Վաղը՝ մայիսի 18-ին, գումարվելու է վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Ինչպես հայտնի է՝ վեցերորդ գումարման խորհրդարանն աշխատելու է ԱԺ նոր կանոնակարգով, որն էականորեն տարբերվում է նախկինից: Նախ ներկայացնենք, թե ինչ է սպասվում նիստի առաջին օրը, ապա կանդրադառնանք նոր կանոնակարգ օրենքի հետաքրքիր կետերին:
Վաղն առաջին նիստը վարելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը (ՀՀԿ), ով ամենաավագ պատգամավորն է: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվելու են այսպիսի բովանդակությամբ. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողը ՀՀ Ազգային ժողով ձեւավորելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես կհայտարարի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ կներկայացնի պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները կգրանցվեն:
Առաջին նիստի օրակարգում ընդգրկված են լինելու հետեւյալ հարցերը.
Հաշվիչ հանձնաժողովի ստեղծում,
ԱԺ նախագահի ընտրություն,
ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ,
Մշտական հանձնաժողովների ստեղծում,
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը: Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ: Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:
Ինչպես արդեն նշեցինք, նոր կանոնակարգ-օրենքով էական փոփոխություններ են եղել, որից մեկն էլ ԱԺ փոխնախագահների քանակի փոփոխությունն է: Այս խորհրդարանում կլինեն ԱԺ նախագահի երեք տեղակալներ, որից մեկն էլ կլինի ընդդիմության ներկայացուցիչ: Այս խորհրդարանում գործելու է խորհուրդ, որը կազմված է լինելու ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհրդի լիազորություններից մեկն էլ ԱԺ հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումն է: Խորհրդի նիստերը լինելու են հրապարակային, եւ, որպես կանոն, հրավիրվելու են Ազգային ժողովի հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը:
Տեղեկացնենք, ԱԺ նոր կանոնակարգով Ազգային ժողովի հերթական նստաշրջանները տեղի կունենան երկու շաբաթը մեկ անգամ եւ կմեկնարկեն ժամը 10:00-ին: Հերթական նիստերը կլինեն քառօրյա, սակայն, ի տարբերություն գործող կանոնակարգի, հերթական նիստերը կմեկնարկեն երեքշաբթի օրը: Հերթական նիստի մեկնարկին նախորդող երկուշաբթի օրերը կհատկացվեն Ազգային ժողովի խորհրդի նիստերի գումարմանը, որի ընթացքում կհաստատվի քառօրյա նիստի օրակարգը: Սահմանվում է, որ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հայցով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես նաեւ՝ պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը:
Նոր կանոնակարգով հետաքրքիր դրույթ է ամրագրվել պատգամավորի պարտականությունների շարքում: Մասնավորապես օրենքով սահմանված է, որ պատգամավորը պարտավոր է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն: Պատգամավորը պարտավոր է նաեւ ընդգրկվել առնվազն մեկ մշտական հանձնաժողովի կազմում, մասնակցել ազգային ժողովի, ինչպես նաեւ իր անդամակցած հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի նիստերին, մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին, պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները: Նոր կանոնակարգով ընդլայնվում են նաեւ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները: Ազգային ժողովի նախագահը հանդիսանում է նաեւ նոր ձեւավորվելիք մարմնի՝ Ազգային ժողովի խորհրդի նախագահը:
Նշենք, որ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրել վարչապետի թեկնածու, կարգապահական պատասխանատվության ենթարկել իր անդամներին. ընդհուպ հեռացնել խմբակցությունից: Նոր կանոնակարգով խմբակցությունները Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում պետք է նիստեր գումարեն եւ քննարկեն օրակարգային հարցեր, ինչպես նաեւ գալիք նիստերի ընթացքում քննարկվելիք հարցերը: Նոր կանոնակարգով նաեւ սահմանվում է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, որը նրան լիազորել է տվյալ հանձնաժողովում ներկայացնել խմբակցության շահերը:
Հավելենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը ուժի մեջ կմտնի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, սակայն կան նաեւ որոշ անցումային դրույթներ: Անցումային դրույթները վերաբերում են ՀՀ նախագահի ընտրությանը, որն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր եւ ոչ ուշ, քան քառասուն օր առաջ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՍՈՒՄ Է՝ ԱՃՈՒՄ Է
Վարչապետը Կարեն Կարապետյանը երեկ իր սոցիալական կայքէջում հրապարակել է մի աղյուսակ եւ դրանով անդրադարձել ներմուծման եւ արտահանման ցուցանիշներին. «2017թ. առաջին եռամսյակի տվյալներով` արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին: Ներմուծող երկրից պետք է վերափոխվենք արտահանող երկրի»,-գրել է վարչապետը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված ապրանքների ներմուծման ցուցանիշի աճը. «Արտահանումը 2017 թվականին, եթե վիճակագրության թվերը վերցնեք առաջին եռամսյակի համար հրապարակված, ինքներդ կհամոզվեք, որ նախորդ տարվա համեմատ աճ է արձանագրվել, իսկ ներմուծումն էլ աճում է, որովհետեւ կարող է պայմանավորված լինել կապիտալ բնույթի ապրանքների ներմուծմամբ»,- ասաց նախարարը՝ հավաստիացնելով, որ գնալով արտահանումը շարունակում է աճել: Միայն թե, նկատենք, չնայած արտահանման աճի ցուցանիշներին, միեւնույն է՝ ներկրման ցուցանիշները շատ ավելի են:
ԴԱՀԿ-ԻՑ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից աղմկահարույց չարաշահումների գործով բացահայտումները շարունակվում են: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզի բաժնի հաշվապահը:
Ինչպես նկատում ենք՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի պաշտոնանկությունից հետո ԴԱՀԿ ծառայությունում աշխատած պաշտոնատար անձինք մեկը մյուսի հետեւից կա՛մ լքում են պաշտոնը, կա՛մ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Արմեն Խաչատրյանը 2009-2016թ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզի բաժնի հաշվապահը, 2015թ. հունվարի 22-ից մինչեւ 2016թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ՀՀ կառավարության որոշումը՝ կապված դրամարկղային գործառնությունների իրականացման կարգի հետ, յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 18 միլիոն 57 հազար 344 դրամը:
Այս արարքի համար Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` յուրացնելը, ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Նշենք, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Եւ, ընդհանրապես, վերջին շրջանում շատ են ԴԱՀԿ աշխատակիցների կողմից տարաբնույթ չարաշահումների մասին բացահայտումները:
ԱՌԱՆՑ ՕՐԱԿԱՐԳ
Չնայած վաղը կայանալու է կառավարության հերթական նիստը, սակայն վերջինիս օրակարգը դեռեւս հրապարակված չէ: Թեեւ պատճառը պարզ է. մայիսի 18-ին լինելու է նոր գումարման ԱԺ-ի առաջին նիստը, որից հետո կառավարությունը Սահմանադրության համաձայն՝ պետք է հրաժարական տա, եւ ձեւավորվի նորը: Ու հիմա հինգշաբթի օրը սպասվում է Կարեն Կարապետյանի կառավարության հրաժարականը:
ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ
«Հայ ազգային կոնգրեսը» կիրակի օրը Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականացված գործողությունը որակել է բարբարոսություն. «Դա բարբարոսություն էր, դա անբարոյականություն էր, դա ստորություն էր եւ ապօրինություն ոստիկանության կողմից: Դատապարտելի է… Անգամ եթե պատգամավորական ստատուս չունենար Զարուհի Փոստանջյանը, իր նկատմամբ կատարվածը ապօրինություն է: Բայց նաեւ ուներ պատգամավորական ստատուս եւ ունի դեռ մի քանի օր էլ: Եվ ոստիկանությունը ընդհանրապես որեւէ իրավունք չուներ խախտելու այդ պատգամավորական անձեռնմխելիությունը եւ նման բռնություն կիրառել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ», -«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
ԿԱՍԻ, ԿԻՄԱՆԱՔ
Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանն «Ազատությանը» վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովում կոճակ սեղմող օրենսդիրներից չի լինելու: Նա անգամ ասել է, թե արդեն որոշել է՝ որն է լինելու խորհրդարանում իր բարձրացնելիք առաջին հարցը։ «Կասեմ, կիմանաք: Հոգեւորի հետ է կապված: Անպայման կհնչեցնեմ»: 13 տարի Գյումրին ղեկավարած Ղուկասյանը նշել է, որ քաղաքում առաջնայինը բնակարանային ֆոնդը համալրելն ու աշխատատեղ ստեղծելն է: «Քաղաքը անգիր գիտեցող մարդկանցից մեկն եմ: Եթե հիմա Սլաբոդկա թաղամասը, որտեղ ես ծնվել-մեծացել եմ, եւ քաղաքի կենտրոնական հատվածում է գտնվում, ամեն երկրորդ տունը դատարկվում է: Պետք է ազատ տնտեսական գոտի, աշխատատեղերի ստեղծում»:
ԱՅԼԵՎՍ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉԷ
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական է տվել իր ներկայիս պաշտոնից պատգամավորական գործունեության անցնելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Վայր եմ դնում քաղաքապետի՝ անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս եւ պետությանս ծառայելու համար: Վայր եմ դնում լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ օգտագործելու եմ նոր լիազորություններս՝ արդեն ոչ միայն Արտաշատի, այլեւ մեր Արարատի մարզի եւ Հայաստանի առջեւ կուտակված խնդիրները լուծելու համար»: