Մինչ օրս Հայաստանը չունի վերջին 25 տարվա, այսինքն` անկախության շրջանի ժամանակակից արվեստի մշակութային կենտրոն-թանգարան: «Ժողովուրդ»-ը արվեստաբան Լիլիթ Սարգսյանի հետ զրուցել է այս խնդրի պատճառների մասին:
-Տիկի՛ն Սարգսյան, ինչո՞ւ մինչեւ օրս Հայաստանը չունի ժամանակակից արվեստի մշակութային կենտրոն-թանգարան:
-Նախ՝ թանգարանաշինության ոլորտում այսօր պետության առջեւ ծառացած երկու հրատապ կարեւորագույն խնդիր կա՝ Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Ժամանակակից արվեստի թանգարանի շենքային պայմանների հարցը լուծելը: Այս պարագայում խոսել եւս մեկ նոր թանգարանի մասին, վստահ չեմ, որ շատ արդյունավետ է: Թեպետ մեր աչքի առաջ իրականացվում են հսկայածավալ նախագծեր նաեւ պետության մասնակցությամբ: Այսինքն՝ գաղափարի եւ դրա նյութական իրականացման միջեւ խզում կա, եւ դրանից է պետք սկսել: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` վերջին 25 տարվա հայ ժամանակակից արվեստի մասին, ապա դա մեծ վակուում է, մեծ կորուստ: Իրազեկները հասկանում են, որ ժամանակակից արվեստի թանգարանում այսօր ներկայացված է Հենրիկ Իգիթյանի համալրած անցյալ դարի խորհրդահայ մոդեռնիզմը: Սա իսկապես մեծ խնդիր է՝ ունենալ եւ չունենալ միեւնույն ժամանակ, եւ դեռեւս ոչ մի ռեալ քայլ չի արվում` խնդիրը լուծելու ուղղությամբ: Գիտակցումը, որ այդ արվեստը պատմական է, եւ նրա պատմությունը հարկ է ֆիքսել, ավելի ուշ եկավ: Եկավ ու հանգեց նոր թանգարանի գաղափարին: Իսկ թանգարանաշինությունը լուրջ խնդիր է, անասելի դժվար գործ է: Այսօր գոնե ինչ-որ չափով կորցրածը վերականգնելու մտադրություններ կան, արվեստաբանների կողմից լուրջ հետազոտական աշխատանք է տարվում, տեսականորեն հավաքագրվում են փաստեր` Հայաստանի ժամանակակից արվեստի պատմությունը ստեղծելու համար: Կարծում եմ՝ եթե այդ պատմության հիման վրա ստեղծվեր թանգարան, ապա այն կդառնար Հայաստանի անկախության թանգարանը, որում կներկայացվեին ոչ միայն արվեստի գործեր, այլեւ փաստավավերագրական բնույթի նմուշներ: Չէ՞ որ 1980-90-ականները շրջադարձային, կարեւորագույն փուլ էր ոչ միայն մեզ համար, այլեւ աշխարհի, եւ արվեստը, որի մասին խոսում ենք, հենց այդ իրականության համատեքստում է ծնվել:
-Իսկ թանգարանի ստեղծման հարցով դիմե՞լ եք ՀՀ կառավարությանը, մշակույթի նախարարությանը:
-Ո՛չ, չենք դիմել: Թանգարանի ստեղծման ձեւակերպված նախագիծ, որպես այդպիսին, չի եղել: Առաջարկը պետք է վերածել հստակ նախագծի: Այժմ, օգտագործելով նաեւ անցած տարիներին կուտակած արդի թանգարանային գործի իմ փորձը, փորձում եմ հստակ նախագծի բերել գաղափարը, որպեսզի կարելի լինի այս կամ այն ատյանի ներկայացնել: Այսօրվա մշակույթի առեւտրականացման պայմաններում ում էլ ինչ առաջարկով դիմես, պետք է հարցնեն` որքա՞ն գումար է ներդրվելու, եւ որքա՞ն է հետ բերվելու, ո՞վ է ֆինանսավորելու այդ գաղափարը: Իսկ Հայաստանում, ցավոք, չկան այնպիսի գործարարներ, ինչպիսիք, օրինակ, Ռուսաստանում են: Այնտեղ մեծահարուստ օլիգարխները հասել են այն գիտակցության, որ հավաքածու ստեղծելը, թանգարան հիմնելը պատվաբեր է, թող որ մոդայով կամ կոնյունկտուրայով պայմանավորված լինի, բայց ստեղծում են նոր ու արդիական հրաշալի թանգարան-ժամանակակից արվեստի կենտրոններ: Ինձ թվում է, որ կառավարության որդեգրած այսօրվա մշակույթի առեւտրականացման միտումը լուրջ հարված է մշակույթին:
-Դուք նշեցիք, որ թանգարանաշինությունն այսօր լուրջ խնդիր է, բարդ գործ է, բայց արի ու տես, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտնել է հենց 2017-ին Հայաստանում մի շարք նոր թանգարաններ բացելու ծրագրերի մասին:
-Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, թե ինչ է պատրաստվում անել մշակույթի նախարարությունը եւ ինչպես, բայց չեմ զարմանա, եթե մի օր ստեղծվեն այդօրինակ անհասկանալի թանգարաններ, ինչպես, ասենք, քանդակի ստորջրյա թանգարանը: Մշակութային օջախը, որքան էլ այսօր այցելուակենտրոն լինի եւ հարմարվի սպառողական հասարակության պահանջներին, չի կարելի ատրակցիոնի վերածել, սահման կա դրան: Ժամանակակից արվեստի դաշտի դերակատարների ձայնը ողջ ուժով հասանելի չի դառնում մեր երկրում, երկխոսության, համաձայնության խնդիր կա, ինչպես արդեն ասացի:
-Ովքե՞ր են արվեստագետները, որոնց գործերը պատկերացնում եք այդ նոր թանգարանում:
-Մոհիկաններից նշեմ, օրինակ` Սեւը (Հենրիկ Խաչատրյան), Քիքին (Գրիգոր Միքայելյան), Էդուարդ Էնֆիաջյանը, Արշակ Նազարյանը գնացին Ամերիկա, Կարո Մկրտչյանը, Կարապետ Թերզյանը, Արմեն Հաջյանը` Ֆրանսիա, Արմեն Պետրոսյանը՝ Ռուսաստան, եւ այլն: Այսօր Ֆեյսբուքի շնորհիվ նրանց հետ կապ է պահպանվում, սոցցանցն այսօր վերածվել է պատմության վերակերտման եւ հիշողության արթնացման մի դաշտի, եւ ես այն օգտագործում եմ: Հայաստանում էլ, մեր կողքին շատերը կան եւ շարունակում են ստեղծագործել, նրանք բոլորն արդեն հայկական ավանգարդի դասականներն են՝ Արման Գրիգորյան, Սահակ Պողոսյան, Կարինե Մացակյան, Արա Հովսեփյան… Շատ անուններ կան, բոլորին չեմ կարող նշել:
-Ձեր պատկերացմամբ` թանգարանը կարո՞ղ է մասնավոր բնույթ կրել:
-Դա կլիներ իդեալական տարբերակը, ինչը կերաշխավորեր անկախությունը, սակայն չէր երաշխավորի երկարակյացությունը: Իրատես լինելու համար ասեմ, որ անհավանական է այսօր Հայաստանում նման գլոբալ եւ անշահութաբեր նախաձեռնությունը մասնավոր, բարեգործական հիմքերի վրա դնելը: Դրա համար նախ մեծ քարոզչական աշխատանք պետք է տարվի, իսկ դա, արդեն, իբրեւ բարոյական աջակցություն, պետության գործն է: Կա պետության գաղափարական կամ խորհրդանշային մասնակցության գործոնը՝ իբրեւ երկխոսության եւ կոնսենսուսի դրսեւորում պետության կողմից այս գաղափարի արժեւորումը: Ընդդիմադիր արվեստագետներից շատերն առհասարակ մերժում են այս միտքը, բայց ես պետություն ասելով նկատի չունեմ ներկայիս իշխանություններին, այլ պետության գաղափարն ընդհանրապես: Վերադառնալով քաղաքաշինական խնդրին՝ ասեմ, որ խորհրդանշական կլիներ, եթե, օրինակ, խորհրդային ժամանակներից մնացած որեւէ արդյունաբերական տարածք, որպիսիք շատ են` լքված եւ քայքայված, վերածվեր նոր, ազատ արվեստի թանգարանի` լոֆտի սկզբունքով: Թանգարանաշինության ամենաարդիական եւ նպաստավոր տարբերակը հենց լոֆտն է՝ մինիմալ, շքեղությունից զերծ: Նման տարածքները Երեւանում շատ են, բոլորը՝ սեփականաշնորհված: Հետեւաբար որեւէ սեփականատիրոջ հետ բանակցության խնդիր կա: Դա նույնպես պետական միջամտության հարց է: Այնպես որ, մեզ մնում է աշխատել եւ փորձել ելքեր փնտրել:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԻՄ ՔԱՐԸ ԾԱՆՐ Է. ԳԱԲԻ
Երգչուհի Գաբի Գալոյանը անակնկալ է պատրաստում իր երկրպագուների համար: Նա շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր տեսահոլովակ, որը կնվիրի հայ զինվորներին. «Երգը Հայաստանի մասին է, հեղինակը Մանե Հակոբյանն է: Այս ստեղծագործությունը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում, քանի որ զինվորներին ոգեկոչելու միտում ունի: Այն նվիրված է 1990-ականներից մեր սահմաններն ամուր պահող տղաներին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գաբին:
Բացի այդ` երգչուհին հայտնեց, որ աշխատում է մի քանի փոփ երգերի վրա: «Չեմ ուզում հեռանալ այս ժանրից, ամեն դեպքում, այն ամենահարազատն է ինձ»,-հավելեց նա: Մեր հարցին, թե արդյո՞ք առաջիկայում Գաբիի արտաքին տեսքին առնչվող կտրուկ փոփոխությունների ականատեսը կլինենք, երգչուհին պատասխանեց. «Առհասարակ, իմ տեսահոլովակներում ներկայացված կերպարների միջեւ ոչ մի նմանություն չկա: Ես հատուկ կերպով փոփոխությունների չեմ դիմում, պարզապես «քամելեոն» տեսակ եմ, ամեն բան ինքնըստինքյան է ստացվում»:
Անդրադառնալով հարցին, թե չի՞ վախենում, արդյոք, հանդիսատեսի մի զանգվածի քննադատություններից` կապված իր բաց, համարձակ կերպարների հետ, Գաբին անկեղծացավ. «Իմ քարը ծանր է, ծնկից երկու սանտիմետ վերեւ զգեստ կրելու դեպքում նույնիսկ հայտնվում եմ թիրախում: Չեմ հասկանում` ինչու է իմ դեպքում այդպես, երբ մի շարք արտիստներ շատ ավելի համարձակ են, քան ես: Ամեն դեպքում, վախ չունեմ, որովհետեւ չեմ կարծում, թե չափն անցնում եմ: Ժողովրդական երգեր մատուցելիս կրում եմ տարազ, փոփ երգերի դեպքում` ավելի բաց զգեստներ»: Խոսելով առաջիկայի ծրագրերից` Գաբին տեղեկացրեց, որ արտերկրից, մասնավորապես` Մոնրեալից, Բեյրութից, համերգների հրավերներ ունի. «Սփյուռքում կայանալիք համերգների շրջանակում շեշտը կդրվի ժողովրդական երգերի վրա, բայց, իհարկե կներկայացնեմ նաեւ փոփ ժանրի գործեր»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Կյանքի 95-րդ տարում վախճանվել Է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հայրենական մեծ պատերազին մասնակցած դերասանուհին ծանր հիվանդությունից հետո գիշերը մահացել Է Մոսկվայի իր տանը: Հրաժեշտի եւ հուղարկավորման ժամանակն ու վայրը հայտնի կդառնա ավելի ուշ. ասել է թատրոնի ներկայացուցիչը:
Իրինա Կարտաշեւան ծնվել Է 1922 թվականի նոյեմբերի 4-ին: 1947 թվականից ծառայել Է Մոսսովետի անվան թատրոնում: Թատերական աշխատանքներից բացի՝ նա մասնակցել է բազմաթիվ կինոֆիլմերի կրկնօրինակմանը, որոնց թվում են՝ «Հռոմեական արձակուրդներ», «Ռոկոն եւ նրա եղբայրները», «Ֆանտոմասը Սքոթլանդ-Յարդի դեմ», «Զորրո», «Զուտ անգլիական սպանություն»ֆիլմերը:
ՀԵՐՈՍԻ ՊԵՍ
Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին Կիեւում կայացած «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի հաղթողը Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալն է: wiwibloggs.com կայքը տեղեկացնում է, որ 27-ամյա Սոբրալն արդեն վերադարձել է հայրենիք, որտեղ նրան հերոսի պես են դիմավորել: Հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են Լիսաբոնի միջազգային օդանավակայանում՝ անակնկալ մատուցելով երգչին: «Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչպես ինձ պահել: Այսքան մարդ է հավաքվել՝ ինձ տեսնելու համար, սա ուղղակի անհավատալի է»,- մեկնաբանել է Սոբրալը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը զբաղեցրել է 18-րդ տեղը:
ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ` ՆԱԵՎ ԳԻՏՆԱԿԱՆ
Մայիսի 14-ին Լաս Վեգասում տեղի ունեցած «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել 25-ամյա Կարա Մաք Կալոուն Վաշինգտոնից։ Ուշագրավ է, որ Կարան միայն գեղեցկությամբ չէ, որ աչքի է ընկնում. նա գիտնական է եւ աշխատում է ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողվում որպես միջուկային ֆիզիկոս։ Նա նաեւ հիմնել է մի ծրագիր, որը դպրոցներում բարձրացնում է այս գիտության մասին տեղեկացվածությունը։ Նշենք, որ Կարան ծնվել է Իտալիայի Նեապոլ քաղաքում, այժմ ապրում է Վաշինգտոնում։ Նա ԱՄՆ-ի գեղեցկության մրցույթների պատմության մեջ դարձավ ոչ ամերիկյան ծագում ունեցող յոթերորդ հաղթողը։