ԴԱՀԿ ՊԵՏՆ ԷԼ Է ԻՄ ԿԱԴՐԸ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային սկանդալի հետեւանքով ՀՀ թերեւս «ամենայուղոտ» պաշտոնից հրաժարական տված ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը երեկ Ազգային ժողով էր եկել։ Նա իջել էր գեներալի իր բարձունքից եւ շարքային մահկանացու պատգամավորների հետ կողք կողքի նստել։ Այսուհետ Միհրան Պողոսյանը եւս կդառնա շարքային կոճակ սեղմող։
Իսկ ինչ է նա մտածում նախկինում իր կողմից զբաղեցրած պաշտոնին հայտնված պետի մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Միհրան Պողոսյանի հետ։

-Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նոր ղեկավարի գործունեությունը:
-Շատ լավ:
-Ձեր հեռանալուց հետո ԴԱՀԿ նախկին աշխատակիցները մեկը մյուսի հետեւից հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Կոնկրետ 2014-2016թթ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել: Այսինքն՝ Ձեր ղեկավարման օրոք, այսպես ասած, թալանչի պաշտոնյանե՞ր են աշխատել ԴԱՀԿ-ում։
-Եկեք, գնահատականներ չտանք: Միշտ եղել են նման կարգի խնդիրներ, եւ էդ կարգի խնդիրներին համապատասխան գնահատական է տրվել: 8 տարի ես կառավարել եմ այդ ծառայությունը, եւ այդ 8 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որոշակի պատճառներից ելնելով՝ տրվել է քրեաիրավական գնահատական տարբեր դեպքերի առիթով, ուղարկվել է դատախազություն: Եվ դա նորմալ պրոցես է: Ցանկացած կառույց պետք է անընդհատ ինքնամաքրվի: Համապատասխան մարմիններ կան, որոնք իրավասու են, իրենց ֆունկցիոնալ պարտականությունն է տալ համապատասխան քրեաիրավական գնահատկաններ: Եվ իրենք իրենց գործը պետք է անեն:
-Պարո՛ն Պողոսյան, բայց նկատում ենք, որ Ձեր հեռանալուց հետո է սկսվել այս գործընթացը:
-Սխալ եք նկատում, ես նորից եմ բարձրաձայնում: Բազմաթիվ դեպքեր կան, եւ դա շարունակական բնույթ կրող երեւույթ է, դա նորմալ է ցանկացած կառույցի համար:
-Ձեր գնալուց առաջ Արմեն Հարությունյանին Դուք երաշխավորեցիք, որ հենց նա լինի ԴԱՀԿ պետ, որպես վստահելի մարդ: Բայց հետո կարծեք՝ նա Ձեր դեմ սկսեց աշխատել։
-Արմեն Հարությունյանը ժամանակին եղել է իմ խորհրդականը, որից հետո եղել է վերահսկողության պետ, հետո իմ միջնորդությամբ նա ներկայացվել է որպես գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, հետո նախագահի հրամանով նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Եվ վերջին ժամանակներս նա արդեն կառույցի ղեկավար է նշանակվել: Ես կարծում եմ, որ այն երկար տարիների փորձը, որ Ա. Հարությունյանը կուտակել է, դա բավականին լուրջ փորձ է, եւ վստահ եմ, որ ինքը նորմալ կաշխատի:
-Պարո՛ն Պողոսյան չե՞ք կարծում, որ նա Ձեր դեմ է աշխատում, քանի որ Ձեր նախկին կադրերին մեկը մյուսի հետեւից հեռացնում է աշխատանքից:
-Բոլորն են իմ կադրերը եղել: Ինքն էլ է իմ կադրը եղել:
-Բայց Ձեր դեմ է աշխատում…
-Իմ դեմ աշխատել գնահատականը մի քիչ ճիշտ չէ տալ: Ես ավելի ուրախ կլինեմ՝ ինքը կառույցի համար աշխատի: Ցանկացած ոք, որ աշխատում է կառույցում, աշխատի կառույցի համար: Մենք 8 տարի աշխատել ենք կառույցի համար՝ օր ու գիշեր: Եվ կայացրել ենք մի կառույց, որը հայտնի չէր, եւ որը շատ քիչ գործառույթներով էր զբաղված եւ բավականին տեսանելի չէր դաշտում։ Եվ 8 տարվա ընթացքում մենք կարողացանք էնպիսի մի կառույց ստեղծել, որը միջազգային հարթակներում ճանաչելի դարձավ: Եվ ոչ միայն միջազգային հարթակներում, նաեւ Հայաստանում իր ուրույն տեղը կարողացավ գրավել: Ես հույս ունեմ, որ էն թիմը, որ թողել եմ էնտեղ, հավուր պատշաճի կշարունակի էդ առաքելությունը:
-Մամուլում հրապարակվեց այն մասին, որ Դուք ցանկություն եք հայտնել լինելու Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է՝ հաշվի առնելով օվշորային Ձեր պատմությունները:
-Չի եղել նման բան:
-Իսկ Դուք ցանկություն հայտնե՞լ եք լինել հանձնաժողովի նախագահ:
-Հանժնաժողովի նախագահ լինելու խնդիրը քննարկվել է կուսակցությունում, եւ ինձ համար, իմ ցանկություններից շատ ավելի վեր է կուսակցության դիրքորոշումը: Ես ընդունում եմ կուսակցության դիրքորոշումը:
-Դուք եղել եք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ, հիմա՝ ԱԺ պատգամավոր: Արդյո՞ք սա իջեցում չէ: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը: Լուրջ պաշտոնից դարձել եք շարքային պատգամավոր:
-Ես խնդիրը չեմ նայում՝ իջեցում կամ բարձրացում: Ես բազմիցս ասել եմ՝ խնդիրը կայանում է մի հարցում. ծառայել ժողովրդին: Ես այդ ուժը ունեմ եւ կարծում եմ՝ ոչ պակաս առաքելություն ունեմ ես այստեղ, քան հարկադիր կատարման ծառայության ոլորտում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ
«Ժողովուրդ» օրաթերթը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչու նա որոշեց պատգամավոր դառնալ, բայց նա դժկամորեն էր պատասխանում հարցերին:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք նա պատգամավոր է դարձել, որ քրեական պատմությունների մեջ հայտնվելիս հեշտ կարողանա ջրից չոր դուրս գալ, Արթուր Մանուկյանն ասաց.«Ո՛չ, դրա համար չէ, այլ բան չունեմ ասելու»:
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, մշտապես հայտնվել է աղմկալի միջադեպերի կիզակետում:
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը, որը առավել հայտնի էր Չուգուն անունով: Վերջինիս հարազատները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ իրենց մտերիմի սպանությունը կապում են Արթուր Մանուկյանի հետ տեղի ունեցած տարաձայնությունների հետ: Սակայն այսքանով Աբրահամ Մանուկյանի որդու հետ տեղի ունեցած աղմկալի պատմությունները չեն դադարում: Դեռեւս 2013 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից բերման էր ենթարկվել Արթուր Մանուկյանը: Նրան բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով, այս դեպքից կարճ ժամանակ անց Արթուր Մանուկյանին պատկանող մեքենայից մեծ թվով զենք ու զինամթերք էին հայտնաբերել, իսկ ահա վերջինիս հայրը ասել էր, թե իրենց մեքենան տվել են հարեւանին, եւ այդ զենքերը պատկանել են նրանց:
 

 

ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016 օգոստոսի 24-ին հրապարակել էր, որ չնայած օրենքները մեզ թույլ են տալիս Պերմյակովին պահելու հայաստանյան քրեակատարողական հիմնարկներից մեկում, սակայն դա տեղի չի ունենա, քանի որ ռուս զինծառայողը վաղուց` դեռ ձերբակալման օրերից է հանձնվել Ռուսաստանին, եւ, բնականաբար, նա իր պատիժը կկրի ՌԴ-ում:
Եվ ահա երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյան ընտանիքի 7 անդամների գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը տեղափովեց Ռուսաստանի Դաշնություն՝ իր հետագա պատիժը այնտեղ կրելու համար:

 

 
Ի՞ՆՉՆ Է ՆՄԱՆ ՔԱՅԼԻ ԴՐԴԵԼ
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Դեպքի վայրի զննությամբ ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Գրիշա Կարապետյանը Վարդենիս քաղաքից էր: Ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ երեխա: Պայմանագրային զինծառայողին տեղացիները բնութագրում են որպես աշխատող, լավ համբավ ունեցող երիտասարդի: Անդրադառնալով վերջինիս ինքնասպանության գնալու հանգամանքներին՝ նրա մտերիմները մեզ հետ զրույցում նշեցին, որ չեն կարող ասել, թե ինչը կարող էր նրան ստիպել, որպեսզի գնար այդ քայլին: Չի բացառվում, որ նախաքննություն իրականացնող մարմինը քրեական գործ հարուցի ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին շրջանում զինված ուժերում նմանատիպ դեպքերի աճ է նկատվում: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ. Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել News.am-ի եւ Երեւանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների հիման վրա: Մասնավորապես News.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Փող են մտցրել Տարոն Մարգարյանի շտաբ. Փաշինյանը Տարոն Մարգարյանի շտաբերից մեկում է» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Երեւան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում տեղակայված Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբ այցելած Ն. Փաշինյանը հայտարարել է նույն օրը «ՍԱՍ» սուպերմարկետի ներքին ինկասացիայի աշխատակիցների կողմից հիշյալ շտաբ գումար տեղափոխելու, այնտեղ ընտրակաշառք բաժանելու կամ դա կատարել պատրաստվելու մասին: Նույն օրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Ն. Փաշինյանը ներկայացրել է հիշյալ շտաբից դուրս բերված` ընտրողներին առերեւույթ կաշառք տալու մասին վկայող փաստաթղթեր: Այսպիսով՝ առերեւույթ ընտրակաշառք տալու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս