Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ Բաթումում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28-ին հայկական համայնքային կառույցների և ՀՀ գլխավոր հյուպատոսության մասնակցությամբ Բաթումում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ: Ա. Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում կայացած տոնական միջոցառմանը Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակության մասին ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և ՀԱԵ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:

Գլխավոր հյուպատոսն անդրադարձավ առաջին Հանրապետության հռչակմանը նախորդած՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին, որոնցում կերտված հաղթանակների շնորհիվ հետ մղվեցին թուրքական զավթիչ զորքերը՝ հավելելով, որ դժվարագույն պայմաններում ընդամենը երկու տարի գոյատևած Հայկական Հանրապետությունը լուրջ քայլեր իրականացրեց պետականաշինության բնագավառում:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով և բանաստեղծությունների արտասանություններով հանդես եկան համայնքային երգչախումբը և Ա. Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները, ցուցադրվեցին ֆիլմեր մայիսյան հերոսամարտերի և Հայկական առաջին Հանրապետության մասին:

Տոնի առթիվ նույն օրը կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցում էին Աջարիայի պետական և Բաթումի քաղաքային մարմինների և հասարակայնության, հայկական համայնքային կառույցների, Աջարիայի ազգային փոքրամասնությունների, ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ:

Ընդունելության ընթացքում Հայկական առաջին Հանրապետության կայացման, մայիսյան հաղթական մարտերի, հայ-վրացական ավանդական բարեկամական կապերի մասին ելույթներով հանդես եկան ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը և Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը:




Լրահոս