«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 9,7 տոկոս, ինչը նախորդ տարիների համեմատ 3 տոկոսով նվազել է: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Նա նաեւ ներկայացրեց ընկերության 2016 թվականի արդյունքերը:
Ընկերության գլխավոր տնօրեն Կ. Հարությույանի խոսքերով` անցած տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 201 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որով նախատեսված է ընդլայնել բաշխիչ ցանցերը, ՀԷՑ-ը տեխնիկապես վերազինել, ինչպես նաեւ` հաշվարկման ավտոմատացված համակարգ ներդնել: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ընկերությունում առաջիկայում կրճատումներ կլինեն: «Այո, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ օպտիմալացումների արդյունքում սպասվում են կրճատումներ, սակայն մեր աշխատակիցներին տեղեկացրել ենք, որ ընկերության ղեկավարությունը, սեփականատերը ունի սոցիալական ուղղվածության հստակ քաղաքականություն, եւ մեր այն աշխատակիցները, ովքեր կրճատվում են, տեղափոխվում են նոր ստեղծվող աշխատատեղեր կամ նվազագույնը մեկ տարի շարունակում են որոշակի աշխատավարձ ստանալ»,- հայտարարեց ՀԷՑ գլխավոր տնօրենը: Ի դեպ, ասուլիսի ընթացքում ե՛ւ Կարեն Հարությունյանը, ե՛ւ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը խոսեցին էլեկտրաէներգիայի շուկայի հնարավոր ազատականացման մասին: Ըստ Հարությունյանի` այժմ մասնագիտական կառույցները զբաղվում են դրանով: Իսկ Դարբինյանի խոսքերով՝ այդ դեպքում ՀԷՑ-ը կդառնա էլեկտրաէներգիա բաշխողը: «Շուկայի ազատականացման պարագայում մենք ընդամենը մատուցելու ենք մեր ծառայությունը. էլեկտրաէներգիա արտադրողից այն գնելու ենք եւ տեղափոխենք, հասցնենք այն կազմակերպություններին, որոնք կվաճառեն բնակչությանը, արդյունաբերությանը եւ այլն»,- տեղեկացրեց Կ. Դարբինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց` հնարավոր է, որ էլէներգիայի սակագինը նվազի՝ հաշվի առնելով, որ կորուստները էապես նվազել են: Հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Կորուստների ազդեցությունը սակագնի վրա կլինի 2020 թվականին: Մեր մասով միայն կարգավորվում է էլեկտրաէներգիայի առքի եւ վաճառքի տարբերությունը` մարժան»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի հետ:
-Պարո՛ն Դարբինյան, էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականին 2015-ի համեմատ 6.1 տոկոսով նվազել է: Այսինքն՝ 2016 թվականին արտադրվել է 7 մլրդ 798 մլն 100 հազար կիլովատ ժամ, իսկ 2015-ին` 7 մլրդ 315 մլն 300 հազար կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն՝ 482 մլն 800 հազար կիլովատ ժամով էլէներգիայի արտադրությունը նվազել է: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Պատճառներից մեկն այն է, որ նվազել են ընկերության կորուստները, այսինքն՝ էլեկտրաէներգիայի գողությունն է պակասել, որը որ մի մասով բերել է ընդհանուր արտադրության նվազմանը: Նաեւ մեկ այլ պատճառ էլ կարող է լինել` եղանակային պայմանները: Չէ՞ որ 2016 թվականի ձմեռը ավելի խիստ էր, քան 2015-ինը: Նվազեցման այլ պատճառ չեմ տեսնում: Մեզ մոտ բաժանորդների քանակը չի պակասել, հակառակը` ավելացել է: Մի բնակիչ-բաժանորդի միջին ծախսը նույնպես չի նվազել, այլ ավելացել է:
-Անցած տարի 2015 թվականի համեմատ նվազել են նաեւ ընկերության էլեկտրաէներգիայի կորուստները: Կնշեք, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Ձեր կողմից, որոնք նախորդ տարիներին չեն արվել:
-Առաջին հերթին դրվել է տեսուչների խրախուսման մեխանիզմ. երբ ժամանակին տեսուչները ստանում էին իրենց 80 հազար դրամի չափով աշխատավարձը` լավ թե վատ կատարեին, այդ գումարն անփոփոխ էր: Իսկ ներկա պահին տեսուչը աշխատանքը լավ կատարելու դեպքում մինչեւ 300 հազար դրամ կարող է աշխատավարձ ստանալ: Իմ կարծիքով՝ գրավականը դա է: Երկրորդ հերթին՝ վերահսկողության ծառայություններն ենք ուժեղացրել, որով վերահսկվում է եւ արգելվում գողությունը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
40-50 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում աղբահանությունն իրականացնում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկությունը, որի ինժեներ Նորիկ Հարությունյանը հայտնեց, որ նախկինում հիմնարկությունը ունեցել է այլ կարգավիճակ, եղել է փակ բաժնետիրական ընկերություն: Նա ասաց, որ աղբահանության վարձավճարների գումարների` տարիներով կուտակված պարտքեր կան: Ն. Հարությունյանի խոսքերով՝ իրենք պարտքերը հաշվարկում են 2006թ. մինչեւ ներկա ժամանակաշրջան: Իջեւան քաղաքում աղբահանության համար վարձավճարը փոքր է, մեկ բնակչի հաշվով ամսական 100 դրամ: Սակայն այդ փոքր գումարն էլ շատ բնակիչներ զլանում են մուծել: Այդ առումով հատկապես թերանում են քաղաքի սեփական առանձնատների բնակիչները: Ինչքա՞ն է կազմում 2006թ. առ այսօր աղբահանության պարտքերի ընդհանուր գումարը: Այս հարցին ի պատասխան` Ն. Հարությունյանն ասաց, որ ստույգ թիվը չգիտի, սակայն մոտավոր հաշվարկներով այն կլինի 40-50 միլիոն դրամ: Իջեւանի կոմունալ ծառայությունը մտադիր է աղբահանության վարձերի պարտքեր ունեցողների դեմ գումարի բռնագանձման պահանջով դատական հայցեր ներկայացնել: Ն. Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ իսկ մարզկենտրոնի հիմնարկությունները, ձեռնարկությունները աղբահանության գումարների պարտքեր չունե՞ն: Նա ասաց, որ փոքր խանութներ, ծաղկի սրահ կա, որոնք աղբահանության վճարների ոչ մեծ պարտքեր ունեն:
ԿՈՒՂԱՐԿԵՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
2016թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 14-ին, Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Արամ Խաչատրյանը Ջուջեւանի համայնքապետարանի մոտ նկատել է գյուղի բնակիչ, 2003թ. ծնված Կարո Իսրայելյանին, վազել նրա հետեւից, ձեռքի դանակով սպառնացել է, որ կսպանի նրան: Տղան վախեցած մտել է համայնքապետարանի շենքում գտնվող մանկապարտեզ եւ օգնություն խնդրել գյուղի բնակչուհիներից մեկից: Վերջինս նկատելով Ա. Խաչատրյանին` փակել է մանկապարտեզի մուտքի դուռը, որից հետո Արամը հեռացել է: Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, Ա. Խաչատրյանը կրկին հանդիպել է Կարո Իսրայելյանին, վազել նրա հետեւից եւ իր մոտ եղած կացինը ճոճելով` սպառնացել է, որ նրան կսպանի: Տղան գոռալով գնացել է համայնքապետարանի շենքի մոտ գտնվող պահածոների գործարանի ուղղությամբ: Համագյուղացիները տղային տարել են գործարան, իսկ Արամը հեռացել է: Կ. Իսրայելյանի մայրը դիմել է ոստիկանություն: Պարզվել է, որ Ա. Խաչատրյանը Նոյեմբերյանի ԲԿ-ում հաշվառված է շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ ախտորոշմամբ: Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 137 հոդվածի 1-ին մասով: 2017թ. մայիսի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Ա. Խաչատրյանին ազատել ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված քրեական պատասխանատվությունից եւ պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ստացիոնար կարգով տեղավորելով ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում: Դատավորը որոշել է նրա նկատմամբ կիրառված հսկողության հանձնելու մասին անվտանգության միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ նրան հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ