ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ԴԵՊՐԵՍԻԱ ԵՎ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարեւորագույն համարվող երկու ընտրություններն էլ արդեն անցյալում են: Արդյունքում՝ գործող իշխանությունը ոչ միայն անխոչընդոտ կերպով վերարտադրվեց, այլեւ էլ ավելի ամրապնդեց դիրքերը: Սակայն թե՛ խորհրդարանական եւ թե՛ Երեւանի ավագանու ընտրությունները փաստեցին, որ Հայաստանում տարեցտարի մեռնում է կլասիկ քաղաքականությունը՝ իր տեղը զիջելով բացահայտ եւ համատարած քաղաքական կոռուպցիային: Արդյո՞ք քաղաքական մշակույթի այսպիսի դեգրադացիան Հայաստանին չի տանում մեկուսացման. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ ժամանակի ընթացքում Հայաստանում ընտրությունները քաղաքական գործընթացից վերածվեցին ընդամենը փող աշխատելու ձեւի:
-Որովհետեւ Հայաստանում խնդիրը շատ ավելի խորքային է: Քաղաքականությունն ամենամեծ բիզնեսն է դարձել Հայաստանում, եւ կարող ես ուղղակի ոչինչ չանել, ոչինչ չարտադրել, ունենալ պաշտոն եւ այդ պաշտոնի հաշվին կուտակել անսահման հարստություն: Շատ դեպքերում դա արվում է ուղղակի պետական բյուջեն յուրացնելով, շատ դեպքերում՝ պետական հովանավորչությունն օգտագործելով: Ես հիշում եմ, որ այս վերջին ընտրություններին՝ ապրիլի 2-ին, Քանաքեռ-Զեյթունում խանութի մի աշխատակից բավականին լավ կամերաների առջեւ ձեւակերպեց, որ վերեւից ներքեւ կոռումպացված են, որ վերեւից վերցնում են, ես ինչի չպետք է վերցնեմ: Այսինքն՝ դա տոտալ դարձել է մտածողություն, վարքագիծ: Տարիներ առաջ մի խոսակցություն, ականջովս ընկավ, երկու կանայք մեկը մյուսի հետ զրուցելով՝ ասում էին՝ ամուսինս անցած ընտրություններին խալի առավ, այս մի ընտրությանը փոշեկուլ կառնենք: Հասկացա, որ բոլորի համար ուղղակի դա փող աշխատելու ձեւ է, այսպես գեղեցիկ հեքիաթ են հորինել բոլորը, որ իրենցից ոչինչ կախված չէ: Փորձում են իրենք էլ իրենց խաբել եւ հավատալ այդ հեքիաթին եւ նաեւ այդպես լեգենդ են դարձրել, որ պետք է մի տասը հոգի գան, ազատեն իրենց ամեն ինչից, հետեւաբար քանի դեռ այդ 10 հոգին չկան, իրենք պետք է ապրեն, այս խաղի շրջանակներում իրենք էլ իրենց փայը փախցնեն: Եվ արդյունքում՝ ոչ մի ծրագիր, ոչ մի գաղափարախոսություն, եւ Դուք տեսաք, այսպես ասենք, քաղաքական գործիչները, բառիս բուն իմաստով, ջախջախիչ պարտություն կրեցին ոչ քաղաքական գործիչներից: Հաղթեց փողը, ահա այդպես:
-Բայց տարիներ առաջ ընտրակաշառք երեւույթի տարածվածութունն ու մասշտաբներն ավելի փոքր էին, այդպես չէ՞:
-Մասշտաբները հիմա գնալով ավելի են մեծանում, հասարակության ավելի լայն շերտեր են ներգրավվում դրանում:
-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Աճի խնդիրը պայմանավորված է նրանով, որ չվերցնողներն են արդեն հուսալքությունից թողնում Հայաստանը եւ գնում: Հենց դրա համար մենք ունենում ենք վերին աստիճանի մասսայական պատկերը, հավատացնում եմ Ձեզ, որ մեկնողների ճնշող մեծամասնությունը ազնիվ մարդիկ են, ովքեր ուղղակի խեղդվում են այս մթնոլորտում, եւ, բնականաբար, նրանց թիվը պակասում է, իսկ կաշառքով ընտրողների թիվը մեծ է:
-Կարո՞ղ ենք հետեւություն անել, որ Հայաստանում վերացել է կլասիկ քաղաքականությունը:
-Այո՛, քաղաքականությանը սպանել են:
-Մի՞թե քաղաքական այսպիսի մշակույթը Հայաստանին չի տանում մեկուսացման:
-Սա տանում է Հայաստանի փլուզման, ոչ թե մեկուսացման, որովհետեւ անծրագիր, անգաղափար, անտեսլական… գիտեք, սա նման է, որ մեքենան չիմանա, թե ուր է գնում, մեքենանան չունենա ա եւ բ կետ, եւ մեքենան չիմանա, թե ինչպես է ա-ից բ կետ հասնելու: Իսկ սա նշանակում է, որ ուղղակի մեքենան, ի վերջո, դեգերելու է:
-Իսկ հնարավո՞ր է ստեղծված ճահճից դուրս գալ:
-Ես երբեք կյանքում ոչինչ անհնար չեմ համարել, բայց, ցավոք սրտի, այս պահին այդպիսի նախանշաններ չեմ տեսնում, այդպիսի առողջացման միտումներ, ձայներ, կոչեր չկան ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ներսում: Ընդդիմության ներսում տոտալ դեպրեսիա է, հասարակության մեջ տոտալ հիասթափություն, իշխանության մոտ տոտալ բավարարվածություն: Ի վերջո, իշխանության բոլոր մակարդակներում, այսպես ասած, անցավ, անկորուստ, անպրոբլեմ վերարտադրություն է: Բայց այս ամբողջը նման է նրան, երբ տան տակն անընդմեջ ջուր է լցվում, եւ շենքը միառժամանակ բոլորի աչքի առջեւ կանգուն մնալուց հետո մեկեն, միանգամից փլուզվում է:

 

 

 

ՀՅԴ-Ն ՉԱՋԱԿՑԵ՞Ց, ԹԵ՞ ՀՀԿ-ՈՒՄ ԼԱՎ ՉԱՇԽԱՏԵՑԻՆ

Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը հայտարարեց, որ թեեւ չի մասնակցում ավագանու ընտրություններին, բայց սատարելու է իր կոալիցիոն գործընկերոջը: Նկատենք, որ եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին Երեւանում հաջողվել էր հավաքել 241 հազար 82 քվե, ապա այս անգամ այդ թիվը նվազեց ավեի քան հազարով, եւ սա այն դեպքում, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Երեւանում ավելի քան 24 հազար ձայն հավաքած Դաշնակցությունը սատարում էր ՀՀԿ-ին: Դաշնակցությունը, այնուամենայնիվ, պատշաճ կերպով չի՞ աջակցել իր գործընկերոջը, թե՞ ՀՀԿ-ում լավ չեն աշխատել. այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել երկու ուժերի ներկայացուցիչներից:

Գագիկ Մինասյան. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ
-Պարո՛ն Մինասյան, որպես Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատասխանեք, խնդրում եմ, ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 14-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Երեւանում ավելի քիչ ձայն հավաքեց, քան խորհրդարանական ընտրություններում:
-Կարծում եմ, որ Դուք սխալ եք:
-Ամենեւին չեմ սխալվում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւանում ՀՀԿ-ի օգտին քվեարկել էր 241 հազար 82 մարդ, իսկ ավագանու ընտրություններում շուրջ հազար ձայն պակաս եք ստացել:
-Դուք պետք է տեսնեք, թե քանի ձայնի մեջ է հազարով պակաս: Դուք պետք է վերցնեք այդ թիվը եւ համադրեք մասնակիցների թվի հետ:
-Բայց Երեւանի ավագանու նախընտրական շրջանում Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն հայտարարել էր, որ աջակցելու է ՀՀԿ-ին: Ենթադրվում էր, որ պետք է ավելի շատ ձայն հավաքեիք, այդպես չէ՞:
-Ի՞նչ է նշանակում՝ աջակցում էր:
-Այսինքն՝ առնվազն իր թիմակիցներին պետք է հորդորեր քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
-Զուտ թվաբանական բաները շատ դժվար է պատկերացնել, որ ուղղակիորեն պետք է ազդեն, հազար ու մի բան կա, մարդիկ ինչու են գալիս ընտրություններին, չես կարող ասել՝ դրանցից որ մեկն ինչ չափով է ազդել:
-Այնուամենայնիվ, Դուք զգացե՞լ եք Ձեր կոալիցիոն գործընկերոջ աջակցությունը:
-Ես այդպիսի հետազոտություն չեմ կատարել:

Աղվան Վարդանյան. ՀՅԴ բյուրոյի անդամ
-Պարո՛ն Վարդանյան, Դուք հայտարարել էիք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ աջակցելու եք ՀՀԿ-ին: Բայց արդյունքում ստացվեց այնպես, որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն Երեւանում ավելի քիչ թվով ձայներ հավաքեց, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչո՞վ եք սա պայմանավորում՝ Դո՞ւք լավ չեք աջակցել, թե՞ ՀՀԿ-ն լավ չի աշխատել:
-Հանրապետականը հավաքել է այնքան ձայն, ինչքան հավաքել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
-Բայց միթե չպետք է ավելի շատ ձայն հավաքեր, քանի որ այս անգամ Դուք աջակցում էիք իրենց:
-Ես հեռախոսով տեսակետ չեմ արտահայտում, այդ մի հարցին էլ չեմ պատասխանում:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԾՐԱԳՐԵՐԻ «ԳՈՂԸ»
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «նոր քաղաքականություն» է բանեցնում. նա համակարգի բոլոր ձեռքբերումները վերագրում է իրեն: Այդ կերպ թերեւս փորձում է իշխանության վերին օղակների եւ հասարակության աչքին թոզ փչել, իբր զբաղված է պաշտոնական պարտականությունների կատարմամբ: Ասատրյանը, որ լուծել է իր հետագա պաշտոնավարման 1 տարվա հարցը, վերջին շրջանում իրեն է վերագրում հատկապես իր երիտասարդ փոխնախարարներից մեկի` Աշոտ Մարգարյանի ոլորտային ձեռքբերումները: Խոսքը, օրինակ, տրանսֆորմացիոն քաղաքականության վերաբերյալ պիլոտային ծրագրի մասին է, որը պետք է իրականացվի Լոռու մարզում, եւ հեղինակը նույն Աշոտ Մարգարյանն է: Այս ծրագրով 2017 թվականին նախատեսվում է մի շարք գիշերօթիկ դպրոցներ վերակազմավորել ցերեկային խնամքի կենտրոնների: Ծրագրով նախատեսված է նաեւ նման կենտրոններ կստեղծվեն Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում: Սակայն այս ամենը տեսախցիկների առջեւ նախարար Արտեմ Ասատրյանը փորձում է մատուցել իբրեւ սեփական նախաձեռնություն: Նախարարությունում արդեն հումորով են մեջբերումներ անում՝ ասելով, թե հարկի հավաքարարի մաքրության ձեռքբերումներն էլ շուտով տեսախցիկների մոտ նախարար Ասատրյանը կվերագրի իրեն՝ մաքուր հատակն ու սանհանգույցը ներկայացնելով որպես իր աշխատանքի արդյունք:

 

 
ՍՆԱՆԿԱՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 5-ի վճռով սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը, իսկ պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է հունիսի 22-ին: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց Արագած Ախոյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է սնանկացման պատճառը: «Նման բան չկա: Ես չգիտեմ, թե դա ինչ է: Ինչպես միշտ, սա էլ հերթական բաներից մեկն է, որից նույնիսկ տեղյակ չեմ: Գուցե երաշխավոր եմ եղել որեւէ մեկի համար, դա է պատճառը: Բայց դա կարող է բողոքարկման փուլում լինել: Կամ Ձեզ ինչ՝ ես պարտք ունեմ, թե ոչ, դա իմ անձնական խնդիրն է: Ես, ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի, ունի բազմաթիվ հարաբերություններ տարբեր մարդկանց հետ: Հիմա ի՞նչ, ես էլ ասե՞մ, թե ինձ ինչքան են պարտք»,- ասաց նա:

 

 

ՉԵՆ ՄԻԱՆԱ
Ինչպես հայտնի է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ պետք է սկսել ազգային դիմադրության շարժում՝ գործող իշխանությանը տապալելու համար ու դրան միանալու կոչ արել է նաեւ սփյուռքի ներկայացուցիչներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՌԱԿ կենտրոնական վարչության ատենադպիր-քարտուղար Սեւակ Հակոբյանը, սակայն, ասաց, որ իրենք չեն միանա. «Պատճառը պարզ է: Մենք կը հաւատանք, որ ընկերային, թէ քաղաքական որեւէ փոփոխութեան միտող աշխատանք կամ քաղաքացիական շարժում առողջ կը համարուի, երբ այն կու գայ ներսէն»:




Լրահոս