ԵՐԴՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը նախատեսված էր, որ պատգամավորները դահլիճում երդվելուց հետո պետք է ստորագրեին նաեւ դրա տեքստի տակ: ԱԺ միջանցքում տեղադրված էր երդման տեքստը՝ տպագրված մեծ թղթի վրա, շքեղ ձեւավորմամբ, ներքեւում՝ պատգամավորների անունները: Սակայն օրվա վերջում «Ժողովուրդ»-ի տեսախցիկը ֆիքսեց, որ այդ թղթի տակ հատուկենտ մարդիկ էին ստորագրել՝ Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Գագիկ Մինասյան, Միհրան Հակոբյան, Շուշան Պետրոսյան…:
Սա թերեւս պատահական չէ, այլ վկայությունն է այն բանի, որ պատգամավորները լուրջ չեն վերաբերվում իրենց երդմանը եւ, ընդհանրապես, իրենց պարտականությունների կատարմանը: Իսկ միգուցե պատգամավորների մի մասի համար պարզապես անհասկանալի է եղել երդման տեքստը, եւ երկար-բարակ նախադասությունների, ժողովրդի առաջ պարտավորությունները բարեխիղճ կատարելու, Սահմանադրությունն ու օրենքները պահպանելու, Հայաստանի ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը նպաստելու, քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքները պահպանելու փոխարեն լավ կլիներ մեկ տողով գրել՝ «Շեֆը ոնց ասի, ըտենց կանեմ, հորս արեւ», եւ այդ դեպքում բոլորը ստորագրեին այն: Ամեն դեպքում, արժի փորձել:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը ցանկություն է հայտնել լինել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է՝ հաշվի առնելով օֆշորային սկանդալն ու ըստ այդմ՝ նրա վարկաբեկված լինելը: «Ժողովուրդ»-ը երեկ այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց Պողոսյանին: Սկզբում նա հերքեց լուրերը. «Չի եղել նման բան», բայց հետո անուղղակի հաստատեց՝ ասելով. «Հանձնաժողովի նախագահ լինելու խնդիրը քննարկվել է կուսակցությունում, եւ ինձ համար, իմ ցանկություններից շատ ավելի վեր է կուսակցության դիրքորոշումը: Ես ընդունում եմ կուսակցության դիրքորոշումը»:

 

 

 
Դատարանը երեկ բավարարել է «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս գործով կալանավորվածներից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ ԱԱԾ-ն նոր ապացույցներ է ներկայացրել դատարան, սակայն ներկայացված ապացույցները որեւէ կերպ չեն հիմնավորել Սամվել Բաբայանի եւ հրթիռի հետ առնչություն ունենալու հանգամանքը: Չնայած սրան, դատարանը այդքան էլ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին եւ գործով անցնող անձանց կալանքը երկարաձգել է եւս երկու ամսով: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ այս գործով քննչական գործողություններ չեն արվում:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի ութ ըմբոստներից երկուսի ճակատագիրն արդեն հայտնի է: Այսպիսով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները վայր կդնեն Վահան Կարապետյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Մեր տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, Թուրքիայի չվերթով Հայաստան է ժամանել Խաչիկ Մանուկյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելուց հետո ընդհատակ էր անցել: Երեւան ժամանելուն պես նա ուղիներ է փնտրել Ծառուկյանի հետ «անվնաս» հանդիպելու, սակայն, ի վերջո, համարձակություն չի ունեցել այցելելու: Սակայն նշենք, որ Մանուկյանին մանդատից զրկելը անխուսափելի է: «Ծառուկյան» դաշինքի առաջնորդն արդեն որոշել է, որ Խաչիկ Մանուկյանը վայր դնի իր մանդատը, որպեսզի նրա փոխարեն ԱԺ պատգամավոր դառնա Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը:

 

 

 
ՀՈՎՀԱՐԱՅԻՆ
Մինչ Հայաստանում քաղաքական դաշտը տարված էր ընտրական գործընթացներով՝ նախ՝ խորհրդարանական, ապա եւ՝ Երեւանի ավագանու, մեր շուրջը տեղի էին ունենում զարգացումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ազգային անվտանգության հիմնախնդիրներին: Ավելին՝ արվեցին հայտարարություններ, որոնք պետք է որ արժանանային հստակ քաղաքական գնահատականի առնվազն ընդդիմադիր ուժերի կողմից: Մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի՝ Իսլամական պետության դեմ պայքարում ներգրավվելու հնարավորության մասին: Ասել, որ դա մեզ համար վտանգավոր հայտարարություն էր, կնշանակի՝ ոչինչ չասել: Հայաստանը անհարկի ձեւով թիրախավորող ռուս պաշտոնյայի այս հայտարարությունից հետո, սակայն, տպավորություն էր, որ մեր ընդդիմադիր դաշտում բացառապես խուլուհամրեր են:
Եթե Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի դեպքում միգուցե եւ կարելի էր որպես արդարցում /թեեւ, միեւնույն է, անընդունելի/ նշել, թե վերջիններս զբաղված են ընտրական գործընթացով եւ ռեսուրս ու ժամանակ չունեն այլ բաների մասին մտածելու, ապա փողոցային պայքար սկսելու մասին խոսող եւ ընդդիմության տիտղոսը զիջել չցանկացող ուժերի լռությունն առնվազն տարակուսելի է: Այս եւ նմանատիպ այլ կարեւորագույն հարցերում դրսեւորելով բացահայտ անտարբերություն՝ խորհրդարանից դուրս մնացած ընդդիմադիրները, փաստորեն, ցույց են տալիս, որ իրենց ողջ կռիվն ու մտահոգությունը մանդատ ստանալն էր, եւ եթե դա չստացվեց, այլեւս կարիք չկա բարձրաձայնելու անգամ երկրի անվտանգությանն առնչվող մարտահրավերների դեպքում:
Այս առումով առավել նկատելի է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների քար լռությունն ու իրենց ընտրազանգվածին պատերազմի հեռանկարով մոտիվացնող ՀԱԿ անդամների պասիվությունը:
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում քաղաքական դաշտն այլեւս բաժանված է ոչ թե ընդդիմադիր եւ իշխանական ճամբարների, այլ խորհրդարան անցած եւ խորհրդարանից դուրս մնացած ուժերի: Ընդ որում, վերջիններս այսպես շարունակելու դեպքում իրենց խորին քաղաքական դեպրեսիայից կարող են առհասարակ դուրս չգալ՝ ի վերջո, հասնելով քաղաքական վախճանի:
Ամենատխուրը, սակայն, այն է, որ այս իրավիճակում արդարացված են հնչում հանրապետականների այն պնդումները, թե իրենք միակ ուժն են, որ չեն խուսափում պատասխանատվությունից, մինչդեռ ընդդիմությունը մշտապես առիթ է գտնում՝ սեփական ձախողումների մեղքը իշխանության կամ ժողովրդի վրա բարդելու եւ նոր քաղաքական դեպրեսիան արդարացնելու համար: Ցավոք, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերը գործում են հովհարային անջատումներով:




Լրահոս