Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգուի) ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոյին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացմանը, պաշտպանական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, միջազգային խաղաղապահ առաքելություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որը լավ հիմք կարող է հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում հայ-էստոնական հարաբերությունների խորացման և զարգացման համար:

Հյուրերի խնդրանքով Արտակ Զաքարյանն անդրադարձել է մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի մասին, նշել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Նա ընդգծել է նաև, որ ՀՀ պաշտպանական քաղաքականությունն ուղված է առաջին հերթին տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների ապահովմանը:




Լրահոս