ՄԻՆՉԵՎ 2040 ԹՎԱԿԱՆՆ ԻՇԽԵԼՈՒ ԱԿՆԱՐԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ խորհրդարանական ընտրություններից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ «Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ պիտի լինի», շատերը լուրջ չընդունեցին այդ խոսքերը՝ մտածելով, որ սա պարզապես Գրիգորիչի «շուլուխների» շարքից է: Մինչդեռ այդ հարցազրույցում Գալուստ Սահակյանն առավել քան անկեղծ էր գտնվել եւ պատասխանելով հարցին՝ արդյոք 2018թ. ապրիլից՝ նախագահի լիազորությունների ավարտից հետո, Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը , ըստ էության խոստովանել էր իշխանության հեռահար նպատակների մասին:

Հիմա այդ ամենի մասին բարձրաձայնում է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը, իհարկե, ոչ ուղղակի, բայց միանգամայն բացահայտ տեքստով: Այս առումով պատահական չէր նորընտիր խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձը:
Խոսելով իշխանության առաջիկա ծրագրերի մասին՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ ժամկետներ մատնանշեց ու կոնկրետ ցուցանիշներ խոստացավ: Ու այդ ամենը ոչ թե հինգ տարվա կտրվածքով, այլ մինչեւ 2040 թվականը:
Մի քանի մեջբերում Ս. Սարգսյանի ուղերձից. «2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ եւ հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ եւ կես անգամ աճ:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականին մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները:
… Արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման հետեւանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետեւ նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչեւ ՀՆԱ 50-55 տոկոսը:
Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:
Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:
Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների՝ հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:
Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,- ասել է նա:
Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ սովորաբար իշխանություններն իրենց ծրագրերը կազմում են պաշտոնավարման ժամկետների սահմաններում: Տվյալ դեպքում՝ խոստումները պետք է լինեին հինգ տարվա կտրվածքով: Ի վերջո, Հայաստանում նոր Սահմանադրության համաձայն՝ իշխանությունն արդեն ձեւավորվում է խորհրդարանական ընտրությունների միջոցով, իսկ հաջորդ ընտրությունները սպասվում են 2022 թվականին: Ու մինչ այդ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ տեսք կունենա նոր խորհրդարանն այդ ժամանակ, ո՞վ կլինի իշխանության:
Մինչդեռ Սերժ Սարգսյանը երեկ հրապարակել է իր իշխանության ծրագիրը, այն էլ՝ 25 տարվա կտրվածքով: Սա, ինքներդ եք հասկանում, պատահական չէ: Սա բացահայտ հայտարարություն է այն մասին, որ առնվազն մինչեւ 2040 թվականը Հայաստանում իշխանությունը չի փոխվելու, եւ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ լինելու է այդ իշխանության գլխին: Պատահական չէ, որ իր խոսքում նա մի քանի անգամ շեշտում է. «2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք»: Այսինքն՝ ոչ թե որեւէ ուրիշ կուսակցություն, այլ հենց իրենք:
Այս ամենի մեջ, սակայն, հետաքրքիր է մեկ այլ փաստ. ինչպե՞ս է իշխանությունն իրագործելու այս խոստումները, մասնավորապես բարելավելու ժողովրդագրական իրավիճակը՝ դադարեցնելու արտագաղթն ու բարձրացնելու ծնելիությունը, եթե բացահայտ հասկացնում է, որ առաջիկա 25 տարիներին չի լինելու իշխանության որեւէ փոփոխություն, եւ պետության ղեկը մնալու է ՀՀԿ-ի ձեռքին. մի կուսակցության, որն այս 20 տարիների ընթացքում միմիայն ձախողումներ է գրանցել: Այսքանից հետո շատ ավելի մեծ է վտանգը, որ պետությունից առանց այն էլ օտարված հասարակության մեջ հիասթափության եւ արտագաղթի նոր ալիք կբարձրանա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԳՐԱՎՈՐ ԷԻՆ ՇՓՎՈՒՄ
Նոր խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի ելույթը բավականին լարված իրավիճակում էր պահել մի շարք պատգամավորների: Բայց իշխանական խմբակցության պատգամավորների մեջ եղան նաեւ այնպիսիք, որոնք, այնուամենայնիվ, չդիմացան ավելի քան մեկ ժամանոց ելույթն անշարժ լսելու «պարտադրանքին»: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն իր գործընկերների հետ շփվում էր գրավոր: Մասնավորապես թղթի վրա նա ինչ-որ հարցեր գրեց եւ Հրայր Թովմասյանի օգնությամբ փոխանցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանին: Վերջինս էլ կարդալով հարցը՝ գլխով անհամաձայնության նշան արեց՝ այդպես պատասխանելով Ֆարմանյանի գրավոր հարցմանը:

 

 

 

ՈՒԶՈՒՄ ԵՆ
Քանի որ ՀՀ կառավարությունը երեկ հրաժարական տվեց, «Ժողովուրդ» օրաթերթը նախարարներից մի քանիսից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց տեսնում են նոր ձեւավորվող կառավարությունում: «Այս պահին որոշում չկա: Իսկ որոշում կայացնողը հանրապետության նախագահն է եւ «Հայ հեղափոխական դաշնակցությունը»»,- ասաց ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Միաժամանակ Մինասյանն անկեղծացավ, թե ցանկանում է մնալ նախարարի պաշտոնին: «Քանի որ ռեֆորմները, որոնք պետք է իրականացվեն, չափազանց խորն են, ծավալուն, ընդգրկուն… այնպես որ, բնականաբար, այո»: Իսկ ահա ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը մտահոգ նշեց, որ տեղյակ չէ: Հարցին` ցանկանո՞ւմ է մնալ, պատասխանեց. «Չեմ որոշել դեռ»:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն էլ նշեց, թե. «Եկեք, կանխատեսումներով չզբաղվենք, մի քանի օրից կիմանանք»: Սակայն նա ցանկանում է վերանշանակվել. «Ես կցանկանամ, եթե ինձ վերանշանակեն, ապա վերանշանակեն պրոֆեսիոնալիզի համար»: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հորդորեց սպասել. «Ինչ եք ուզում, որ պատասխանեմ, կհայտարարեն, կիմանաք»: Սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, լսելով հարցը, ժպտաց՝ նշելով, թե համբերեք, կիմանաք: Բավականին մտահոգիչ էր սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի վիճակը, նա կառավարության շենքից դուրս եկավ բավականին վրդովվածը եւ լսելով հարցը՝ չցանկացավ պատասխանել: Միգուցե նախարարին արդեն ասել էին իր ճակատագրի մասին:

 

 

 

«ԲՈԼՈՐԸ ԻՆՁ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե իշխանությանը հասանելիք ԱԺ երկու փոխնախագահներից մեկի պաշտոնը տրվելու է ՀՅԴ-ին, եւ այդ առումով որպես հավանական թեկնածու նշվում էր Արմեն Ռուստամյանի անունը: Սակայն ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց, որ ԱԺ նախագահը պետք է լինի Արա Բաբլոյանը, իսկ մյուս երկու փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը: «Մենք չենք էլ դիմել, որ առաջարկեն, նման հարց չի քննարկվել»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուստամյանը:

 

 
ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Դավթյանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ։

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից իրականացված հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Այն, ինչ մենք տեսանք երեկ՝ բռնի հարձակում խաղաղ ցուցարարների վրա, վիրավորում է Վաշինգտոնի եւ մեր իրավունքները՝ որպես ամերիկացիներ: Ոստիկանության վարչությունը կշարունակի հետաքննել միջադեպը եւ կաշխատի դաշնային գործընկերների հետ՝ ապահովելու արդարությունը»,¬ ասվում է Վաշինգտոնի քաղաքապետի պաշտոնական հայտարարության մեջ: Դեպքին անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետդեպը՝ նշելով, թե իրենք «անհանգստացած են բռնության միջադեպով, որում ներգրավված են եղել ցուցարարներն ու թուրքական անվտանգության աշխատակիցները»:

 

 

650 ԿՐԱԿՈՑ
Մայիսի 17-ին եւ լույս 18-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը շփման գծի արեւելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18 արկ) եւ 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ): Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ:

 

 

«ՄԱՄՈՒԼԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ»
Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահի քվեարկությանը մասնակցող Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը երեկ շրջել է թիկնապահների ուղեկցությամբ: Հարցին, թե դեռ որքան է թիկնապահներով շրջելու` մաեստրոն արձագանքել է. «Նրանք թիկնապահներ չեն, մամուլի աշխատողներ են»:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորել է Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ. «Շնորհավորում ենք, ցանկանում նորանոր հաջողություններ: Ամեն ինչով սատարելու ենք, որպեսզի Երեւանը դառնա ավելի լավը»:




Լրահոս