն բանի, որ այն մարդիկ, ովքեր հայտարարել են, որ զբաղվում են քաղաքականությամբ, բացարձակապես որեւէ պատկերացում, հասկացողություն չունեն քաղաքականության իրական շարժառիթների ու նպատակների մասին, բացարձակապես, պատկերացումն այլ բանի մասին է, որը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, որովհետեւ ինքնաբացարկի դիմումներ գրել եւ գնալ ընտրության, ասել, որ եկել եմ՝ ընտրվեմ, դա նման է քաղաքական գործունեության մեջ իրականացվող մատով ֆռցնելու հետ, դա չափահաս, ողջամիտ մարդուն հատուկ գործունեություն չէ, եւ նրանք, ովքեր այդ ամենը պլանավորել էին, որը դուրս եկավ ջրի երես, հասարակությանը պիտի պատասխանեն՝ այս ինչ են արել եւ քաղաքականությունն ինչպես էին պատկերացնում՝ կայարանում մատով ֆռցնել, կեղծ խաղաքարտերով նստել մարդկանց հետ թղթախաղ խաղալ, այդպիսի բան են պատկերացնո՞ւմ քաղաքականությունը: Եվ դրա հետեւանքով էլ երկիրը ստանում է այն, ինչ որ պետք է ստանա, ստանում է արհամարհանք միջազգային հանրությունից, տեսնում եմ ես եւ զգում դա արդեն, նաեւ ազդանշաններ ունեմ:
-Եւ վերջում՝ ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայից, կարո՞ղ է այդ գործընկերությունը փոխել մթնոլորտը:
-ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից սպասելիքներ ունեն միայն այդ կոալիցիայի մասնակիցները, հասարակության մնացած անդամների կարգավիճակը սպասելիքային չէ, ցավոք սրտի: Շարունակվելու է հասարակության անդամների իրավազրկումը, շարունակվելու է պետության կողմից մարդու իրավունքների սահմանափակումը, որպեսզի հեշտանա մարդկանց ունեզրկումը: Այս փիլիսոփայությամբ է աշխատում երկիրը:
ՎԱՂԸ ՀՀԿ-ՈՒՄ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՕՐ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ողջ ՀՀԿ-ում դեռեւս սպասողական վիճակ է, եւ բոլորը շունչները պահած` սպասում են իրենց «հոր»՝ Սերժ Սարգսյանի վերջնական որոշմանը:
ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ առանցքային պաշտոնների մասին վերջնական որոշումը կուսակցականներին հայտնի կդառնա վաղը՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Իսկ մինչ խորհրդի նիստը, նույն օրը ՀՀԿ-ն կգումարի գործադիր մարմնի նիստ եւ կքննարկի ԱԺ նախագահի եւ տեղակալների հարցը: Չնայած դեռեւս վերջնականապես հայտնի չէ, թե ով են լինելու ԱԺ նախագահը եւ տեղակալները, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի կուլիսներում Աժ նախագահի ամենահավանական թեկնածուն այս պահի դրությամբ համարվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ նրա տեղակալներից մեկը՝ դեռեւես արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես հայտնի է՝ երեք փոխխոսնակների պաշտոններից մեկը ըստ օրենքի՝ տրամադրվելու է մեծությամբ երկրորդ քաղաքական ուժին, այս պարագայում «Ծառուկյան» դաշինքին: Ըստ տեղեկությունների՝ այս դաշինքի ԱԺ փոնախագահի թեկնածուն ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է:
Իսկ փոխնախագահի երրորդ պաշտոնը, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն կհատկացնի իր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, որպես փոխհատուցում առաջիկայում ձեւավորվող գործադիրում եւս մեկ պորտֆել չավելացնելու համար: ԱԺ նախագահի դաշնակցական տեղակալը, ըստ ամենայնի, կլինի Արմեն Ռուստամյանը:
«Ծառուկյան» դաշինքը եւս վաղը կկատարի իր վերջին հստակեցումները: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող «կանյաչնիում» հանդիպում կունենա իր խմբակցության ներկայացուցիչների հետ, եւ այդ ժամանակ էլ կորոշվի դաշինքին տրամադրվելիք հանձնաժողովների նախագահների անունները, ինչպես նաեւ՝ ութ ըմբոստների ճակատագիրը:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՈՉԻՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Մայիսի 11-ին նախագահական նստավայրում ստորագրված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի համաձայն՝ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Իսկ ահա Ազգային ժողովի նախագահի պաշտոնի առաջադրման իրավունքի մասին որեւէ խոսք չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց, թե ինչու է առանձին դրույթով ներկայացված, որ վարչապետ նշանակում է ՀՀԿ-ն, իսկ ԱԺ նախագահի թեկնածուի առաջարկման մասին որեւէ խոսք չկա. «Որեւիցե բան դա չի նշանակում, ԱԺ նախագահի պաշտոնը միշտ էլ եղել է քաղաքական մեծամասնության որոշվելիք խնդիրը, դա միշտ եղել է, եւ այլ կերպ չի էլ կարող լինել»: Իսկ մեր այն դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնը եւս մեծամասնություն կազմած քաղաքական ուժն է առաջարկում, եւ հնարավոր է՝ ինչպես 2003 թվականին, այնպես էլ հիմա այդ պաշտոնը վստահվի կոալիցիոն գործընկերոջը, Նիկոյանը պատասխանեց՝ չեմ կարծում: Հիշեցնենք, որ 2003 թվականին կոալիցիա կազմելուց հետո ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրեց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է սկսվել` պարզելու Արշակյանի մահվան հանգամանքները: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իրավապահները ցանկանում են հասկանալ՝ զինվորը մահացել է զենքի հետ կանոնները խախտելո՞ւ արդյունքում, թե՞ ինքնասպան է եղել: Չի բացառվում, որ հետագայում այլ հանգամանքներ ի հայտ գան, ասել է, թե զինվորը ինքնասպան է եղել, քանի որ վերջին շրջանում դիրքերում մահացած զինվորների գործով ծառայակից ընկերներն են հայտնվում ամբաստանյալի աթոռին:
ԴՊՐՈՑԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ Արարատի մարզպետարանը ներքին աուդիտ է իրականացրել Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N5 հիմնական դպրոցում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին աուդիտը իրականացվել է մայիսի 3-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ` 4 աշխատանքային օր: Ներքին աուդիտի իրականացման շրջանակում հիմնականում ընդգրկվել է դպրոցի 2014, 2015 եւ 2016 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները, գնումների գործընթացները, նախատեսված եւ կատարված փաստացի ծախսերի համեմատումը, աշխատավարձերի հաշվարկման կարգը, հաշվետվությունների արժանահավատությունը եւ համապատասխանությունը օրենքներին եւ այլ իրավական ակտերին: Ասել է, թե 566 աշակերտ ունեցող հիմնական դպրոցը հայտնվել է մարզպետ Արամայիս Գրիգորյանի տեսադաշտում: Այս պահին դեռ հայտնի չէ, թե մարզպետարանը կոնկրետ ինչ խախտումներ է հայտնաբերել: