ԱՄԱՌԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված օրերից ամառն այցի կգա մեզ` իր հետ բերելով տաք գույներ ու վառ տրամադրություն: Շատերս արդեն անհամբեր սպասում ենք սեզոնի փոփոխությանը, սակայն դեռ չենք պատրաստել մեր զգեստապահարանները: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հագուստի եւ աքսեսուարների ճիշտ ընտրություն կատարենք` նախապատվությունը տալով սեզոնի նոր թրենդներին: Այդ հարցում տեղին է դիմել մասնագետի օգնությանը: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»ը զրուցել է ոճաբան Արփինե Կոշտոյանի հետ:

Գերիշխող կլինի 80-ականների շունչը
Այս ամռանը նորաձեւության ոլորտում գերիշխող կլինի 1980-ականների շունչը, մասնավորապես անհամատեղելի թվացող լուքերի համադրությունը: Աչքի կընկնեն կոմբինիզոնները, կողային գծերով տաբատները, որոնք կարելի է կրել ե՛ւ բարձրակրունկներով, ե՛ւ սպորտային կերպար կերտելիս: Նշյալ տաբատները հեշտ է միքսել տարբեր ոճերում: Ակտուալ կլինեն նաեւ լայն, ուղիղ կտրվածքներով վերնաշապիկները: Հավաքածուներում աչքի կզարնեն շիֆոնե թափանցիկ սվիտերները, որոնց տակից կարելի է կրել բարակ կանթերով զգեստներ` համատեղելով բոթասների հետ: Այդ ոճի սվիտերները կարելի է կրել նաեւ plise գործվածքով կիսաշրջազգեստի հետ: Առհասարակ, սեզոնին նորաձեւ են plise միդի կիսաշրջազգեստներն ու զգեստները:

Տղամարդկանց պահարաններից` կանանց պահարաններ
Ամռանը ուլտրամոդայիկ կլինի ֆուկսիան` մուգ վարդագույնը: Կշարունակվեն ակտուալ մնալ գունեղ, ծաղկային նախշերով զգեստները: Կարելի է ստանալ ամառային հետաքրքիր կերպարներ, որոնք կասոցացվեն հենց 1980-ականների հետ: Պայուսակներից մոդայիկ կլինեն ուսապարկերն ու փոքրիկ, պաստելային երանգներով մոդելները: Միշտ թրենդային են նուրբ ժանյակներով, գիշերազգեստ հիշեցնող սեւ, դասական զգեստները: Նորաձեւ կլինեն նաեւ արքայադստեր կիսաշրջազգեստ հիշեցնող լուքերը, որոնցով այսօր արդեն ներկայանում են առօրյայում: Դրանք կարելի է համադրել պոլո շապիկների հետ: Վերջիններս տղամարդկանց զգեստապահարանից հասան կանանց` կիրառվելով թե՛ որպես շապիկ, թե՛ որպես զգեստ: Կարելի է պահարանում ունենալ մի քանի գունեղ պոլոներ եւ բոթասներ ու արդյունքում դիտվել որպես սուպեր-նորաձեւ անհատ:

Թափանցիկությունը կխրախուսվի
Միշտ ակտուալ ջինսե տաբատները այս ամռանը կզիջեն իրենց դիրքերը ջինսե կիսաշրջազգեստներին: Նորաձեւ կլինեն դենիմ ժիլետները, մինչեւ ծունկ հասնող, քրքրած էֆեկտով անթեւ ժակետները, որոնք կարելի է կրել նուրբ զգեստների վրայից: Ամռանը ոճաբանների կողմից կխրախուսվեն թափանցիկ զգեստները` թե՛ բլուզների, թե՛ կիսաշրջազգեստների պարագայում: Մոդայիկ կլինեն նաեւ հովարով գլխարկները, մոռացված «կեպկաները»: Վերջիններս կարելի է համադրել դասականից մինչեւ սպորտային ոճի զգեստների հետ:

Բաց, բայց ոչ վուլգար
Այս ամռանը նորաձեւության գագաթնակետին կլինեն խալաթները, որոնցով կարելի է ներկայանալ դրսում` հանդես գալով տոնական եւ նույնիսկ գործնական լուքերով: Խոսքը բնական մետաքսից կարված նրբագեղ խալաթների մասին է, որոնց հետ էքսպերիմենտների սիրահարները կկրեն հետաքրքիր, մեծ ականջօղեր: Այդ խալաթների պարագայում ոտքերը փոքր-ինչ բացելն արդարացված կլինի: Ամռանը գեղեցիկ կնայվեն նաեւ բաց ուսերը, ուստի ակտուալ կլինեն ուսերին «կանգնող» կամ խորը դեկոլտեով բլուզները: Առհասարակ, նոր սեզոնին կանայք կարող են իրենց թույլ տալ կրել բաց զգեստներ: Միայն թե պետք չէ մոռանալ գրագետ հագնվելու կանոնների մասին, եւ հարկավոր է բացել մարմնի մի հատվածը միայն` շեշտադրելով ներքեւի կամ վերեւի մասը: Այդ կերպ հնարավոր կլինի խուսափել վուլգարությունից: Եվ պետք է հիշել, որ ամենագեղեցիկը հագնված կինն է, բայց գրագետ հագնված:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԱՐԹՈՒՐՈ ՍԱՅԱՆԸ

Դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանը, ով հայտնի է «Փշրված իրականություն», «Քրմուհին» եւ այլ ֆիլմերից, հեռուստանախագծերից, հեռուստասերիալներից, տեւական ժամանակ է` բնակվում է Գերմանիայում: Վերջինս «Ժողովուրդ»-ին պատմել է, թե արտերկրում ինչով է զբաղված, որ դեպքում կվերադառնա Հայաստան եւ պատասխանել է հարցին, թե ինչպես ստացվեց, որ Արթուր Կարապետյան անուն-ազգանունը փոխարինեց Արթուրո Սայանով:

«Արթուրո Սայանը ժամանակին բեմական կեղծանուն էր, իսկ հետո դարձավ նաեւ հիմնական անուն: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է այն հնչում` կարճ է, ինքնատիպ եւ հիշվող: Բացի այդ` Սայան ազգանունը առաջացել է իմ նախապապ Սայիկի անունից, այսինքն` այն ինձ համար ունի նաեւ իմաստային ու գաղափարական նշանակություն»,-մեկնաբանեց ռեժիսորը:
Նա տեղեկացրեց, որ այժմ ուսումնական պրոցեսի մեջ է. սովորում է էքսպերիմենտալ ֆիլմռեժիսուրա` Քիլ քաղաքի Արվեստի բուհում: Արթուրոյի վերջին կարճամետրաժ ֆիլմը «Քամու հետքերով»-ն է` նկարահանված Ֆրանկֆուրտում: Բացի այդ` նա զուգահեռաբար աշխատում է մի քանի նախագծերի վրա, ծրագրում է մասնակցել փառատոների: Մի ծրագրի շրջանակներում էլ ռեժիսորն աշխատում է այնպիսի նախագծերի վրա, որոնցում ներգրավում են արվեստի հետ առնչություն ունեցող մարդկանց, որոնք Գերմանիայում փախստականի կարգավիճակով են ներկայանում:
Մեր հարցին, թե ո՞ր դեպքում կվերադառնա Հայաստան, Արթուրոն պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, հետաքրքիր եւ արդյունավետ կլինի ապագայում լինել Հայաստանի մշակույթի մի մասնիկը Եվրոպայում եւ ուժերիս ներածին չափով անմասն չմնալ հայրենիքի մշակութային կյանքից»:
«Հայաստանից, օրինակ, շոուներ, հաղորդումներ վարելուն առնչվող գրավիչ առաջարկներ չունե՞ք»,- հարցրինք մենք (Արթուրոն եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Էքստրասենսներ» նախագծի հաղորդավարը). «Նման առաջարկներն իրատեսական չեն լինի, փոխարենը եթե, օրինակ, գեղարվեստական լուրջ ֆիլմում ներգրավվելու հրավեր լինի, մեծ հաճույքով կընդունեմ, ոչ շատ երկար ժամանակով Հայաստանում մնալու եւ աշխատելու պայմանով»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Դարի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն իր անվան հրապարակում նշելն արդեն ավանդույթ է դարձել: Այս տարի եւս Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կանցկացվի բացօթյա համերգ, որը հարգանքի տուրք է երգչի արվեստին, կյանքին եւ գործունեությանը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»: Շանսոնյեն դառնում է 93 տարեկան: «Ազնավուրը ֆանտաստիկ երեւույթ է: Նրա նման մարդիկ 200 տարին մեկ են ծնվում: Նա մեծագույն արտիստ է, որի առաջ պետք է խոնարհվել: Այս համերգին մեր հարգանքն ենք արտահայտելու նրա հանդեպ»,¬ նշել է համերգի մասնակից, երգիչ Արամոն: Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն նաեւ Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի, «Kami friends project»¬ի, DJ Beatman-ի կատարմամբ:

 

 

ՇԵՐՆ ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), որն իր կարիերայի ընթացքում ներկայացրել է մի շարք հիթեր, հանդես է եկել անսպասելի խոստովանությամբ: Աստղն ասել է, թե չի հավանում իր երգերն ու ստեղծած երաժշտությունը: «Ես Շերի երկրպագուն չեմ: Չեմ կարծում, որ իմ գեղագիտական ճաշակը համընկնում է այն ուղղության հետ, որը նա է ներկայացնում»,- Billboard Magazine ամսագրին տված հարցազրույցում ասել է նա:
Շերը նույնիսկ նշել է, որ իր երգացանկում կան այնպիսի գործեր, որոնք ինքն ուղղակի ատում է: Երգչուհու խոսքով` իր ամենաչսիրած ալբոմը 1995թ. թողարկված «It՚s A Man՚s World»-ն է:

 

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ մոդել Նինա Ագդալը բաժանվել են: Այս մասին գրում է Daily Mail-ը: Արդեն մեկ տարի էր` նրանք հանդիպում էին: Վերջին անգամ աստղերին միասին տեսել են մայիսի 9-ին, Արեւմտյան Հոլիվուդում: «Երկուսն էլ որոշեցին, որ պետք է բաժանվել: Ամեն դեպքում նրանք մնացել են ընկերներ»,- հայտնել են պարբերականի աղբյուրները:
Դի Կապրիոյի եւ Ագդալի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Նինան իմացել է, որ Լեոն ընկերների եւ անծանոթ աղջիկների հետ երեկույթ է կազմակերպել Մալիբուի իր տանը: Դրանից հետո մոդելը նույնիսկ չեղարկել է Ավստրալիայում կայանալիք Mercedes Benz Fashion Week-ին իր մասնակցությունը:




Լրահոս