«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 23-ին Երեւան քաղաքի Գլխավոր պողատայի եւ Սարյան փողոցի հատման մասում՝ Բոզանդի 101 հասցեում, շինաշխատանքների ժամանակ ծառեր էին հատվել: Ականատեսները դիմել էին Երեւանի քաղաքապետարան եւ ոստիկանություն՝ ծառահատման դեպքով ենթադրյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Տվյալ այգում այժմ էլ ընթանում է բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգումը պատվիրել է «Նոր Երեւան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ կապալառու կազմակերպությունը «Դակշին» ՍՊԸ-ն է:
Քաղաքապետարան ահազանգած քաղացին՝ Արման Գաբրիելյանն, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հատված ծառերից լուսանկարներ եւ հայտնել. «Բուզանդ 101 հասցեում ծառեր են հատել, մեր ահազանգով եկան ոստիկաններ ու Կենտրոն կանաչապատումի ներկայացուցիչը: Պարզվեց, «Տաշիր գրուպ»-ը թույլտվություն ունի կենտրոնում այգի կառուցելու-կանաչապատելու, նաեւ ծառի ճյուղեր կտրելու թույլտվություն ունեն, սակայն ծառ հատելու թույլտվություն չունեին: Հատել են 2 ծառ»: Նույն օրը «Հետք» էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է ծառահատման դեպքին եւ պարզաբանում ստացել Երեւանի քաղաքապետարանից: Կայքին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ բնապահպանության վարչությունը պարզել է, որ ծառահատումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության, այդ իսկ պատճառով գործն ուսումնասիրվում էիրավապահների կողմից:
Armtimes.com-ը խնդրի վերաբերյալ երեկ դիմել էր Երեւանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, թե բնապահպանության վարչությունը դեպքն արձանագրելուց հետո նյութերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը վարչական վարույթ իրականացնելու համար:
Մեր հարցերին ի պատասխան նախարարության բնապահպանական պետական տեսչությանից հայտնեցին, որ «Հետք»-ի հրապարակման հիման վրա տեսչության Երեւանի տարածքային բաժնի ներկայացուցիչները գնացել են տեղազննության եւ պարզել են, որ հատված ծառերը ոչ թե երկուսն են այլ, ավելի շատ: Նրանց հենց տեղում «Նոր Երեւան» ՍՊԸ-ի կողմից տեղեկանք է տրվել, որ ծառերը հատելու թույլտվություն ունեցել են: Նախարարությանը տրամադրել են նաեւ համապատասխան եզրակացությունը, որտեղ շարադրված է, թե որ ծառերը պետք է հատվեն:
«Նոր Երեւան» ՍՊԸ-ի տնօրենը տեսչությանը ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը «Դեֆի» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Բարոյանին («Նոր Երեւան» ՍՊԸ-ի ներկայիս տնօրենին) տեղեկանք է տրամադրել դեռեւս 2015 թվականին, որ բարձր որոկավորմամբ մասնագետների տրամադրած եզրակացության հիման վրա հատման ենթակա ծառերի հատումը նպատակահարմար է իրականացնել դեկտեմբերի 8-ից հետո: Այսինքն՝ քաղաքապետարանն այն ժամանակ արդեն իսկ տեղյակ էր, որ տվյալ այգում հատման ենթակա ծառեր կան, տեղյակ էր, որ «բարձր որակավորում» ունեցող մասնագետները հատելու եզրակացություն էին կազմել եւ ավելին՝ այդ եզրակացության հիման վրա քաղաքապետարանը թույլվություն էր տրամադրել»:
Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: