ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը շարունակում է մեծացնել դժգոհությունների ալիքը երկրի ներսում: Առիթը կրկին տվեց Թրամփը` աղմկոտ ձեւով պաշտոնից հեռացնելով հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-FBI) ղեկավար Ջեյմս Քոմեյին: Նրա այս քայլը արժանացավ թե՛ իր հակառակորդների, թե՛ լրագրողների ուժեղ քննադատությանը` ախտորոշելով ամերիկյան քաղաքական հարաբերությունների կարգավորմանն ավտորիտարիզմի տարրերի ներգրավումը:
Հարկ է նկատել, որ Թրամփը պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ երկրորդ նախագահ, որը ՀԴԲ-ի ղեկավարին ազատում է պաշտոնից: Առաջին դեպքը արձանագրվել էր 1993թ., երբ Բիլ Քլինթոնը հեռացրել էր աշխատանքից Սեշընսին` էթիկական մեղադրանքների տարափի ներքո: Այսօր արդեն Թրամփը իր որոշման հիմնավորումներից մեկն է համարել ԱՄՆ արդարադատության նախարարի տեղակալի գրությունը, որով պարզվել էր, որ ՀԴԲ-ի ղեկավարը լրջագույնս թերացել էր Հիլարի Քլինթոնի նամակների գաղտնիության խախտման գործը քննելիս եւ ակնհայտորեն չափազանցված տեղեկություններ էր հրապարակել` հանիրավի վնասելով նախկին առաջին տիկնոջ անմեղությունը: Հիշենք, որ քվեարկությունից 11 օր առաջ Քոմեյը նույնիսկ հայտարարել էր քրգործի նախաքննությունը վերսկսելու մասին, ինչը լրջագույնս հարվածեց Քլինթոնի վարկանիշին ու որոշակիորեն նպաստեց նրա պարտությանը: Այնժամ Թրամփը գովաբանել էր ՀԴԲ-ի ղեկավարի «համարձակությունը», սակայն այսօր արդեն իր հրամանագրով է արձանագրում, որ Քոմեյը իրական հիմքեր չուներ ո՛չ գործը վերաբացելու, ո՛չ էլ դրա մասին հրապարակային հայտարարություն անելու համար: Թրամփը նաեւ նկատել է, որ տրամադրված է եղել ազատելու Քոմեյին վատ աշխատանքի համար: Ըստ նախագահի` Քոմեյը կորցրել էր Վաշինգտոնում բոլորի վստահությունը իր թերացումների, պաշտոնեական դիրքին անհամապատասխան կեցվածքի համար եւ այլն: Նկատենք նաեւ, որ Թրամփը հրապարակավ երկու անգամ տհաճ իրավիճակում էր հայտնվել Քոմեյի հետ հանդիպումներում: Ամիսներ առաջ նախագահը ժպիտախառը քամահրանքով հայտարարել էր, որ Քոմեյը ավելի հայտնի է, քան անձամբ ինքը: Ամերիկյան վերլուծաբանները ենթադրում են, որ Թրամփի ինքնամեծար բնավորությունը նման փաստի հետ հեշտությամբ չէր կարող հաշտվել: Ավելին` նախագահը հարցրել էր Քոմեյին, թե արդյո՞ք որպես ՀԴԲ ղեկավար` նա հավատարիմ կլինի իրեն: Քոմեյը խոստացել էր լինել սոսկ «բացառապես ազնիվ»: Թրամփի համար հավատարմությունը, սակայն, անքննելիորեն ավելին է, քան ազնվությունը:
Այս ամենով հանդերձ ամերիկյան քաղաքական շրջանակները կասկածի տակ են դնում Թրամփի հիմնավորումների իսկությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննություն էր սկսել Թրամփի, նրա վարչակազմի առանցքային ներկայացուցիչների եւ ռուսական կառավարող շրջանակների միջեւ գոյություն ունեցող կապերի մասին անընդհատ շրջանառվող տեղեկությունների իսկությունը ստուգելու ուղղությամբ: Քոմեյը հայտնել էր, որ ՀԴԲ-ն ուսումնասիրում էր առկա փաստերը: Եվ ահա վերլուծաբանները այս համատեքստում սկսեցին շահարկել, որ նման եղանակով Թրամփը ազատվում է Քոմեյից ու նրա հետաքննությունից: Politico հանդեսի պանդմամբ` Թրամփն իր շրջապատի առաջ բազմիցս դժգոհել է տարվող քննությունից` զարմանքով հարցնելով, թե ինչո՞ւ հետաքննությունը դադարեցված չէ: Ի դեպ, հստակ է, որ ՀԴԲ-ն ուղիղ քննություն է կատարում Թրամփի նախկին խորհրդական Ֆլինի գործով, որին առնչվում են նաեւ բազմաթիվ այլ մարդիկ, այդ թվում` ներկայիս վարչակազմի անմիջական անդամները: Որքան էլ փորձենք հրաժարվել դավադրությունների տեսություններից, այդուհանդերձ, նախագահի ակտիվ գործողությունները կասկած են հարուցում: Հավատ ընծայելու չէ Քլինթոնի նամակների պատմության առնչակցումը տեղի ունեցած պաշտոնանկության փաստին, քանզի նախ այդ գործն այլեւս ՀԴԲ-ի առաջնահերթությունը չէ, եւ ապա Թրամփը հազիվ թե մտահոգվեր իր նախկին մրցակցի անունը մաքուր պահելու խնդրով, առավել եւս որ ինքն էր քանիցս Քլինթոնին ձերբակալելու մասին սպառնալիքներ տեղում նախընտրական պայքարում:
Խնդիրը, ըստ այդմ, տեղավորվում է իշխանության մեջ դիրքերի ամրապնդման համատեքստում: Ուժային կառույցների ղեկավարներից Քոմեյը թերեւս վերջինն էր, որ նշանակված էր նախկին նախագահ Օբամայի կողմից: Հավատարմություն չտեսնելով` Թրամփը այստեղ բախվել էր նաեւ իր ու իր մերձավոր շրջապատի դեմ ակտիվ գործողությունների: Վերջինները գուցե թե նույնիսկ պոտենցիալ ունեն հանգելու նախագահի պաշտոնանկությանը: Բազմաթիվ դեմոկրատներ հայտարարում են, որ Վաշինգտոնում կարծես գաղտնի գործընթացներ են գնում` ակնարկելով «Ուոթըր գեյթի» ճգնաժամը, երբ նախագահ Նիքսոնը ստիպված հրաժարական տվեց՝ մրցակիցներին ապօրինաբար գաղտնալսելու համար: Այսօր էլ կարծիք կա, որ Թրամփի վարչակազմը ներքաշված է ինչ-որ ապօրինի գործունեության մեջ, որի հրապարակայնությունը կանխելուն էլ միտված էր Քոմեյի պաշտոնանկությունը:
Այնուամենայնիվ, այստեղ առավել հավանական է գործադիր իշխանության ճամբարում վստահելի ու նախագահին նվիրված թիմ ստեղծելու տարբերակը: Թրամփը լավ է հասկանում, որ նման պատասխանատու պաշտոնում իր հետ հակադրություն ունեցող անձը անհանդուրժելի է, եւ այդ իսկ պատճառով փորձում է կառավարությունը վերջնական տեսքի բերել` իր քիմքին տհաճ մարդկանց ասպարեզից հեռացնելով:
Հայաստանում նման կտրուկ պաշտոնանկություն եղել է 2000թ. մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատեց վարչապետ Արամ Սարգսյանին ու Պնախարար Վաղարշակ Հարությունյանին: Քոչարյանը բացատրում էր, որ իր տարաձայնությունները վերջինների հետ անհաղթահարելի էին եւ խանգարում էին գործադիր իշխանության բնականոն ընթացքին: Մինչդեռ ակնհայտ էր, որ խնդիրը բացառապես իշխանության գերկենտրոնացումն էր անձամբ նրա շուրջ: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Քոչարյանը ազատվում էր բոլոր այն մարդկանցից, որոնք կարող էին իրական սպառնալիք հանդիսանալ իր իշխանավարությանը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՓՈՐՁԵԼ Է ԲՌՆԱԲԱՐԵԼ
Վերջերս Իջեւան քաղաքում 1983թ. ծնված հաշմանդամ տղամարդը փորձել է բռնաբարել 62-ամյա կնոջը` նրան ծեծի ենթարկելով: Երիտասարդն ու նրանից տարիքով գրեթե երկու անգամ մեծ կինը Իջեւան քաղաքի բնակիչներ են, աշխատում են նույն հիմնարկում՝ Իջեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կոմունալ ծառայությունում: Բռնաբարության փորձ արած տղամարդն ու կինը հավաքարարներ են, Իջեւան քաղաքի փողոցներն են մաքրում: Հավաքարար կինը ամուսին չունի, 8 երեխա ունի, որոնք տարբեր հայրերից են: Բռնաբարության փորձ կատարած տղամարդը հաշմանդամ է, ամուսնացած չէ: Իջեւանցիներից շատերը լսելով այդ պատմությունը, ճանաչելով դեպքի մասնակիցներին՝ չեն հավատում, թե ֆիզիկական թույլ կարողությունների տեր, հաշմանդամ տղամարդը կարող էր ծեծի ենթարկել այդ կնոջը: Սակայն ինչպես պարզվեց` բռնաբարության փորձը կատարողը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Ընդ որում, տղամարդն ու այդ կինը միասին են ոգելից խմիչք օգտագործել: Դեպքի կապակցությամբ 34-ամյա հաշմանդամ տղամարդը ձերբակալվել է, սակայն չի կալանավորվել, ազատ է արձակվել: Պատահարի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 34-138 հոդվածով (Բռնաբարության փորձը): Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում: Նշված քրեական գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ընթացքի մեջ է:
ԴԵՌ ՀԱՇՎՈՒՄ ԵՆ
20 օր է անցել Դեբեդի հովտում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից, սակայն պատճառված վնասների մասին դեռեւս տվյալներ չկան: Ապրիլի լույս 28-ի գիշերը ցրտահարությունից տուժել են Այրում քաղաքի, Արճիս, Լճկաձոր, Դեղձավան, Պտղավան, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ գյուղերի պտղատու այգիները եւ ցանքերը: Խոշորացված Այրում համայնքի ղեկավարի գյուղատնտեսության գծով խորհրդական Սեյրան Միկիչյանը հայտնեց, որ գյուղնախարարությունը, հիդրոմետ ծառայությունը գյուղացիներին սպասվող ցրտահարության մասին չեն զգուշացրել, պատահածը գյուղացիների համար անսպասելի է եղել: Այդ պատճառով գյուղացիները չեն կարողացել ցրտահարության դեմ միջոցներ ձեռնարկել, օրինակ, այգիների տարբեր հատվածներում ծղոտ վառել, որպեսզի գիշերը ծառերը ցրտից պաշտպանող ծխածածկույթ առաջանա: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից հետաքրքրվեցինք, թե գումարային առումով որքան է կազմում ցրտահարության պատճառած վնասը: Նա ասաց, որ իրենք դեռ հաշվարկում են վնասների չափերը, եւ նույնիսկ մոտավոր թիվ չի կարող հայտնել;
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԵԿ-Ը՝ «ՆԱԻՐԻՏԻ» ՊԱՐՏԱՏԵՐ
Դեռեւս անցած տարի սնանկ ճանաչված «Նարիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերը ավելանում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ի հայտ եկած պարտատերը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է, որին ընկերությունը պարտք է մոտ 9.8 մլն դրամ: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռեւս 2015 թվականի ամռանը դիմել էր դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը: Իսկ արդեն անցած տարեվերջին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀԷՑ-ի դիմումը` «Նաիրիտ»-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: «Նաիրիտ»-ը ՀԷՑ-ին պարտք է ավելի քան 1,2 մլրդ դրամ:
ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ
Բնապահպաններն ահազանգում են՝ Հրազդան գետի մեջ քիմիական նյութեր են լցվում: Նրանց խոսքերով՝ այս արտանետումները ոչ մի կապ չունեն ավտոլվացման կետի կամ զվարճանքի օբյեկտների հետ: Սրանք լրիվ այլ ծավալի արդյունաբերական արտանետումներ են: Ըստ հայկական բնապահպանական ճակատի` գետը այս օրերին ողողված է ինչ-որ անհասկանալի փրփուրով, որը հնարավոր է, որ քիմիական նյութ լինի: Բնապահպանները համոզված են, որ այս գետում երկու ձկնատեսակը` բեղլուն եւ կողակը, վերացել են: Խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ բնապահպանների ահազանգը ուսումնասիրվում է: Տեղեկացնենք, որ Հրազդան գետը համարվում է ՀՀ տարածքով հոսող ամենաերկար գետը: Այն սկիզբ է առնում Սեւանա լճից, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի մարզերի տարածքներով եւ Երեւանով: Հրազդան գետի վտակներից են Մարմարիկը, Դալար գետը, Ակունքը, Արագետը, Սարալանջը: Նշենք, որ գետի վրա են կառուցված Սեւան-Հրազդան կասկադի էլեկտրոկայանները` Սեւանի, Աթարբեկյանի, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երեւանի ՀԷԿ-երը: Գետի վրա կան նաեւ մի շարք ջրանցքեր, այդ թվում՝ Երեւանյան լճի ջրամբարը: