Օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարություն կատարած այցի ժամանակ, անդրադառնալով ապօրինի ծառահատումներին, հրահանգեց հետեւողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Վարչապետի՝ ԲՆ կատարած այցից անցել է հինգ օր, սակայն մտահոգիչ զարգացումներն ու անվերահսկելի իրավիճակը անփոփոխ են:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին` Կարեն Կարապետյանը նշել էր, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել: «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը»,- նշել էր վարչապետը` հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման եւ հսկողության գործառույթների տարանջատման վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ վերջին երեք ամիսներին «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ում բնապահպանների կողմից պարբերաբար ապօրինի ծառահատումներ են արձանագրվում: Միայն մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից պարկում արձանագրվել էին ապօրինի ծառահատման 4 դեպք եւ հայտնաբերվել 14 հատված ծառ: Ինչի արդյունքում հաշվարկվել էր պետությանը պատճառված վնասի չափը, որը կազմել էր 1,9 միլիոն դրամ: Իսկ օրեր առաջ էլ ձերբակալվել էր «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնի տեսուչը ապօրինի փայտանյութ դուրս բերելու դեպքի առթիվ:
«Ժողովուրդ» օրաթերթը բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ օրեր առաջ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից անհայտ անձանց վերաբերյալ կազմված ապօրինի ծառահատման 6 արձանագրությունների հիման վրա Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացվել է մասնագիտական տեղազննություն եւ 39 ծառի համար հաշվարկվել է 4.53 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արձանագրությունները ուղարկվել են Տավուշի մարզային դատախազություն: Իսկ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի հատված 312 ծառի վերաբերյալ 2 արձանագրությունների հիման վրա հաշվարկվել է 52.56 մլն դրամ շրջակա միջավայրին հասցրած վնաս: Դրանք նույնպես ուղարկվել են Տավուշի մարզային դատախազություն:
Սրանից օրեր անց «Դիլիջան ազգային պարկում» բնապահպանների կողմից կրկին ապօրինի ծառահատումներ են արձանագրվել: Այս մասին ահազանգում են բնապահպանները: Հայաստանի էքստրիմ ակումբի ղեկավար, արշավական Գոռ Հովհաննիսյանի կողմից արձանագրված ծառահատումները եղել են Հաղարծին վանական համալիրի տարածքից մինչեւ Թեղուտ գյուղի վերեւի տարածք, որը ավելի հայտնի է Գյոլերի ֆերմա անվանումով: Նշենք, որ Գոռ Հովհաննիսյանը նաեւ լուսանկարել է ապօրինի հատված ծառերը: Նա «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ապօրինի հատված ծառերը ավելի քան 100 հատ են, որոնք նա լուսանկարել է նախօրեին՝ ժամը 15.00-ին:
Բնապահպանի այս ահազանգի հետ կապված բնապահպանության նախարարությունից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ բնապահպանական պետական տեսչությունը ուսումնասիրում է այն: Իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանը երեկ ողջ օրվա ընթացքում անտառում է եղել` ապօրինի հատված ծառերի հետքերով: Ի դեպ, ՊՈԱԿ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ տնօրեն Մուրադյանը երեք ամիս գտնվել է արձակուրդում: Եւ զարմանալի չէ, որ իր արձակուրդում գտնվելու ընթացքում բնապահպանների կողմից ապօրինի ծառահատման դեպքեր են արձանագրվում:
Մինչ ՀՀ բնապահպանության նախարարությունը ուսումնասիրում է «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած ապօրինի ծառահատման դեպքերը, երեկ բնապահպանները ահազանգեցին ապօրինի ծառահատման մեկ այլ դեպքի մասին Զիկատարի արգելավայրում: Բնապահպանները այս մասին նույնիսկ լուսանկարներ են հրապարակել: Նրանց պատմելով՝ թրթուրավոր տրակտոր է օգտագործվել անտառում ապօրինի հատումների նպատակով: Տրակտորը կիրառվել է՝ ծառերը արմատախիլ անելու եւ տապալելու համար: Ըստ բնապահպանների՝ մղանով փորվել են ծառերի արմատները: Իսկ ծառերի մի մասը տապալվել է ճոպանով կապելով եւ տրակտորով ծառը քաշելու միջոցով: Ի դեպ, լուսանկարներում երեւում են այդ գործողությունների հետքերը: Հատված ծառերի կոճղերի մի մասի վրա կարմիր ներկով անորոշ նշումներ կան առանց կնիքի, իբրեւ թե ծառերը հատվել են օրինական:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ
Լոռու մարզում գնալով թեժանում են համայնքների խոշորացման հետ կապված քննարկումները: Հիշեցնենք, որ ամենաուշը եկող տարի խոշորացումներ են լինելու Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջաններում: Ծրագրային առաջարկները քննարկման փուլում են: «Ժողովուրդ» օրաթերթը համայնքների ղեկավարների հետ զրույցում փորձեց պարզել՝ ի վերջո, ինչպես են վեաբերվում համայնքների խոշորացմանը հենց իրենք՝ փոքր գյուղական համայնքների բնակիչները:
Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ համայնքի ղեկավարը կարծում է, որ գյուղը քաղաքին միացնելը սխալ է.«Շատ դեմ չեմ, բայց ավելի ճիշտ կլիներ՝ գյուղերը ընդանուր մեկ միավոր դառնային, ոչ թե միանային քաղաքին: Գյուղից ընտրված գյուղապետը կամ միավորի ղեկավարը ավելի շատ է պատկերացնում գյուղի խնդիրները, քան քաղաքապետը, ով հիմնական աշխատանքները տանելու է իր քաղաքի վրա»,-ասաց գյուղապետ Խաչատուր Բալայանը: Լոռի Բերդ համայնքը միանալու է Ստեփանավան քաղաքին: Համայնքը 414 բնակիչ ունի: Խնդիրներն այստեղ շատ են՝ մաշված ու գոյություն չունեցող գյուղտեխնիկայից մինչեւ ոռոգման ու հակակարկտային կայանների բացակայություն: 10 մլն դրամ համայնքային բյուջեի գրեթե կեսը ծախսվում է գյուղապետարանի 4 աշխատակիցների աշխատավարձերի վրա, մի մասն էլ հազիվ հերիքում է ընթացիկ աշխատանքներին:
Ծրագրով Ստեփանավան քաղաքին է նախատեսվում միացնել նաեւ Յաղդան համայնքը: Վերջինիս գյուղապետ Արամ Ջանջուղազյանը եւս դեմ է համայնքների խոշորացմանը: Նրա խոսքով՝ համայնքների խոշորացումը նպաստելու է գյուղերում արտագաղթի տարածմանը.«Նախ ասեմ, որ, օրինակ, մեր գյուղապետարանում 6 աշխատող կա, եթե գոնե մեկը մնա, 5-ը կկրճատվեն: Համայնքները խոշորացնելուց հետո դպրոցները կմիացնեն, այդտեղից էլ մի 15 հոգի կկրճատվի, Դուք պատկերացնում եք՝ 20 հոգի կրճատված մարդ մի գյուղում, որոնք միջինն ամեն մեկը 4 հոգանոց ընտանիք է պահում: Ստացվում է՝ 80 հոգի բռնելու է արտագաղթի ճանապարհը»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ համայնքները հերթական անգամ միացնելուց առաջ պետք էր դիտարկել նաեւ Թումանյանի ու, առհասարակ, խոշորացված համայնքների փորձը.«Զանգե՛ք Թումանյանի գյուղեր, տեսե՛ք՝ ավելի շատ օգո՞ւտ է տվել, թե՞ վնաս»:
Գարգառ համայնքի ղեկավար Կարեն Զալինյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ համայնքները խոշորացնելով՝ փոքր համայնքներին պարզապես զրկում են ինքնուրույնությունից: Զալինյանը եւս կտրականապես դեմ է.«Մենք ամեն տարի 3-4 ծրագիր ենք իրականացնում համաֆինանսավորմամբ, հազար ու մի գործ ենք անում, բայց էսօր մեր ձեռքից մեր բյուջեն վերցնում են, մեր ինքնուրույնությունն են վերցնում: Խոշորացնելուց հետո ոչինչ էլ չենք կարողանալու անել, մենք լծակներ չենք ունենա, եթե անգամ մի ավագանի ունենանք խոշորացված համայնքում»,-ասաց Գարգառի գյուղապետը՝ հավելելով, որ խոշորացված համայնքի ղեկավարը առաջին հերթին պետք է իր համայնքի խնդիրը լուծի, հետո նոր միայն փոքր համայնքինը.«Կոպիտ օրինակ բերեմ՝ առաջին հերթին իրենք կանալիզացիայի հարցը կլուծեն, հետո գյուղի խմելու ջրի… այ, էսպես է լինելու միանշանակ»:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի