«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպմանը, որի քննարկման թեմաներից մեկն էլ եղել է խտրականությունների դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են այդ ուղղություններով համագործակցության հանձնառությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ 2015թ. աշնանը ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրով պարտավորվել էր «Խտրականության մասին» օրինագիծ ընդունել, նաեւ ՄԻՊ-ում ստեղծել սեռական փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող մարմին: Ընդ որում, ՄԻՊ-ին նման լիազորություններ տալու հիմնական ջատագովներից է եղել ՀՀ արդարադատության այն ժամանակվա փոխնախարար Արման Թաթոյանը, որն այսօր ինքն է ՄԻՊ պաշտոնում: Երեկվա հանդիպումն ուշագրավ էր նաեւ մեկ այլ առումով. օրերս մայրաքաղաքում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին:
Թեեւ քաղաքապետարանը պարզաբանեց, որ պաստառները հանվել են, քանի որ ապօրինի էին, բայց իրական պատճառը սեռական փոքրամասնությունների նկատմամբ հայ հասարակության մերժողական վերաբերմունքն է: Ու անկախ այս ամենից՝ ՄԻՊ Արման Թաթոյանը պետք է այս հարցում դիրքորոշում հայտնի. դատապարտո՞ւմ է երկնագույնների քարոզչության խափանումը, թե՞ դատապարտում է նրանց իրավունքների քարոզչությունը: Սակայն ավանդույթի համաձայն՝ նա լռում է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ՀՀ օմբուդսմենից, փոխարենը Բրյուսելում վերահաստատել է մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ուղղություններով համագործակցության հանձնառությունը: Օդի մեջ՝ դեկլարատիվ խոստումներ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: