ԼՂ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵ՞Լ Է ՈՒԶՈՒՄ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ Է ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրադարձությունները սկսել են նոր հունով ընթանալ:

Եւ այսպես՝ նախօրեին նոր խորհրդարանի բացման նիստի ուղերձում Սերժ Սարգսյանը ծավալուն անդրադարձ է կատարել ԼՂ խնդրին:
«Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում եւ ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, եւ հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը»,- հայտարարել է նա։ Ս. Սարգսյանը նաեւ նշել էր, թե «Հիմնահարցը մինչեւ այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում եւ իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։ …Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց եւ պատրաստ ենք ու այսուհետ եւս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով»։
Ուշագրավ է փաստը, որ առաջին անգամ Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարում է օր առաջ ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտության մասին եւ հայտարարում, թե չի ցանկանում հաջորդ սերունդների ուսերին դնել խնդրի լուծման ծանրությունը: Գոնե իր նախագահության օրոք Սերժ Սարգսյանն այսպես բացահայտ չէր հայտարարել ստատուս-քվոն փոխելու եւ հաջորդ սերունդների վրա բեռ չդնելու պատրաստակամության մասին: Միայն խոսվել է, որ դեռ 2011թ. Կազանում Հայաստանը պատրաստ է եղել ստորագրելու փաստաթուղթը, իսկ ահա Ադրբեջանը վիժեցրել է այն՝ նոր առաջարկներ ներկայացնելով: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր 2013թ. հոկտեմբերին ԵԽԽՎ-ում՝ պատվիրակների հարցերին պատասխանելիս, ասել էր նաեւ 2016թ. ապրիլին «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում, նաեւ 2016թ. նոյեմբերին՝ ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովի հետ հարցազրույցում՝ ընդ որում, շեշտելով, թե Հայաստանը պատրաստ է եղել վերադարձնել բոլոր յոթ շրջանները:
Ու հիմա ԱԺ նիստում ստատուս-քվոն փոխելու մասին այսպես խոսելը թույլ է տալիս ենթադրելու, որ գոնե պաշտոնական Երեւանը հայտարարում է բանակցային սեղանին դրված փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին: Կամ էլ, միգուցե, Սերժ Սարգսյանը փորձում է մանեւրել՝ հստակ իմանալով, որ Ադրբեջանը, միեւնույն է, հրաժարվելու է փաստաթղթի ստորագրումից, փորձում է միջազգային հանրության մոտ խաղաղարարի կերպար ընդունել ու հայտարարել հարցը լուծելու մասին:
Այդ նպատակով Ս. Սարգսյանը նույնիսկ մանրամասներ է բացահայտել փաստաթղթի բովանդակությունից՝ ներկայացնելով հայկական կողմին ձեռնտու դրույթները. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաեւ Ադրբեջանի համար եւ երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ … Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է նա։
Միաժամանակ նկատենք՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին նաեւ՝ ՌԴ ԱԳՆ-ն եւ Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն հնչեցրել: Ու կրկին առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե ընդհանուր ձեւակերպումներով կողմերին է կոչ անում խաղաղություն պահպանելը, այլ կոնկրետ պաշտոնական Բաքվին: Ընդ որում, հիշեցնենք, նման հասցեական քննադատություն ՌԴ-ի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չէր եղել անգամ ապրիլյան պատերազմի հետ կապված: «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչեւ մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»,- ասված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: Ու թեեւ համանախագահները նշել են, որ իրավիճակի մասին ավելի լիարժեք ու ճշգրիտ պատկերացում կազմելու համար շարունակում են տեղեկատվություն եւ վերլուծություն հավաքել, բայց եւ արձանագրել են. «Համանախագահները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հակամարտության գոտում լարվածության հետագա աճը կանխելու համար»:
Ադրբեջանի հասցեին քննադատություն է հնչեցրել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով. «Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ կողմերին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել հակամարտության գոտում հետագա էսկալացիայի եւ լարվածության կանխարգելման համար: Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»:
Այս ամենը, թերեւս, հազիվ թե պատահականություն լինի, ու տպավորություն է, թե, այնուամենայնիվ, կողմերին տանում են ԼՂ խնդրի լուծման: Թե ինչո՞վ կավարտվի այս ամենը, եւ արդյո՞ք այս անգամ ՌԴ-ին կհաջողվի հասնել հարցի կարգավորման, ցույց կտա ժամանակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՆՐԱՆ ԿՏԵՍՆԵՆՔ
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին հնարավոր է՝ առաջիկայում տեսնենք գործադիր մարմնում: Տեղեկացնենք, որ մինչ այս, լուրեր էին շրջանառվում, որ Հովհաննես Սահակյանը նշանակվելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, փոխարենը երեկ այդ պաշտոնում նշանակվեց Արա Սաղաթելյանը: Հարցին՝ ինչո՞ւ Ձեզ չնշանակեցին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Սահակյանը զարմացավ. «Ինչո՞ւ ինձ պետք է նշանակեին այդ պաշտոնին»: Ի դեպ, մինչ խորհրդարանական ընտրությունները Հ. Սահակյանը նշում էր, որ ինքը իրեն տեսնում է գործադիր մարմնում: «Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորից հետաքրքրվեց՝ նման առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան՝ Սահակյանն անկեղծացավ. «Առաջիկայում ամեն ինչ կիմանաք: Բնականաբար, չեմ ասում՝ գործադիրում անպայման կտեսնենք կամ որեւէ տեղ, փակագծեր չեմ բացում: Կլինի դատական, թե գործադիր, ամեն ինչ լավ կլինի»:

 

 

3-ԻՆ ՉՆԵՐԵՑ
Երեկ՝ նորընտիր Ազգային ժողովի երկրորդ նիստի ժամանակ, Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից երեք հոգի ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածները դաշինքի ութ ըմբոստներից են, ովքեր համարձակվել էին առանց դաշինքի առաջնորդ Ծառուկյանի իմացության գնալ ԿԸՀ եւ հետ վերցնել նախքան ընտրությունները գրած ինքնաբացարկի դիմումները: Չնայած 8 հոգի էին դեմ գնացել նախնական պայմանավորվածությանը, բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կբավարարվի միայն նրանց պատժելով: Նկատենք, որ Ծառուկյանի համար ամենասկզբունքային հարցերից մեկը Խաչիկ Մանուկյանին ստիպելն էր, որ մանդատից հրաժարվի, քանի որ դաշինքի առաջնորդը ցանկություն ունի նրա փոխարեն իր օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը՝ Նորա Առուստամյանին, պատգամավոր դարձնել: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել դաշինքի անդամ Վարդեւան Գրիգորյանի հետ, եւ քանի որ մայիսի 17-ին «կանյաչնիում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գրիգորյանը դիմել էր Ծառուկյանին եւ խնդրել ներողամիտ գտնվել ըմբոստացածների նկատմամբ, հետաքրքրվել, թե քանի հոգու հանդեպ ներողամիտ գտնվեց Ծառուկյանը. «Երեւի երեքը, որ այսօր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, դա իրենց խնդիրն է, կարծում եմ, որ մյուսների նկատմամբ եղել է ներողամտություն եւ մեծահոգություն»,- ասաց պատգամավորը:

 

 

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը երեկ «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել է: Համալսարանի հանրային կապերի բաժնից փորձեցինք ճշտել տեղեկության հավաստիությունը, այնտեղից հաստատեցին վիրահատության փաստը, սակայն այլ մանրամասներ չտրամադրեցին:
Զարմանալի է, որ ԵՊԲՀ ռեկտորը չի վիրահատվել արտերկրում, առողջությունը վստահել է իր հայ գործըներներին եւ վիրահատվել է «Էրեբունի» ԲԿ-ում:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԽՏԵԼ
Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել խաղաղ գործընթացի առաջ մղմանը միտված համաձայնությունները, թեպետ դրանց կարեւորությունն ընդգծվել է տարբեր հանդիպումների ժամանակ: Այս մասին խորհրդի նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հայտարարել է, որ հայկական կողմը կիսում է կառույցի գլխավոր քարտուղարի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն՝ ժողովրդավար երկրները, առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: «Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին՝ հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ միջազգային հանրության հետեւողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,- ընդգծել է Նալբանդյանը

 

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՐՏԱՔՍԵԼ
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթեջին հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի ղեկավարությանն անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին: Դեսթեջին ընդգծել է. «Թուրքիան չպետք է որեւէ հարաբերություն ունենա Հայաստանի հետ, սահմանը չպետք է բացվի»: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններից՝ «Մեծ միություն» կուսակցության ղեկավարը կոչ է արել արտաքսել երկրում բնակվող, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայերին:

 

 

ԱՆՑԵԼ Է ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացված ընտրատեղամասում նախագահական ընտրությունների քվեարկությունն անցել է բնականոն հունով: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին, քվեարկելու իրավունք ունեն շուրջ 55 միլիոն իրանցիներ: Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ Իրանում անցկացվող հարցումների արդյունքներն այնքան էլ արժանահավատ չեն: Ըստ վերլուծաբանների՝ ընտրողների ակտիվության դեպքում մեծ են Ռոհանիի հաղթանակի հնարավորությունները, թեեւ Ռաիսին Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի մերձավորներից է:




Լրահոս