ՆԱԽԱՐԱՐԸ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՍՊԱՆՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հինգ ամիս է, ինչ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները չեն ստանում իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեցին հաշմանդամություն ունեցող մի շարք անձինք: Նրանց պատմելով՝ տարին արդեն կիսվում է, բայց իրենք դեռ չեն ստացել պրոթեզ կոշիկները, չուլկիները, գոտիները: Մինչդեռ նախորդ տարիներին ստանում էին տարեսկզբին: Հայաստանում հաշմանդամների խնդիրներով զբաղվող թիվ մեկ պաշտոնյան` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, թքած ունի հաշմանդամների խնդիրների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել հաշմանդամություն ունեցող մի շարք քաղաքացիներ եւ ներկայացրել իրենց խնդիրներն ու պահանջները: Նրանցից 70-ամյա Սպարտակ Սահակյանը, որը 2-րդ խմբի հաշմանդամ է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված պատմեց, որ ինքն արդեն հինգ ամիս է, ինչ չի ստացել իր հասանելիք պրոթեզ կոշիկը: Նա այս բարձիթողի վիճակի համար մեղադրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ կառավարությանը:
«Իրենք հաշմանդամների շահերը չեն պաշտպանում: Ես խոսում եմ իմ նման հազարավոր հաշմանդամների անունից, որոնք զրկված են ոտքից, թեւից… նրանց թվում եմ եւ ես: Ես պետք է պրոթեզ կոշիկ ստանամ, դրա պահանջն ունեմ, բայց դեռ չեմ ստացել: Ամեն տարի ստանում էինք տարեսկզբին` հունվար ամսին: Տարին կիսվում է, բայց անկոշիկ ենք մնացել: Նույնիսկ չգիտենք, թե ումից պետք է կոշիկ ստանանք կամ դրա համար ում դիմենք»,- հուսահատված նկատեց Սպարտակ Սահակյանը: Ի դեպ, մեզ դիմած քաղաքացին նշեց նաեւ, որ պրոթեզ կոշիկի հարցով ինքը դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից կոպիտ են խոսել եւ հստակ պատասխան չեն տվել:
«Զանգահարեցի նախարարություն, հեռախոսին պատասխանողը հաշմանդամների հարցերով զբաղվող մի տղամարդ էր, որը չներկայացավ: Փոխարենը ես ներկայացա եւ նշեցի իմ պահանջը. ասեցի, որ ունեմ պրոթեզի նորոգման լուրջ խնդիր, բայց այդ աշխատողի հեչ պետքը չէր, ասաց՝ 15 օր հետո կպատասխանեն: Ախպեր ջա՛ն, դու ուզում ես 15 օր հետո պատասխանել, բայց այդ ընթացքում ես պետք է պառկած մնամ անկողնո՞ւմ: Հետո ասաց, որ պրոթեզների, օրթեզների ձեռքբերման համար նախատեսված մրցույթը տեղի է ունեցել, հաղթողներ կան, ուղղակի այժմ դատական քաշքշուկների մեջ են: Ես հետաքրքրվեցի, թե ով է շահել, բայց այդ խուլիգանն ի պատասխան՝ ասաց, որ իբր ես ինչ-որ մեկի կողմից լիազորված անձ եմ, ու կախեց լսափողը: Ահա թե ինչպես են պաշտպանում հաշմանդամի շահերը կամ ինչպես են լսում նրանց հուզող խնդիրները: Ու նա աշխատավարձ ստանում է իմ ու հազարավոր մարդկանց վճարած հարկերի շնորհիվ: Իսկ նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հոգեբանորեն սպանում է»,- հուսահատված նկատեց Ս. Սահակյանը:
Իսկ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Մայիս Սահակյանի բողոքը կապված է թղթաբանական հարցերով քաշքշուկների հետ: Բացի այս՝ անհրաժեշտ պրոթեզներ ստանալու համար ինքը ստիպված է լինում Երեւանի մի ծայրից մյուս ծայրը տեղափոխվել:
«Մարդիկ հեռավոր մարզերից գալիս, հասնում են Երեւան, բայց մի ստորագրության կամ թղթի պատճառով հետ են ուղարկում: Մարդը հոգնած, բեզարած վերջին կոպեկը ծախսում է, հասնում Երեւան, որ ստանա իրեն հասանելիք ձեռնափայտը, մեջքի հենակը, պրոթեզ չուլկին, կոշիկը… Բայց պարզվում է, որ մեջքի հենակը Երեւանի մի հասցեից պետք է վերցնենք, մյուս անհրաժեշտ պարագան՝ մեկ այլ հասցեից, իսկ կոշիկն էլ քաղաքի մյուս ծայրից: Ո՞ր քաղաքակիրթ երկրում եք տեսել, որ հաշմանդամին քաղաքի մի ծայրից մյուս ծայրը ուղարկեն: Նույնիսկ տեղերը չգիտենք: Շատ դեպքերում ժամանակ ենք ծախսում՝ դրանց վայրերը գտնելու համար: Թող կենտրոնացնեն մի տեղ, կամ մի շենքից դուրս գանք, մյուսը մտնենք, թե չէ մեր էս վիճակին քաղաքի մի ծայրից մյուսը տեղափոխվելու դեպքում ե՛ւ մեր գրպանին ենք հարվածում, ե՛ւ մեր առողջությունն ենք է՛լ ավելի վատթարացնում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց հաշմանդամություն ունեցող մեկ այլ քաղաքացի:
Մեզ դիմած Մայիս Սահակյանը, անդրադառնալով թղթաբանական հարցերով քաշքշուկներին, տեղեկացրեց, որ ինքն իրեն անհրաժեշտ պրոթեզները, օրթեզները ստանալու համար Ստեփանավանից եկել է Երեւան, բայց ստիպված է կրկին հետ գնալ, քանի որ բացատրագիր է պետք: «Էսօր մի ստորագրության համար ինձ Երեւանից հետ են ուղարկում Ստեփանավան, հետո` Սպիտակ, որպեսզի այնտեղ համապատասխան մարդիկ թղթի վրա գրեն, որ ինձ պետք է հետեւյալ պրոթեզները` հենակ, չուլկի, կոշիկ: Այսինքն՝ ես այս պատռված կոշիկով պետք է նորից հետ գնամ, ճանապարհի գումար ծախսեմ ու գամ կրկին Երեւան: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը մի՞թե չի հասկանում, որ մարդիկ հազիվ են կարողանում երկու կոպեկ իրար վրա դնել, հաց գնել կամ ճանապարհածախս կազմել: Իսկ ժամանակին ճանապարհի ծախսը պետական բյուջեից էր տրամադրվում: Ախր ինչո՞ւ են ուզում հենց մեզանով փող աշխատել»,- վրդովվեց քաղաքացին:
«Ժողովուրդ»-ի հարցին` ինչո՞ւ մինչեւ հիմա մարդիկ չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները, «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության հաշվապահ Լեւոն Գրիգորյանն ասաց. «Դատական քաշքշուկների պատճառով մեր ընկերությունը չի աշխատում, հետեւաբար հաշմանդամն էլ չի սպասարկվում: Նախարարությունը այդ պրոթեզները, օրթեզները ձեռք բերելու նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է մեր ընկերությունը եւ «Սատար» ՀԿ-ն, հաղթող ճանաչվել էր «Սատար» ՀԿ-ն: Բայց մենք պարզեցինք, որ ՀԿ-ն իրավունք չունի մասնակցելու գնումների մրցույթին, ինչի պատճառով էլ բողոքարկեցինք արդյունքները: «Սատար» ՀԿ-ն էլ իր հերթին հայց ներկայացրեց դատարան, ինչի արդյունքում մենք հիմա գտնվում ենք դատական քաշքշուկների մեջ: Եւ, բնականաբար, նախարարությունը այժմ չի կարող պայմանագիր կնքել դատական քաշքշուկների մեջ գտնվող ընկերության հետ: Արդյունքում տուժում է հաշմանդամը»: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ այս դատական քաշքշուկը դեռ երկար կձգվի, ինչը նշանակում է, որ հաշմանդամների խնդիրը դեռ երկար չի լուծվի:
Հ. Գ. Տեսակետ է շրջանառվում, որ այս իրավիճակը ավելի շատ ձեռնտու է նախարար Արտեմ Ասատրյանին: Ինչպես հայտնի է` պրոթեզներն ու օրթեզները հաշմանդամներին հատկացվում են պետական բյուջեի հաշվին: Իսկ հիմա հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անճար քաղաքացիներ ստիպված են սեփական միջոցներով ձեռք բերել պրոթեզներն ու օրթեզները: Իրավիճակ, որ ձեռնտու է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նա տարեվերջին իրեն հատուկ լայն ժպիտով ու ցինիզմով գործադիրին կներկայացնի հերթական «ձեռքբերումը», թե իր ղեկավարած նախարարությունը բավականին կլորիկ գումար է խնայել: Մինչդեռ այդ տնտեսումը իրականացվելու է ճակատագրի բերումով հաշմանդամ դարձած մարդկանց հաշվին: Հուսանք՝ հաշմանդամների բարձրաձայնած խնդիրները արձագանք կստանան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս