«168 ժամ» թերթը գրում է. «Ես չէի գերագնահատի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանից ամիսներ առաջ նույնանման բավականին հասցեական հայտարարություն հնչել էր՝ ուղղված Հայաստանին, երբ կոչ էին անում լուծել զոհված ադրբեջանցիների դիերի վերադարձման հարցը։ Այդ հասցեականությունը հերթափոխով լինում է, այնքան էլ ինտենսիվ չէ, եւ ես դրանից մեծ ակնկալիքներ չէի ունենա։
Կարծում եմ՝ 2-3 շաբաթ անց դրա մասին կմոռանան թե՛ Բաքվում, թե՛ Երեւանում։ Հրադադարի պահպանման առումով, կարծում եմ, պետք է անցկացվեն տեխնիկական բանակցություններ կողմերի դիրքերի հեռացման, անվտանգության ինչ-որ միջոցառումների մասին, որոնք, ցավոք, չեն կարող մնալ այն մակարդակին, որ, եթե կողմերը մոտեցել են 30 մետր, եկեք նրանց հեռացնենք 90 մետր։
Այդտեղ կարծես ոչ մի քաղաքական հարց չկա, բայց խնդիրն այն է, որ Բաքվի համար, որը հիմա սկսել է բավականին ակտիվ ճնշման քայլեր իրականացնել եւ պատասխան քայլերի դրդել հայկական կողմին, դա դառնում է քաղաքական հարց։ Բաքուն այսօր այնքան էլ հետաքրքրված չէ հակամարտության թուլացմամբ։ Եվ ես լիովին վստահ չեմ, որ դրանում իսկապես հետաքրքրված է Երեւանը»,- «168 ժամ»-ին ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, որ Ադրբեջանին ուղղված ԵԱՀԿ ՄԽ հասցեական հայտարարությունը որեւէ զսպող դեր չունեցավ Բաքվի համար, եւ շփման գծում ամեն օր շարունակում են կրակոցներ հնչել եւ զինվորներ զոհվել»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: