ԵՍ ԱՍԵԼ ԵՄ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ ԱԶԱՏԵ՞Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները բեռնատարով կոտրեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի դարպասները՝ ներխուժելով ներս, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «մարդ բերել»:

Եւ ահա այդ գործին լծվեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով իրապես բարձր հեղինակություն ուներ ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ զինված խմբի առաջնորդների մոտ, ուստի ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ծրագրվել էր: Բալասանյանը խոստացավ միջնորդել, որ խմբի անդամները մեղմ պատիժ կստանան, եթե խաղաղ ու ինքնակամ հանձնվեն: Զինյալները հանձնվեցին…
Սակայն իրադարձությունների զարգացումը Վիտալի Բալասանյանի դեմ եղավ, քանի որ նա իր տված որեւէ խոստման տեր չեղավ, ավելին՝ զինված հարձակման մասնակիցներին «պատվով» բանտ ուղարկելուց հետո Արցախում պաշտոն ստացավ՝ ԱԽՔ պաշտոնը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:
Իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն էլ 2017 թվականի մայիսի 10-ին ավարտեց «Սասնա ծռերի» գործով նախաքննությունը եւ մեղադրական եզրակացությամբ այն ուղարկեց դատարան: Ընդ որում, գործով անցնող բոլոր մասնակիցների նկատմամբ առաջադրված մեղադրանքը բավականին խիստ է:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
-Պարո՛ն Բալասանյան, Դուք անցած տարի «Սասնա ծռեր» խմբի տղաներին խոստացաք զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ՝ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվել է, եւ բավականին խիստ պատիժներ նախատեսած գործը մտել է դատարան: Ինչո՞ւ խաբեցիք տղաներին:
-Ի՞նչ է նշանակում՝ իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն՝ ես ասե՞լ եմ՝ մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ: Քրեական գործ է հարուցվել, քրեական գործերի շրջանակներում ե՛ւ դատախազությունը, ե՛ւ իրավապահ մարմինները, դատարանը կտան իրենց համարժեք գնահատականները: Ինչի՞ մասին է խոսքը, եթե ամեն մեկս մեզ համար գնահատական տանք, ապա իրավապահ մարմիններին ինչո՞ւ ենք պահում:
-Խոսքը Ձեր խոստման մասին է: Դուք ի՞նչ արեցիք՝ նրանց պատիժը մեղմացնելու, հետեւաբար՝ Ձեր խոստումը պահելու համար:
-Մենք առաջին օրն ասացինք, երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք: Իմ հայտարարությունից հետո տեսեք՝ քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արել:
-Պարո՛ն Բալասանյան, այնուամենայնիվ, մարդկանց դատում են ամենախիստ հոդվածներով: Դուք Ձեզ վատ չե՞ք զգում:
-Նորից եմ կրկնում Դուք մի հատ բացեք, նայեք, երբ առաջին անգամ մենք լրատվամիջոցների հետ հանդիպում ենք կազմակերպել եւ որոշել այն տեղը, որտեղ պետք է զինված խմբի անդամներն առանց զենքի մոտենային ու իրենց հայտարարություններն անեին, բայց զինված խմբի բոլոր անդամները խախտեցին բոլոր պայմանավորվածությունները: Լրագրողները հատեցին սահմանը, խառնվեցին այդ խմբի անդամների հետ, դրանից հետո սկսվեցին կրակոցները: Հիմա տեսեք՝ ով չի պաշտպանել այդ պայմանավորվածություններն, ու հարցերը ուղղեք համապատասխան մարդկանց:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԸ ԱՆՀԻ՞ՄՆ Է ԱԶԱՏԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ
Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N5 հիմնական դպրոցում մթնոլորտը թեժ է: Բանն այն է, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը ազատվել է աշխատանքից: Ըստ որոշ տեղեկությունների` նրան մարզպետ Արամայիս Գրիգորյանը անհիմն է ազատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Արարատի մարզպետարանի դիմաց դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել տնօրենին աշխատանքից ազատելու հետ կապված: Նրանք պահանջում են, որ մարզպետ Գրիգորյանը Ռուզաննա Հայրապետյանին դպրոցի տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը չեղյալ համարի:
Տեղեկացնենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հրահանգով մարզպետարանը ներքին աուդիտ է իրականացրել նշված դպրոցում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին աուդիտը իրականացվել է մայիսի 3-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ` 4 աշխատանքային օր: Ներքին աուդիտի իրականացման շրջանակում հիմնականում ընդգրկվել է դպրոցի 2014, 2015 եւ 2016 թվականների ընթացքում իրականացրած ֆինանսական գործառույթները, գնումների գործընթացները, նախատեսված եւ կատարված փաստացի ծախսերի համեմատումը, աշխատավարձերի հաշվարկման կարգը, հաշվետվությունների արժանահավատությունը եւ համապատասխանությունը օրենքներին եւ այլ իրավական ակտերին: Ասել է, թե 566 աշակերտ ունեցող հիմնական դպրոցը հայտնվել է մարզպետ Արամայիս Գրիգորյանի տեսադաշտում: Այս պահին դեռ հայտնի չէ, թե մարզպետարանը կոնկրետ ինչ խախտումներ է հայտնաբերել:
Տեղի ունեցածի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց դպրոցի տնօրեն Ռ. Հայրապետյանի հետ. «Չգիտեմ, թե ինչն է խնդիրը… Ես ոչինչ չգիտեմ: Ես ոչ մի բանում մեղավոր չեմ եւ սխալ բան չեմ արել: Թող իրենք ասեն, փաստեր ցույց տան: Եթե բացահայտել են, թող ապացուցեն: Ոչ մի խնդիր դպրոցը չի ունեցել գումարի հետ կապված… թող իրենք փաստերով պատասխանեն, հրապարակեն»,-փոխանցեց տնօրենը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ Արարատի մարզպետարանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Հ.Գ. Ավելի ուշ «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքից ազատվել է նաեւ Արտաշատ քաղաքի N 4 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանը, ինչի համար դպրոցի աշակերտներն ու ծնողները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել: Սակայն մարզպետարանից պատճառաբանեցին, որ Ն.Մ.-ի աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվել է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ
Բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառներում եւ Իջեւանի անտառտնտեսության տարածքում կատարված ապօրինի, զանգվածային ծառահատումների կապակցությամբ հարուցվել են քրգործեր, որոնց քննությունը ներկայումս ընթացքի մեջ է: Վերոհիշյալ տարածքներում անօրինական ծառահատումների մեծ թիվը պատճառ է դարձել, որ բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանը զրկվի պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ Ա. Մանուչարյանին առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել, որն էլ նա արել է: Զանգահարեցինք բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին: ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում տեղադրված են բնապահպանական պետական տեսչության տարածքային բոլոր բաժինների պետերի լուսանկարներն ու նրանց անուն-ազգանունները, սակայն Տավուշի տարածքային բաժնի պետի լուսանկարը եւ անուն-ազգանունը հանված են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ 200 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի 38-ամյա ղեկավարը ոստիկաններին է դիմել` հայտնելով, որ Իջեւանի 36-ամյա մի բնակչուհի իրեն ներկայացել է որպես բարեգործակական մի կազմակերպության ներկայացուցիչ, շահել է իր վստահությունը եւ խոստացել իր համայնքում ենթակառուցվածքների բարելավման ծարագրեր իրականացնել՝ գյուղի ճանապարհը ասֆալտապատել, մանկապարտեզի շենքը վերանորոգել եւ այլն: Ըստ գյուղապետի՝ այդ կինն իրենից պահանջել եւ ստացել է 200 հազար ԱՄՆ դոլար: Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով՝ ոստիկանները քննել են կնոջը, ով հայտարարել է, որ գյուղապետից ստացել է 80 հազար դոլար, սակայն համայնքի ղեկավարը իրեն ստորագրել է տվել, որ ստացել է 200 հազար դոլար: 36-ամյա կինը ամուսնալուծված է, ունի 2 տարեկան երեխա: Այս պատմությանը ծանոթ մարդիկ զարմանում են, թե այդ կինը ինչպե՞ս է շահել համայնքի ղեկավարի վստահությունը, որ նա այդքան գումար է տվել վերջինիս: Հարց է ծագում, թե շուրջ 600 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարին որտեղի՞ց 200 հազար դոլար գումար: Համայնքի ղեկավարները համապետական ընտրությունների ժամանակ սովորաբար հանդես են գալիս որպես թեկնածուների եւ համայնքի բնակիչների միջեւ ընտրակաշառքի միջնորդներ եւ այդ ձեւով գումարներ են վաստակում: Որոշ գյուղապետեր էլ հարստանում են, երբ իրենց համայնքում տարբեր ծրագրեր են իրականացվում, օրինակ՝ ջրագիծ է կառուցվում: Գյուղապետերն աչք են փակում ծրագրի ընթացքում շինարարական թերությունների, տեխնիկական խախտումների վրա, դրա դիմաց շինարարությունն իրականացրած կազմակերպության ղեկավարը «վարձահատույց է լինում» համայնքի ղեկավարին, ում ստորագրությունը դրվում է շինարարության ավարտական ակտի տակ: Բերդի տարածաշրջանի համայնքապետի դիմումի հիման վրա ոստիկանության Իջեւանի բաժնում նյութերի նախապատրաստումից հետո կորոշվի քրեական գործ հարուցելու հարցը:

 

 

 

ՏՈՆ ՕՐՈՎ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի բնակիչ ծնողներից բողոքներ է ստացել, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանների աշակերտները պետք է հայոց լեզու առարկայից քննություն հանձնեն: Տավուշցի ծնողներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, ասաց, որ հունիսի 1-ին իր երեխան պետք է մասնակցի երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման, սակայն պետք է նաեւ հայոց լեզվի քննություն հանձնի, եւ իրենք չգիտեն, թե ինչպես վարվել: Քննությունը հունիսի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով: Մի՞թե հնարավոր չէր 4-րդ դասարանի երեխաների քննությունը այլ օր նշանակել, որպեսզի երեխաները ոչ թե լարվեին քննության ժամանակ, այլ վայելեին իրենց տոնը, որը նաեւ ամռան սկիզբն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս