«ՇԱՏ ԵՄ ԶՂՋՈՒՄ, ՈՐ ՄԵՐԺԵՑԻ ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ժանրային փոփոխություններ կատարելու, պլաստիկ վիրահատությունների դիմելու, ամուսնուն թաքցնելու եւ կորցրած հնարավորությունների մասին զրուցել է երգչուհի Սոնե Սիլվերի հետ։

-Սոնե՛, տեւական ժամանակ է՝ նոր գործ չեք ներկայացրել, ինչո՞ւ: Վերջին բուռն արձագանքը եղավ Ձեր ռուսալեզու երգի շուրջ։
-Այս պահին տատանվում եմ մի քանի երգերի միջեւ, ոճային փոփոխություն եմ ուզում անել, այդ պատճառով էլ չեմ կարողանում վերջնական ընտրություն կատարել եւ որեւէ գործ հանձնել հանդիսատեսի դատին։ Մինչ այժմ ներկայացել եմ հաուս, ֆանկ, դիսկո ժանրերում, այս անգամ կցանկանամ այլ ժանրում հանդես գալ։ Վերջերս Ձեր նշած ռուսալեզու երգը թողարկելուց հետո, օրինակ, հասկացա, որ այն, այսպես ասած, իմը չէ, չնայած որ արձագանքները դրական էին։ Հասկացա, որ չեմ կարող շարունակել ներկայանալ տվյալ ժանրում։
-Սոնե՛, վերջերս կայքերից մեկը Ձեզ համեմատել էր երգչուհի Գաբի Գալոյանի հետ, ներառել էր Ձեզ այն աստղերի ցուցակում, որոնք, դիմելով պլաստիկ վիրահատությունների, աստիճանաբար նմանվում են միմյանց՝ կորցնելով իրենց անհատականությունը։ Դուք իսկապես դիմե՞լ եք վիրահատական միջամտության։
-Տարիներ շարունակ այդ թեման քննարկվում է, չգիտեմ՝ ինչու է դա մարդկանց հետաքրքրում։ Երեւի պետք է մանկության տարիների նկարներ թողարկեմ, որ մարդիկ տեսնեն ու համոզվեն՝ ես որեւէ պլաստիկ վիրահատություն չեմ արել։ Ամեն դեպքում, նորմալ եմ վերաբերվում այդ խոսակցություններին։ Ուղղակի չեմ ուզում, որ ապատեղեկատվություն տարածվի։ Ախր ես նույնիսկ շուրթերի լիցք չեմ արել։ Ասում են, թե իբր այտոսկրերի շրջանում փոփոխություններ եմ արել։ Բայց չէ՞ որ դիմահարդարման շնորհիվ այսօր կարելի է ընդգծել դեմքի այն հատվածը, որը ցանկանում ես։
-Սոնե՛, մի փոքր էլ անձնականից խոսենք, այնպիսի տպավորություն է, որ Դուք հանրությունից թաքցնում եք Ձեր ամուսնուն, չեք պատմում նրա մասին, միասին լուսանկարներ չեք հրապարակում։
-Ոչ թե թաքցնում եմ, այլ պարզապես չեմ սիրում անձնական կյանքս հանրայնացնել, դա իմ ներկայացրած արվեստի հետ որեւէ կապ չունի։ Միայն կասեմ, որ ամուսինս իմ ոլորտից չէ, շոու-բիզնեսի հետ որեւէ կապ չունի։
-Մինչ ամուսնությունը Դուք երգում էիք ակումբում, հետո, արդեն, դադարեցրիք գործունեությունը: Ինչո՞ւ: Արդյո՞ք դա կապված էր անձնական կյանքում կարգավիճակի փոփոխության հետ։
-Միգուցե այդ հանգամանքն էլ որոշիչ եղավ։ Կարծում եմ՝ դժվար է ե՛ւ ընտանիք ունենալ, ե՛ւ ակումբային աշխատանք իրականացնել։ Անձամբ ես կարեւորում եմ ընտանիքը։ Բայց սա չի նշանակում, որ, առհասարակ, կարիերաս պետք է տուժի։ Խոսքը զուտ ակումբային գործունեության մասին է։
-Սոնե, առաջիկայում Ձեզնից դուետներ սպասե՞նք:
-Վերջերս նման առաջարկ ռուսական երգարվեստի ներկայացուցիչներից եմ ստացել։ Դեռ բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ, այնպես որ, վերջնական ոչինչ ասել չեմ կարող։
-Այսինքն՝ համարում եք, որ Հայաստանում արդեն վերջնականապես կայացե՞լ եք:
-Հայաստանում հայտնի լինելն, անշուշտ, բավական հեշտացել է։ Բայց ես չեմ պատրաստվում կանգ առնել, առաջիկայի հետ կապված բավական մեծ պլաններ ունեմ։ Համարում եմ, որ դեռ շատ բան ունեմ անելու։
-Իսկ ունեցե՞լ եք բաց թողնված հնարավորություններ, որոնց համար զղջում եք։
-Այո՛, նման առաջարկներ շատ եմ ունեցել։ 2011-ին, օրինակ, մերժել եմ լուրջ առաջարկ լոնդոնցի պրոդյուսերից, ինչի համար շատ եմ զղջում։ Բանն այն էր, որ ծնողներս թույլ չտվեցին, որ մեկնեմ արտերկիր, այնտեղ միայնակ ապրեմ։ Փաստորեն, հաղթեց հայկական մենթալիտետը (ծիծաղում է)։ Բայց, իհարկե, այդ պարագայում իմ անիքնավստահությունն էլ որոշիչ եղավ։ Ամեն դեպքում, ես հավատում եմ ճակատագրին եւ այն համոզման եմ, որ ոչինչ պատահական չի լինում։ Այնպես որ, շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԵՐԳ՝ ՀԱՅԿՈՅԻՑ, ԴՈՒԵՏ՝ ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԻ ՀԵՏ

«Հայաստանի ձայնը 3» նախագծից հայտնի դարձած գյումրեցի երգչուհի Մելինե Գալոյանը ծրագրում է իր երկրպագուների դատին հանձնել նոր երգ, որի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Պլանավորվում է ամռանը ներկայացնել նաեւ տեսահոլովակ: «Հայկոն «Հայաստանի ձայնը» նախագծում իմ մարզիչն էր, ես նրա թիմի ֆինալիստն էի։ Հենց այդ ժամանակվանից էլ հող նախապատրաստվեց մեր համագործակցության համար»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչուհին։

Նա նշեց, որ ծրագրում է իր բենդով համերգներ ունենալ երեւանյան տարբեր ակումբներում՝ ներկայանալով հիմնականում բլյուզ ժանրում։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Մելինեն զուգերգով հանդես գա Հայկոյի հետ, երգչուհին պատասխանեց. «Այո՛, այդ հարցը քննարկվում է»։ Բացի այդ՝ Մելինեն տեղեկացրեց, որ պլանավորում է ներկայացնել դուետ՝ ռուսաստանաբնակ երգիչ Սեւակ Խանաղյանի հետ. «Մեր ծանոթությունը շատ պատահական է ստացվել։ Հանկարծակի կերպով ինձ՝ որպես բեք-վոկալիստ, հրավիրեցին երգելու Սեւակի երեւանյան համերգին։ Այդտեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը, ինչի համար անչափ ուրախ եմ»,- ասաց նա։
Մելինեն, ով սովորում է Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ ջազ-վոկալ բաժնում, բացի ակումբային գործունեությունից, ներկայանում է նաեւ առավել ընդգրկուն համերգային ծրագրերով։ Սեպտեմբերին, օրինակ, նա պատրաստվում է համերգով հանդես գալ ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում։ Հարցին, թե ցանկություն չունի արդյո՞ք իր ուժերը փորձելու միջազգային մրցույթներում, Մելինեն պատասխանեց. «Անկեղծ ասած՝ սիրում եմ մրցակցության մեջ մտնել։ Հայաստանում դժվար թե նորից որեւէ մրցույթի մասնակցեմ, բայց արտերկրում շատ հնարավոր է։ Սպասենք, տեսնենք՝ ինչպես կստացվի»։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԹԱՆԳԱՐԱՆ ԿԲԱՑՎԻ
«Թանգարանների միջազգային օր» եւ «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Երեւանում կբացվի Գրատպության թանգարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։ Նա նշել է, որ թանգարանն ամբողջությամբ պատրաստ է եւ մայիսի 19-ին իր դռները կբացի հանրության առջեւ: «Թանգարանն ունի վեց սրահ։ Այցելուները մեզ մոտ հնարավորություն կունենան տեսնելու հայկական առաջին տպագիր գիրքը, առաջին քարտեզը, առաջին Աստվածաշունչը, պարբերականը, տպագրական մեքենաներ, գիտաօժանդակ եւ այլ նյութեր, որոնք ձեռք են բերվել նաեւ աճուրդների ժամանակ»,-տեղեկացրել է Տ. Զարգարյանը։
Հիշեցնենք, որ այս տարի ծրագրերին մասնակից թանգարանների ընդհանուր թիվը 113-ն է։

 

 

«ՆՈՐ ՊԱՊԸ»
Ամերիկյան HBO հեռուստաալիքը կնկարահանի «Երիտասարդ պապը» սերիալի շարունակությունը, որի ռեժիսորը կրկին կլինի Պաոլո Սորենտինոն: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը: Սերիալը կկոչվի «Նոր պապը»: Դեռեւս հայտնի չէ՝ առաջին մասում գլխավոր հերոսին մարմնավորող Ջուդ Լոուն կմասնակցի՞ նախագծին, թե՞ ոչ։ Միայն նշվում է, որ սերիալի նկարահանումները կսկսվեն 2018 թվականի վերջին:
Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդ պապը» սերիալը պատմում է ծագումով իտալացի էքսցենտրիկ երիտասարդի մասին, որն ընտրվում է Հռոմի Պապ: Գլխավոր հերոսը փորձում է արմատական բարեփոխումներ իրականացնել եկեղեցում, ինչի պատճառով կարդինալները սկսում են ինտրիգներ հյուսել նրա դեմ:
«Երիտասարդ պապը» էկրաններին հայտնվել է 2016-ին, սերիալում խաղացել են Դայան Կիտոնը եւ Սիլվիո Օռլանդոն:

 

 

ԿՐԿԻՆ ՔԻՄԵԼԸ
Ամերիկյան հայտնի հաղորդավար Ջիմի Քիմելը 2018-ին կրկին կվարի «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը: Just Jared-ը հայտնում է, որ «Օսկար 2017»-ի վարկանիշը գոհացրել է մրցանակաբաշխության կազմակերպիչներին, ուստի Քիմելին նորից հրավիրել են միջոցառումը վարելու:
Նշենք, որ Քիմելը հայտնի է Jimmy Kimmel Live! ծրագրից, որը եթեր է հեռարձակվում ABC հեռուստաալիքով: Շոումենի խոսքով՝ «Օսկար»-ը վարելն իր կարիերայի ամենավառ պահն էր:




Լրահոս