ԱԺ վերջին ընտրությունների նախընտրական սկանդալներից մեկը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր: Իշխանություններն այս քայլով հոգացել էին, որ ոչ միայն մեկուսացվի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի փաստացի համակարգողը, ըստ այդմ, չեզոքացվի հետընտրական զարգացումների հավանականությունը, այլեւ դաշինքի ներսում անվստահության ու կասկածի մթնոլորտ սերմանվի:
Հիշո՞ւմ եք` մարտի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց հայ-վրացական սահմանով «Իգլա» հակահրթիռային համակարգի մասերի` մաքսանենգ ճանապարհով ներմուծման դեպքի բացահայտման մասին: ԱԱԾ-ում այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նույն օրը ձերբակալվեց նաեւ Սամվել Բաբայանը, որին հիմա մեղադրանք են առաջադրել զենքի ապօրինի տեղափոխումը պատվիրելու եւ կազմակերպելու համար:
Բայց այս պատմության մեջ ուշագրավը մեկ այլ հանգամանք է. կատարվածը բացահայտելու մեջ իրենց դերակատրություն էին ունեցել ոչ միայն ԱԱԾ, այլեւ ՊԵԿ համապատասխան օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի աշխատակիցները:
Իսկ այդ բաժնի պետի պաշտոնն այս տարվա փետրվարից զբաղեցնում է Արմեն Ալեքսանյանը` հայտնի ազատամարտիկ, ազգային անվտանգության գնդապետ Արթուր Ալեքսանյանի` Ամարասի Արթուրի որդին: Ինտրիգն էլ հենց այստեղ է. Ամարասի Արթուրը Սամվել Բաբայանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի թիմակիցներից էր: Սեյրան Օհանյանն ու Արթուր Ալեքսանյանը քավորսանիկական հարաբերություններ ունեն: Ավելին՝ Ալեքսանյանը ղեկավարում է «Միացյալ Հայաստան» նախաձեռնությունը եւ դեռ 2016թ. տարեվերջից հայտարարել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սեյրան Օհանյանի կողքին կանգնելու, նրա գլխավորած ՕՐՕ դաշինքի օգտին աշխատելու մասին: Ա. Ալեքսանյանը նաեւ ներկա էր գտնվել Օհանյանի կազմակերպած նախընտրական համաժողովին եւ նման այլ միջոցառումների: Զարմանալի զուգադիպությամբ նրա որդին ՊԵԿ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետի պաշտոնը ստացավ այն բանից հետո, երբ Արթուր Ալեքսանյանը հայտարարեց Օհանյանին սատարելու մասին: Միաժամանակ զարմանալի զուգադիպությամբ «Իգլայի» ներմուծման պատմությունը բացահայտվեց, ու Սամվել Բաբայանը ձերբակալվեց հենց Ալեքսանյանի որդու` ՊԵԿ-ում պաշտոն ստանալուց հետո:
Կատարվածը, իհարկե, չէր կարող որոշակի հետեւանքներ չթողնել ՕՐՕ դաշինքի ներսում, հատկապես, Սեյրան Օհանյանի ու Սամվել Բաբայանի թիմակիցների մոտ, ու անվստահության մթնոլորտ չձեւավորվեր: Այնպես որ, այս առումով Սերժ Սարգսյանը բավական «նուրբ» գործեց` նրանց մեջ գցելով կասկածի որդը: Ի վերջո, ինքներդ եք հասկանում` «Իգլայի» տեղափոխման ողջ գործընթացը մեկ օրվա մեջ չկազմակերպվեց, եւ ԱԱԾ-ն տեւական ժամանակ հետեւել է այս ամենին: Եւ երբ արդեն զենքի տեղափոխման հարցը որոշված է եղել, ՊԵԿ-ում տեղի ունեցավ այս նշանակումը, որպեսզի ձերբակալությունը հետո հենց Ալեքսանյանի վրա «մնա»` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Այս ամենի համատեքստում մեկ այլ ուշագրավ փաստ. ՊԵԿ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժինն ընդգրկված է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կազմում: Իսկ աղմկահարույց այդ իրադարձությունների ժամանակ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը ժամանակավորապես թափուր էր: Սամվել Սանամյանը դուրս էր եկել համակարգից, ընդ որում, նա այդ պաշտոնից հրաժարվեց Սերժ Սարգսյանի կողմից գեներալ-մայորի կոչում ստանալուց մի քանի օր անց: Համակարգը լքելու իրական պատճառն այլ էր. ՀՀ ԸՕ 82-րդ հոդվածն արգելում է մի շարք պետական գերատեսչությունների, այդ թվում` մաքսային ծառայության աշխատակիցներին առաջադրել իրենց թեկնածությունը, եւ քանի որ Սանամյանին հանձնարարված էր ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվել Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում, նա հեռացավ յուղոտ պաշտոնից՝ նշանակվելով վարչապետի խորհրդական: Բայց Սանամյանը հեռացավ ժամանակավորապես. ԱԺ ընտրություններից հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից (մերձավոր շրջապատում ասել էր, թե խորհրդարանը թոշակառուների ու անբանների տեղ է) ու մայիսի 4-ից կրկին նշանակվեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ: Սա էլ՝ իմիջիայլոց:
Չէ՞ որ այդպես հիմք է ստեղծվել արդարանալու, թե վարչության պետի բացակայության դեպքում որքան էլ ոլորտը համակարգեն ժամանակավոր պաշտոնակատարները (թեեւ այդպիսին չնշանակվեց) կառույցը նորմալ չի գործել, հետեւաբար աչքաթող են արել «Իգլա»-ի ներմուծումը, ու վերջում սրա պատասխանատվությունը կարող են գցել նաեւ ՊԵԿ օպերատիվ հետախուզական բաժնի պետի վրա: Ինչ-ինչ, բայց Սերժ Սարգսյանը ներպալատական խարդավանքների հարցում մրցակից չունի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Իսկ մեր հանրապետության մյուս` երբեմնի արդյունաբերական հսկան` Հրազդանի ցեմենտի գործարանը, այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ ու տուրք ընդհանրապես չի վճարել:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկից: Այսպես՝ «Արարատցեմենտ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 154 մլն 464 հազար 800 դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա նշված ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 305 մլն 183 հազար 800 դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 150 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
Իսկ ահա Կոտայքի մարզում գտնվող «Հրազդան» ցեմենտի գործարանը ո՛չ այս տարվա եւ ո՛չ էլ անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջե հարկ չի վճարել: Բայց անցած տարվա 4-րդ եռամսյակում Հրազդանի ցեմենտի գործարանը պետբյուջե վճարել է 184 մլն 686 հազար 400 դրամ հարկ: Պատճառն այն է, որ գործարանը այս տարի չի աշխատել, իսկ անցած տարվա ընթացքում ցեմենտ արտադրել է որոշակի դադարներով: Ի դեպ, տեղեկացնենք, որ տեւական ժամանակ է, ինչ բանակցություններ են ընթանում «Հայբիզնեսբանկը»-ի կողմից ցեմենտի գործարանը ձեռք բերելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է` գործարանն այժմ գտնվում է «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակայության տակ: Սակայն ըստ մասնագետների` ցեմենտի գործարանների կողմից պետբյուջե վճարվող հարկերի նվազեցումը պայմանավորված է Հայաստանում շինարարության ծավալների անկումով: Իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն` շինարարության ծավալները այս տարվա առաջին եռամսյակում նվազել են 13.6 տոկոսով: Ի դեպ, նվազել են նաեւ շինարարության ոլորտում կիրառվող շինանյութի արտադրության ծավալները, մասնավորապես ցեմենտինը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրում այս տարվա առաջին եռամսյակում ցեմենտի արտադրության ծավալները 40.2 տոկոսով նվազել են: Ինչը ոչ միայն «Հրազդան» ցեմենտի գործարանի չաշխատելու արդյունքն է, այլեւ բնակչության թվաքանակի նվազման:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲԱՐՁՐԱՑԵԼ Է «ՄԻՄԻՆՈՅԻ» ՎՐԱ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում շարունակվում է Արթուր Աղաջանյանի դատավարությունը: Նա 2017 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ալկոհոլային վիճակում, սրճելու եւ գարեջուր խմելու նպատակով իր ընկերներ Մխիթար Սիմոնյանի, Ջանիկ Բաբաջանյանի, Մխիթար Մանուչարյանի հետ գնացել է Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 52 հասցեում գտնվող «Միմինո» սրճարան, որտեղ կազմակերպված խնջույքի պատճառով սրճարանի աշխատողներն արգելել են նրանց մուտքը սրճարան: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ դրանից հետո Արթուր Աղաջանյանը, նրանց հակադրվելու եւ իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իր վարած «ՎԱԶ 2021» մակնիշի ավտոմեքենայով մտել է սրճարանի դիմացի փայտյա ցանկապատից ներս, բարձրացել սրճարանի բետոնե աստիճանահարթակին` դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը: Ա. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը մինչեւ 50 հազար դրամ տուգանք կամ մինչեւ մեկ ամիս կալանք: Ա. Աղաջանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Բնության հատուկ պահպանվող տարածք համարվող, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում գտնվող «Դիլիջանի ազգային պարկում» ծառերի անօրինական հատումները շարունակվում են: Օրերս ազգային պարկի Հաղարծին տեղամասի տարածքում մեծ թվով ծառերի հատումներ են արվել: Բենզասղոցի միջոցով ծառեր են հատվել դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի կողքին եւ այդ տեղամասի այլ հատվածներում: Օրինախախտները կատարածի հետքերը թաքցնելու նպատակով իրենց կտրած ծառերի բները քողարկում են հողով, տերեւներով, ճյուղերով՝ ծառերի բները սեւացնելով ավտոմեքենայի վառած յուղով: Թեղուտի բնակիչներից տեղեկացանք, որ շինափայտ ստանալու նպատակով Հաղարծին տեղամասում հատվում են լորենի, կաղնի եւ հաճարենի տեսակի ծառեր: Փայտի գործը շատ տարածված է Հաղարծին, Թեղուտ գյուղերի բնակիչների շրջանում: Դա տեղացիների համար մեծ եկամուտ ստանալու միջոց է: Բնական է, որ առանց «Դիլիջանի ազգային պարկի» աշխատողների գիտության բնության հատուկ պահպանվող տարածքում նման ծավալի անտառահատումներ չէին կատարվի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ