ՆՈՐ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նոր նախագահը լինելու է ՀՀԿ-ական, մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանը. երեկ նման որոշում է կայացվել ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերում: ՀՀԿ-ից են լինելու նաեւ ԱԺ փոխնախագահներից երկուսը. այդ պաշտոններում իշխող կուսակցությունն առաջադրելու է Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին, իսկ խորհրդարանի փոխխոսնակի՝ ընդդիմությանը բաժին հասնող աթոռը տրվելու է ԲՀԿ-ին. այս կուսակցությունն էլ երեկ որոշել է առաջադրել Միքայել Մելքումյանին:
ԱԺ նախագահի պաշտոնում Բաբլոյանի առաջադրումն իրականում անակնկալ էր. նրա անունը չէր շրջանառվում հավանական թեկնածուների շարքում, եւ ընդհանրապես, Բաբլոյանը չի համարվում քաղաքական կերպար, թեեւ 1991-97թթ. եղել է առողջապահության նախարար: Բաբլոյանն առանձնապես չի ասոցացվել նաեւ ՀՀԿ-ի հետ, թեեւ այս ընտրություններում ՀՀԿ ցուցակի չորրորդ համարն էր: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Արա Բաբլոյանը վարկաբեկված անձ չէ, ապա նրա թեկնածության առաջադրումը միանգամայն նորմալ կարելի է համարել: Բայց մյուս կողմից նրա թեկնածությունը տարօրինակ է, քանի որ Բաբլոյանը, բացի ապաքաղաքական մարդ լինելուց, նաեւ տարիքով է. նա 70 տարեկան է, մեկ տարով ավելի մեծ, քան Գալուստ Սահակյանը: Այնպես որ, ՀՀԿ պնդումները, թե իրենք ԱԺ են բերել թարմ դեմքերի, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը:
Բայց մյուս կողմից, մեր աղբյուրների պնդմամբ, ե՛ւ ապագա կառավարությունը, ե՛ւ նոր խորհրդարանի ղեկավարությունը լինելու են ժամանակավոր: Իշխանության հիմնական կազմը կձեւավորվի 2018թ. ապրիլից, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, եւ նա, հավանաբար որպես նոր վարչապետ, ձեւավորի իր թիմը: Սպասվում է, որ այսօր նոր ԱԺ-ի կազմավորումից ու առաջին նիստից հետո հրաժարական կտա կառավարությունը: Վարչապետի պաշտոնում նորից նշանակվելու է Կարեն Կարապետյանը, եւ նրա հրամանագիրը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, լինելու է շատ օպերատիվ՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Հ. Գ. Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական կառավարման համակարգին անցած մեր երկրում խորհրդարանի ղեկավար կազմը (բժշկի նախագահությամբ) հայտնի դարձավ մայիսի 17-ին: Հիշեցնենք, որ 1990թ. մայիսի 17-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանեց նույնասեռականությունը հոգեկան հիվանդությունների ցանկից, եւ այդ օրը հայտարարվեց հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստից ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ինչպես հայտնի է՝ այդ նիստին ներկա են եղել նորընտիր պատգամավորները, այդ թվում՝ ժամանակին ինքնաբացարկի դիմում գրած, բայց ԿԸՀ-ում այդ դիմումից հրաժարված յոթ հոգին, բացի «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանից, որ հետընտրական սկանդալից հետո լքել է Հայաստանը: Նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր դեմ ըմբոստացած պատգամավորներին ասել է, որ նրանք, այնուամենայնիվ, պատգամավորական լիազորությունները վայր դնելու դիմումները պետք է այսօր ներկայացնեն, բայց ոչ թե ԱԺ նախագահին, այլ անձամբ իրեն, եւ այդ դիմումների հետագա ընթացքն ինքն է որոշելու: Ասել է, թե իր հետ պայմանավորվածություն ձեռք բերած, սակայն այդ պայմանավորվածության դեմ ըմբոստացածներին Ծառուկյանը շարունակում է պահել անորոշության մեջ: Ի դեպ, նիստի ժամանակ Ծառուկյանն ասել է. «Ինձ համար հետաքրքիր էր իմանալ՝ ինչ են ասում, ով է բզբզում»:

 

 
Այս տարվա ընթացքում կտրուկ ավելացել են հայկական զինված ուժերում մահվան դեպքերը, եւ այդ հանգամանքը լուրջ անհանգստություն է առաջացրել իրավապահ համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 26 մահվան դեպք, որից 10-ը եղել է հակառակորդի կրակոցի հետեւանքով, իսկ ահա 16-ը` ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, զինվորների միջեւ ներքին տարաձայնության, զենքի հետ կանոնները խախտելու եւ սպանության հետեւանքով: Նկատենք, որ այդ ժամանակահատվածի մի մասը ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զբաղված է եղել նախընտրական քարոզարշավով. հիշեցնենք, որ նախարարը գլխավորում էր ՀՀԿ համամասնական ցուցակը: Ու զինված ուժերում նման իրավիճակը նաեւ նախարարի բացակայության հետեւանք է: Եւ հիմա, ըստ մեր տեղեկությունների, ՊՆ-ում պարբերաբար մտահոգ խորհրդակցություններ են անցկացվում՝ իրավիճակի վերլուծություն անելու ու դեպքերի նախականխումը կազմակերպելու հաստատուն ձգտումով:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն` փորձելով իմանալ, թե Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում Հայաստանում որքա՞ն ներդրում է իրականացվել: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի պատասխանը, սակայն, ուշագրավ էր. 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում արված ներդրումների մասին ԱՎԾ-ն տեղեկությունները կհրապարակի մայիսին: Իսկ նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ըստ նրա, արվել է 100 690 մլրդ դրամի ներդրում: Նկատենք, սակայն, որ այս ցուցանիշը տարօրինակ է. ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. ողջ ընթացքում Հայաստանում կատարվել է 62 մլրդ 679.3 մլն դրամի ուղղակի ներդրում, իսկ միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 44 մլրդ 432.1 մլն դրամի ներդրում: Ասել է, թե վերջին եռամսյակում Կարեն Կարապետյանի պաշտոնավարման երեք ամիսներին իրականացվել է 18 մլրդ 247.2 մլն դրամի ուղղակի ներդրում (62 679.3-44 432.1=18 247.2): Մի խոսքով, շոուն կա, բիզնեսը դեռ չի ստացվում:

 

 

 
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին ծագած սկանդալը՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած ներդրողների ակումբի անդամ, քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի հետ, առիթ դարձավ, որպեսզի ի հայտ գան նոր խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ: Բանն այն է, որ ըստ չեխական մամուլի՝ Կառլովի Վարի քաղաքում օրեքով գողերի հավաքը ֆինանսավորած Թաթուլյանը՝ Ռոբսոնը, այդ երկիր է ուղեւորվել դիվանագիտական անձնագրով: Ավելին՝ պարզվում է՝ քրեական աշխարհի այս ներկայացուցիչը տեղաշարժվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տրամադրած 138 D 307 77 RUS համարանիշի ավտոմեքենայով: Այս կապակցությամբ EADaily-ն հրապարակել է Kavkazoved.info-ի հոդվածը Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի գործունեությունում առաջացած խնդիրների մասին: Ըստ պարբերականի՝ Տողանյանը բախվել է տարբեր կլանների ու քրեական խմբավորումների դիմադրությանը, երբ որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները: Կայքի ներկայացմամբ՝ ՀՀ դեսպանը փաստացի զինված դիմադրության է հանդիպել, ինչի արդյունքում ստիպված է եղել ընտանիքին որոշ ժամանակով Եվրոպա ուղարկել: Աղբյուրի փոխանցմամբ՝ բանը հասել է նրան, որ դեսպանատան շենքում անօրինական գործունեություն ծավալողներին հեռացնելու համար օգտագործվել են չեչենական մասնավոր թիկնազորային խմբեր: Տողանյանը մի քանի անգամ ստիպված է եղել գիշերով դեսպանատուն գնալ այդ վարձակալների հետ բանակցությունների համար:
ՀՀ նորանշանակ դեսպանը նաեւ չեղյալ է արել մի շարք քրեական խմբերին տրված դիվանագիտական համարանիշերը: Մասնավորապես վերջին մեկ ամսում մոտ 20 համարանիշեր են չեղյալ արվել: Բայց սա էլ դեռ ամենը չէ: «Կարգի բերելով հյուպատոսական հաստատությունները, որտեղ տարատեսակ գանձումները սովորական երեւույթ էին, պարզվել է, որ մինչեւ վերջերս մի շարք ռուսական քաղաքներում տեղական քրեական խմբավորումների հետ համագործակցությամբ հյուպատոսական ուղեկցման ծառայություններ են գործել»,- ասված է հրապարակման մեջ: Այսքանով սահմանափակելով Մոսկվայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը՝ նկատենք, որ այս հոդվածի հրապարակումից երկու օր է անցել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում: Անշուշտ, չի բացառվում, որ նշված տեղեկատվական աղբյուրը հավաստի չէ, որ դա ընդամենը սեւ քարոզչական հնարք է, սակայն Ռուբեն Թաթուլյանի հետ կապված չեխական մամուլում տեղ գտած արտահոսքերի ֆոնին ներկայացված տեղեկատվությունը առավել քան արժանահավատ է թվում: Բայց եթե անգամ դա այդպես էլ չէ, ՀՀ ԱԳՆ-ն պարզապես պարտավոր է արձագանքել կամ հերքել կայքի ներկայացրած տեղեկատվությունը, կամ էլ պարզաբանել, թե ինչպես է նման իրավիճակ ձեւավորվել ՀՀ համար առանցքային կարեւորություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունում:




Լրահոս