ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԵՎ ՍԱՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած աղմկալի ժողովի փաստի առթիվ հարուցված քրեական գործից նոր մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, թե ով է եղել ժողով վարող անձը եւ ինչ ներգրավվածություն է ունեցել նա Երեւանի ավագանու ընտրություններին:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի ղեկավարությունը աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, քննարկել, թե ով ինչքան ձայն պետք է բերեր թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին:
Ձայնագրության մեջ ժողով անցկացնող անձը, «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների անունները հնչեցնելով, նրանց վախեցնում է՝ կա՛մ աշխատանքից հեռացնելով, կա՛մ վատ վերջաբանով: Իսկ այն աշխատակիցները, որոնք ձայներ կբերեն, նրանց խոստանում է պաշտոններ, ուղեւորություն սիրո քաղաք Փարիզ եւ այսպես շարունակ:
Ապրիլի 20-ին հատուկ քննչական ծառայությունում ձայնագրության հիման վրա հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու…, որը կատարվել է սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով):
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՔԾ քննիչները վերջին օրերին ծանուցագիր են ուղարկել «ՍԱՍ գրուպ» եւ ժողովի մասնակիցներին վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության: Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ շուտով կլրանա հարուցված քրեական գործով նախաքննության մեկ ամիսը, սակայն ՀՔԾ-ում գաղտնի են պահում, թե ով է եղել ժողով վարող անձը, եւ, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ նոր մանրամասներ բացահայտեց այս գործով: Մասնավորապես սուպերմարկետի աշխատակիցներից տեղեկացանք, որ սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ ժողովներ է իրականացնում «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ նախընտրական աղմկալի այս ժողովը վարող անձը եւս եղել է Սամվել Մանուկյանը:
Նկատենք, որ նույն Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր:
Սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռ փորձում է հասկանալ, թե ով է ժողով վարողը եղել: Չի բացառվում, որ հայրենի իրավապահները քաղաքական հրահանգ ունեն սպասել մինչեւ ավագանու ընտրությունների ավարտը, որպեսզի չխանգարեն, չնեղացնեն «ձայն բերող» մասսային:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 25-ին հրապարակել էինք, որ ժողովը անցկացնող «հերոսը», անդրադառնալով աշխատակիցներից մեկի բերած ձայներին, որոշել էր ամոթանք տալ. «Էդո՛ ջան, կազմակերպի, ախպեր ջա՛ն, սե՞նց էս կազմակերպել, մարդը ձեները բերել է, հայ-հայ է ուզում էի ամոթանք տալ»:
«Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել, որ Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում տեղ էր գտել նաեւ հայտնի Էդոն՝ Էդգար Ավետիսյանը, որը 2012 թվականից աշխատում է «ՍԱՍ գրուպ» ընկերությունում եւ ներկայումս զբաղեցնում է կոմերցիոն տնօրենի պաշտոնը: Նշենք, որ Էդգար Ավետիսյանը ընտրվել է Երեւանի ավագանի, սակայն չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնի: Երեւանի ավագանու ցուցակում էր ընդգրկված նաեւ «ՍԱՍ գրուպ»-ի մարդկային ռեսուրսների ղեկավար Մարինե Տեր-Հովհաննիսյանը: Ասել է, թե «ՍԱՍ գրուպ»-ի ողջ աշխատակազմը լծված էր Երեւանի ավագանու ընտրություններին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՓՈԽՎԵԼ Է
10 հազար դրամ կեղծ թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործը կքննի մեկ այլ դատավոր: Ինչո՞ւ, որովհետեւ այդ գործը մակագրվել էր Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանին, ով, ինչպես հայտնի է, մայիսի 11-ին, հենց դատարանի դահլիճում կալանավորվեց նույն ԱԱԾ-ի կողմից՝ կառաշք վերցնելու կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորը քաղաքացի Գրիգոր Շամսուրյանին տուգանքի ենթարկելու համար էր նրանից 600 ԱՄՆ դոլար գումար պահանջել:

 

 

ԴԵՌ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
Գյումրու իրավապահները դեռեւս չեն կարողանում գտնել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն, որը լուրջ վնասվածքներ ունի: Ինչպես հայտնի է՝ շուրջ երկու շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի կիզակետում էր հայտնվել նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ պատգամավորի որդին դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն, ով աչքի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել, եւ վտանգ կա, որ աչքը կկուրանա: Ու չնայած իրավապահները հարցաքննել էին Սպարտակ Ղուկասյանին, եւ նա ասել է, թե ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել, սակայն իրավիճակը միանգամայն այլ բանի մասին է փաստում: Բանն այն է, որ միջադեպի հետեւանքով դաժան ծեծի ենթարկված, «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն իրավապահները 6 օր է՝ չեն կարողանում գտնել: Չի բացառվում, որ նրան թաքցրել են, որպեսզի վնասվածքները անհետանան, բուժվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին եւ ասի, թե վնասվածք չունի, բողոք չունի:
Հիշեցնենք, որ կատարված միջադեպի մասով ոստիկանության Մուշի բաժնում 6-րդ օրն է՝ նյութեր են նախապատրաստվում: Դեռ քրեական գործ չի հարուցվել: Դե, իհարկե, քրգործի հարուցումը մեծապես կախված է քաղաքական որոշումից. կլինի՞, Վարդանիկի որդուն կմեղադրեն, չի՞ լինի, կասեն՝ միջադեպ չկա: Ոչինչ որ Ջանոյանի քրոջ որդին մի աչքի տեսողությամբ «յոլլա կգնա» ողջ կյանքում:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ ՊՆ խորհրդի մարտական պատրաստության եւ դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին: «Աշխատանքային խումբը կմասնակցի նաեւ մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին եւ մայիսի 18-ից 20-ը Մոսկվայում եւ Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը»,-ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 

 

ՀՀԿ-Ի ՑԻՆԻԶՄԸ
«Մայիսի 14-ին տեղի ունեցան հերթական «ընտրությունները», որոնք դառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը, ինչպես միշտ, ուղեկցվեցին զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով եւ բռնություններով: ՀՀԿ-ի ցինիզմը հասել է այնտեղ, որ նրա ներկայացուցիչները սկսել են արդարացնել իրենց կատարածուների ապօրինությունների ու բռնությունների՝ մինչ այդ ընդամենն անտեսվող ապացուցված փաստերը», – ասված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում:

 

 

99 ԱՀԱԶԱՆԳ
Երեւանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 37-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների եւ դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից: «Հետաքննություն է կատարվում 36 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով: Մնացած 63 ահազանգերը ստուգման փուլում են»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

 

 

 

ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Համաձայն հրամանագրի՝ մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ հունիսի 30-ը ներառյալ:

 

 

ԾԵԾԵ՞Լ ԵՆ
«Ելք» դաշինքի վստահված անձ Նարեկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ Ավան վարչական շրջանում գտնվող 01/23 տեղամասի դիմաց մի խումբ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել: Սարգսյանը պատմել է, որ ընտրատեղամասում քվեարկության ընթացքում քաղաքական թեմայով վիճաբանություն է ունեցել ՀՀԿ-ի վստահված անձի հետ, որն էլ սպառնացել է ընտրությունների ավարտից հետո հաշվեհարդար տեսնել իր հետ: Նրա խոսքով՝ ձայների հաշվարկից հետո, երբ ստորագրելով արձանագրությունը՝ դուրս է եկել ընտրատեղամասից, շուրջ 10 հոգի հարձակվել են իր վրա եւ ծեծի ենթարկել: Սարգսյանի խոսքով, երբ փորձել է պաշտպանվել, աղմուկ է բարձրացել, եւ հարձակվողները դիմել են փախուստի:

 

 

1000 ԿՐԱԿՈՑ
Մայիսի 14-ին եւ լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

 

ՈՐՍՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 15-ին հրաման է ստորագրել հանրապետության ջրային տարածքներում խեցգետնի որսը ժամանակավորապես արգելելու մասին:




Լրահոս