Երեւանի ավագանու վերջին ընտրությունները պատմության մեջ կմնան որպես ամենապասիվը:
Ավագանու` համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցում էր ընդամենը երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը, իսկ քաղաքական դաշտի առանցքային մյուս ուժերը պարզապես որոշել էին մի կողմ քաշվել ու հետեւել իրադարձությունների ընթացքին: Միաժամանակ ցածր էր ընտրությունների մասնակցության ցուցանիշը. ընտրելու իրավունք ունեցող 842 հազար 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 41 տոկոսը` 345 հազար 158 հոգի: Համեմատության համար նշենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր Երեւանի ընտրողների 58.5 տոկոսը` 494 հազար 590 քաղաքացի:
Այս ամենի պատճառը միանգամայն պարզ է. ժողովուրդը գնալով օտարվում է պետությունից եւ քաղաքական գործընթացներից, եւ սա իշխանությունների համառ ջանքերի արդյունքում, երբ մարդիկ այլեւս հույսները կորցրել են ընտրություններից, ընտրությունների արդյունքում ինչ-որ բան փոխելու հեռանկարից: Ու հիմա մի մասը կամ հանձնվել է իրավիճակին` գերադասելով ընտրությունների օրը 10 հազարական դրամ աշխատել կամ պարզապես արտագաղթում է: Այլ կերպ, թերեւս, դժվար է բացատրել ստեղծված իրավիճակը, երբ չնայած հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհություններին՝ ընտրությունների արդյունքում, միեւնույն է, հաղթող է ճանաչվում իշխող կուսակցությունը, իհարկե, համատարած ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսների կիրառման արդյունքում: Եւ այդ առումով բացառություն չեղան նաեւ կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները:
Հետաքրքիր էին ավագանու ընտրություններին մասնակից ուժերի ստացած ձայները. ԿԸՀ տվյալներով՝ ՀՀԿ օգտին քվեարկել է մասնակիցների 71.25 տոկոսը` 240 հազար 36 հոգի, «Ելք» դաշինքին` 21 տոկոսը` 70 հազար 731 հոգի, եւ 26 հազար 109 հոգի կամ 7.75 տոկոսն ընտրել է «Երկիր ծիրանի» կուսակցությանը: ԱԺ ընտրություններին, հիշեցնենք, Երեւանում ՀՀԿ-ն շատ ավելի ձայն էր ստացել. այս կուսակցությանը քվեարկել էր 241 հազար 82 մարդ, «Ելք» դաշինքի օգտին ավելի քիչ` 69 հազար 465 հոգի: Իսկ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, ինչպես հայտնի է, չէր մասնակցել ԱԺ ընտրություններին. նրանք ձեւավորվեցին հենց նախընտրական փուլում:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի քան հազար ձայն պակաս է ստացել այն դեպքում, երբ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն թեեւ հրաժարվել էր ընտրություններին մասնակցելուց, բայց եւ հայտարարել ՀՀԿ-ին սատարելու մասին: Եւ այս դեպքում տրամաբանությունը հուշում է, որ ՀՀԿ ձայներին պետք է գումարվեին նաեւ ՀՅԴ-ի` Երեւանից ստացած ձայների մի մասը: Ի վերջո, ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններում մայրաքաղաքում ստացել է 24 հազար 557 ձայն: Եւ այս դեպքում ենթադրվում է` ՀՀԿ ձայները նվազելու փոխարեն պետք է ավելանային: Կա նաեւ երկրորդ տարբերակը. ՀՅԴ-ականներն աշխատել են կոալիցիոն գործընկերոջ օգտին, բայց ՀՀԿ ներսում յուրայիններն են ընտրությունները սաբոտաժի ենթարկել ու չեն աշխատել Տարոն Մարգարյանի գլխավորած ցուցակի օգտին: Այլ կերպ, թերեւս, դժվար է բացատրել տեղի ունեցածը, ընտրությունների այսքան ցածր մասնակցությունը:
Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված մեկ հանգամանք եւս. չնայած ՀՀԿ օգտին քվեարկել են ընտրությանը մասնակցած քաղաքացիների 71.25 տոկոսը, բայց նման արդյունք գրանցվել է համատարած ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի շնորհիվ: Ընդ որում, ընտրակաշառքի բաժանման մասին այլեւս կան անառարկելի փաստեր. հիշում եք «Ելք» դաշինքի բացահայտումները, երբ ընտրությունների նախօրեին ՀՀԿ շտաբներում հայտնաբերել էին ընտրակաշառք ստացած կամ ստացող մարդկանց ցուցակները: Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաեւ հրապարակվեցին տեսագրություններ, որտեղ պարզ երեւում էին, թե մարդկանց ինչպես են գումար ու ՀՀԿ քվեաթերթիկ տալիս (չնայած` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ավելի ուշ փորձում էր համոզել, թե տրվել է ոչ թե քվեաթերթիկ, այլ վերջինիս նմուշ): Հիշում եք նաեւ ընտրությունների օրը քաղաքապետի մեկ այլ թեկնածու Զարուհի Փոստանջյանն ինչպես էր ՀՀԿ շտաբներից մեկում պնդում, որ բացեն դարակը, քանի որ այնտեղ ընտրակաշառք ստացող մարդկանց ցուցակն է պահվում: Բայց իրավապահները այդ ամենը թողած՝ զբաղված էին Փոստանջյանին ու նրա դստերը ՀՀԿ շտաբից հանելու «սուրբ գործով»: Այնպես որ, այս անգամ փաստերի պակաս չկար, կային այդ փաստերը կոծկող իշխանություններ: Թեեւ «Ելք»-ը խոստացել է հետամուտ լինել եւ ստիպել իշխանություններին բացահայտել կատարվածը:
Հ.Գ. Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կստանա 46 մանդատ, «Ելք» դաշինքը` 14 մանդատ, «Երկիր ծիրանին»` 5 մանդատ: «Ելք»-ը հայտարարել է ընտրությունների արդյունքներն ընդունելու մասին. ավագանու մանդատից կհրաժարվի միայն դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, որը կշարունակի պատգամավորական գործունեությունը, իսկ «Երկիր ծիրանին», ամենայն հավանականությամբ, չի վերցնի մանդատները` բոյկոտելով նիստերը: Չնայած չի բացառվում, որ վերջին պահին նրանք համաձայնեն մանդատները վերցնել, եւ ինչպես Զարուհի Փոստանջյանն է խոստացել` Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնել: Ամեն դեպքում, այս կուսակցությունն իր որոշումը կհրապարակի այսօր:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Խոսքը Արփա գետի վրա «Գնդեվանք-1» ՓՀԷԿ կառուցող «Ամրիտամ» ընկերության մասին է: Բանն այն է, որ Ս. Առուստամյանի ընկերությունը իր հաշվետվությունը սահմանված ժամանակին եւ պատշաճ կարգով չի ներկայացրել ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողով: Ինչն էլ խախտելու համար ՀԾԿՀ-ն մայիսի 19-ի նիստին ընկերությանը նախազգուշացում կտա: Նշենք, որ «Ամրիտամ» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, սակայն Սեդրակ Առուստամյանը բաժնետեր է դարձել անցած տարվա ամռանը, երբ ստացել է լիցենզիա եւ ՀԷԿ-ը կառուցելու է երեք տարվա ընթացքում: Ի դեպ, հենց այդ օրը նույն կարգը խախտելու համար հանձնաժողովը մի շարք ընկերությունների եւս նախազգուշացում կտա: Դրանց թվում են նաեւ հիդրոէլեկտրոկայան շահագործող ընկերություններ: Դրանք են` «Անի» ԲԲԸ-ն, «Եղվարդի արտադրական բազան», «Արենի» ՀԷԿ-ը, «Հիդրո կորպորացիա» եւ այլ ընկերությունները:
ՇԱԲԼՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ թե՛ «Երկիր ծիրանի» եւ թե՛ «Ելք» դաշինքը գիտեին, որ քաղաքապետ է ընտրվելու Տարոն Մարգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» դաշինքի նորընտիր ավագանու անդամ Անի Սամսոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենք այդ գիտակցումով էին մասնակցում ընտրություններին. ««Ելք» դաշինքն իր քաղաքական նպատակները չի նախանշում Շարմազանովի շաբլոն եւ անգիր արված հայտարարությունների հիման վրա»,- ասաց Սամսոնյանը։ Ավագանու թեկնածուն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու Նաիրա Հայրապետյանի այն հայտարարությանը, որ ընտրություններին ընտրողների քիչ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ մարդիկ գոհ են եղած վիճակից. «Նաիրա Նահապետյանին խորհուրդ կտայի որպես ավագանի դուրս գա իր սենյակից եւ շփվի երեւանցիների հետ։ Նա իր երեւակայական Երեւանի եւ երեւանցիների մասին է խոսում»,- ասաց Սամսոնը եւ նշեց, որ իրենց կարծիքով չմասնակցության դրդապատճառները տարբեր են` սկսած ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահությունից, մինչեւ նույնիսկ եղանակը։
ՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
2016թ. ընթացքում ավելացել է թեկնածուական ատենախոսություն պաշտպանած ասպիրանտների թիվը: Ըստ ԱՎԾ-ի` նախորդ տարի թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել 137 հոգի, մինչդեռ նախորդ տարի նրանք 128-ն էին: Ինչ վերաբերում է դոկտորանտուրա ավարտածներին, ապա նախորդ տարի նրանք եղել են 14 հոգի, սակայն 1-ն է պաշտպանել դոկտորական ատենախոսություն, իսկ 2015թ. 13 հոգուց 2-ն էր պաշտպանել:
ՀԱՅ-ՔԱԹԱՐԱԿԱՆ
Քաթար պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ: Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի եւ կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին:
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷՐ
Մայիսի 15-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2017թ-ի աշխատանքային պլանը եւ մեթոդները, որը նախատեսում էր, ի շարս այլ հակամարտությունների, քննարկման առարկա դարձնել ԼՂ հակամարտության հարցը, այդ թվում նաեւ՝ փաստահավաք առաքելություն իրականացնել եւ այլն: Հերմինե Նաղդալյանը հանձնաժողովականներին փաստել է, որ այս փխրուն ժամանակահատվածում աննպատակահարմար է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանզի այն միջնորդական գործընթացի վրա կարող է բացասական միջամտություն լինել եւ հանգեցնել անկանխատեսելի զարգացումների:
ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
««Ելք» դաշինքը մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, եւ «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Ընտրական պրոցեսի ընթացքում ՀՀԿ նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել: Այս գործընթացն ունեցել է կազմակերպված եւ կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ մեր դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ»,- երեկ հայտարարել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Օրհնությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հրավերով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, թեմի հիմնադրման 300-ամյակի առիթով Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում: Այդ առիթով երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք: