Նախօրեին նախագահական նստավայրում Հանրապետության տոնի առթիվ տեղի ունեցած պետական պարգեւների եւ կոչումների շնորհման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել իր հերթական պաճուճազարդ ելույթով:
Նորից լավատեսությամբ, Հայաստանը բարեկեցիկ երկիր դարձնելու մասին խոստումներով լցված տեքստ, որի ոչ մի տառին Հայաստանի շարքային քաղաքացին այլեւս չի հավատում:
«…Փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը»,- ասել է Սարգսյանը: Արդարությա՞ն սկզբունքով էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանվում եւ ընտրատեղամասերից դուրս համատարած կեղծիքներ իրականացվում: Արդարության սկզբունքի արդյունքո՞ւմ է, որ իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարող քաղաքացիների հոծ բազմությունը Կառավարության ամեն նիստի ժամանակ բողոքի ակցիաներ է անցկացնւմ, իսկ սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարից հուսահատվածներն էլ՝ հեռանում երկրից: Ասել է, թե արդարություն բառը անհամատեղելի է այս գործելաոճով աշխատող իշխանության հետ:
«Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա»,- հայտարարել է Սարգսյանը: Ո՞րն է Հայաստանում գործող իշխանության պատկերացմամբ համարվում բացառապես ճշմարիտ արժեք՝ կոռուպցիա՞ն, պետական միջոցների վատնո՞ւմը, թե՞ իրական մշակութային արժեք հանդիսացող շենքերի վաճառքն ու սեփականաշնորհումը:
Ի վերջո, արդեն տհաճ է դառնում ամեն անգամ Սերժ Սարգսյանի՝ իրականությունից կտրված, ճարտարագիր ռեֆերենտների տեքստերն ունկնդրելը՝ աչքի առաջ ունենալով 30 տոկոսանոց աղքատությունը, տնտեսական խղճուկ վիճակը, քաղբանտարկյալների առկայությունն ու այդ ամենի ֆոնին՝ ՀՀԿ-ի հերթական վերարտադրությունը:
Վահագն Հակոբյան