Գործողությունների պահանջ. ի”նչ անել, որպեսզի Ադրբեջանը պահպանի հրադադարի ռեժիմը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ուշագրավ ակնարկներ է արել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Մասնավորապես անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը, երբ հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատել էին Ադրբեջանին, Նալբանդյանն ասել է, թե այս իրավիճակում միջնորդները նաեւ պետք է կոնկրետ գործողությունների դիմեն:

«Միգուցե սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է արդեն ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը»,- ասել է Նալբանդյանը: Սակայն նա չի մանրամասնել, թե նման իրավիճակում կոնկրետ ի՞նչ գործողություններ կարող են անել համանախագահ երկրները: Համենայն դեպս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատի մեջ չեն մտնում պատժիչ գործողությունները, բայց նրանք կարող են ստիպել կողմերին ստորագրել հակամարտության կարգավորման փաստաթուղթն ու երկու երկրների միջեւ անվտանգության գոտի հանդիսացող տարածքում խաղաղապահներ տեղակայել: Այս դեպքում արդեն Ադրբեջանը չի համարձակվի խախտել հրադադարի ռեժիմը, իսկ եթե կրակոց արձակի, դա կլինի ուղղված միջազգային հանրությանը: Մինչ այդ Նալբանդյանն ասել է, թե Հայաստանը միշտ պատրաստ է ե՛ւ նախարարների, ե՛ւ նախագահների մակարդակով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս