2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»: Եւ ահա այդ գործին լծվեց Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվել է, եւ բավականին խիստ պատիժներ նախատեսած գործը մտել է դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բալասանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ խաբեց տղաներին: «Ի՞նչ է նշանակում՝ իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն՝ ես ասել եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ:… Մենք առաջին օրն ասեցինք, երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել»,- եղավ պատասխանը: Նկատենք, սակայն, որ այդ միջադեպի ժամանակ առաջին սպանությունը եղավ հենց ՊՊԾ գնդի գրավման ընթացքում. ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանյանը փորձել էր դիմադրել եւ տեղում սպանվել: Ու այս առումով հետաքրքիր է` մի՞թե այն ժամանակ Բալասանյանը չգիտեր կատարվածի մասին, որ նման խոստումներ էր տվել «Սասնա ծռերին»:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դժգոհություններ ստանալ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից: Խնդիրն այն է, որ նրանք արդեն հինգ ամիս է, ինչ չեն ստացել իրենց անհրաժեշտ պրոթեզներն ու օրթեզները: Ավելին՝ շատերը հեռավոր մարզերից գալիս, հասնում են Երեւան, բայց մի ստորագրության կամ թղթի պատճառով իրենց հետ են ուղարկում: Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, չնայած բարձրաձայնված խնդիրներին ու բողոքներին, շարունակում է ջայլամի քաղաքականություն վարել: Եւ այսքանից հետո Ասատրյանին վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է կրկին նշանակել նախարար՝ այդպես, փաստորեն, ինքն էլ պատասխանատվություն կիսելով նրա վարած ապաշնորհ քաղաքականության եւ ընդհանրապես, նրա ձախողումների ու նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկների կոռուպցիոն սկանդալների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին զինված ուժերում մահացության 27 դեպք է գրանցվել. հակառակորդի կրակոցից զոհվել է 10 զինվոր, իսկ ահա 17 զինվոր մահացել էր ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, սպանության, զենքի կանոնները խախտելու հետեւանքով: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին զինդատախազ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանին խնդրեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը: «Ամենալավ եղանակը նպաստել, այսինքն՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել զինված ուժերում կարգապահական մակարդակի բարձրացմանը, եւ որը որ շատ ավելի կարեւոր է՝ այդ միջանձնային հարաբերությունները ծնող պատճառների վերացում»,- ասել է նա՝ միաժամանակ կարեւորելով պատժի անխուսափելիության գաղափարը մարդկանց մոտ արմատավորելը: «Այսինքն՝ առաջինը՝ կանխարգելիչ միջոցառումներ, երկրորդը՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց»,- ասել է նա:
ԱԺ ուղերձում Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր Հայաստանի բնակչությունն ավելացնելու եւ մինչեւ 2040 թվականը 4 մլն-ի հասցնելու մասին: Ի սկզբանե պարզ է, որ սա Սերժ Սարգսյանի հերթական անկատար խոստումներից մեկն է լինելու եւ արժանանալու է նույն Իրան-Հայաստան այդպես էլ չկառուցված երկաթուղու ճակատագրին: Փորձենք մանրամասնել: Հայաստանում 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ առկա բնակչության թիվը 2 մլն 871 հազար 771 է: Բնականաբար, այս ընթացքում բնակչության թիվը նվազել է. տարեկան միջինը 30 հազար հոգի արտագաղթել է Հայաստանից: Եւ ամենալավատեսական հաշվարկներով՝ Հայաստանում այսօր 2 մլն 700 հազար մարդ է մնացել: Որպեսզի հասնենք Ս. Սարգսյանի խոստացած ցուցանիշին, պետք է դադարեցվի արտագաղթը, որից հետո բնակչության թիվն ավելացվի 1,3 մլն-ով, այսինքն` տարեկան 56.5 հազար մարդով: Կկարողանա՞ն իշխանություններն ապահովել նման ցուցանիշ, իհարկե, ոչ: Բավական է նշել, որ բնական հավելաճը գնալով նվազում է` միջինը 12-13 հազար հոգի, նաեւ տարեկան 30-40 հազար հոգի արտագաղթում է, արդյունքում ժողովրդագրական վիճակը, միեւնույն է, բացասական ուղիով է ընթանում:
ՆՈՄԻՆԱԼ
Վեցերորդ գումարման Ազգային ժողովում նախկին 12 հանձնաժողովների փոխարեն այսուհետ կգործեն 9 մշտական հանձնաժողովներ: Երեկ հայտնի դարձավ, որ փակվող հանձնաժողովների շարքում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Այն, ըստ էության, միավորվում է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հետ, ինչը երեկ բուռն քննարկումների առիթ դարձավ խորհրդարանում: Փոխարենը շատերի համար անսպասելիորեն որոշվեց պահպանել Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովը, որը վերջին նստաշրջանում ոչ մի անգամ նիստ չէր գումարել: Ու թեեւ այս հանձնաժողովը ղեկավարած Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ հանձնաժողովը բավականին արդյունավետ աշխատել է, պարզապես կատարված գործը շատ չի հրապարակայնացվել, այնուամենայնիվ, կարծիք կար, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ խորհրդարանում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովը շարունակում է իներցիայով գործել՝ այն լուծարելով ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար: Ավելին՝ 2013թ. սեպտեմբերի 3 ից հետո խոսվում էր նոր՝ Եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:
Եվ հիմա՝ նոր խորհրդարանում Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը կարելի է դիտարկել որպես քաղաքական ուղերձ՝ նոյեմբերին ԵՄ հետ ստորագրվելիք նոր՝ խորը եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ: ԱՆշուշտ, այս ուղերձը կարող է լինել հուսադրող, եթե, իհարկե, Հայաստանը շարունակի ԵՄ հետ ինտեգրացիոն քաղաքականության խորացումը, եւ չկրկնվի 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովի պատմությունը: Հատկապես որ ստորագրվելիք փաստաթուղթն ինքնին շատ ավելի ցածր աստիճանի ինտեգրացիա է ենթադրում, քան այն, ինչ խոստացվում էր 2013-ին բանակցված եւ նախաստորագրման պատրաստ Ասոցացման համաձայնագրով:
Ամեն դեպքում, Հայաստանի ինքնիշխանությունը վերջին տասնամյակում այն աստիճանի կախվածության մեջ է Կրեմլից, որ անգամ ԱԺ-ում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի գոյությունը կարելի է լուրջ քայլ համարել: Այլ խնդիր է՝ դա արվել է հյուսիսից պաշտոնապես թույլտվություհ ստանալուց հետո, թե քաղաքական խիզախության արդյունքում, որի դիմաց առաջիկայում կարող են լինել եղբայրական «ապտակներ» ՀՀ իշխանություններին:
Նկատի առնելով այս հանձնաժողովի նոմինալ գոյությունը եւ փաստի անգործությունը նախկինում՝ կարող ենք ասել, որ սա կարող է լինել փոքրիկ բոնուս ՀՀ իշխանություններին՝ սիրաշահելու տասնյակ միլիոնների վարկեր խոստացող ԵՄ պաշտոնյաներին: Ի վերջո, հենց նույն Կրեմլում էլ հասկանում են. եթե իրենք ֆորպոստին փող չեն տալիս, պետք է չփակեն գոնե այլ խողովակներով փող ստանալու հնարավորությունը, այլապես կարող են լինել անկառավարելի զարգացումներ: