Դեպի Իրան հայկական ապրանքներն արտահանելիս ընթացակարգային խոչընդոտները կհարթվեն. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել պաշտոնակցի՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ։ Հանդիպմանը քննարկել են երկու երկրներում ներդրումները, առևտրաշրջանառությունը խթանելու գործնական քայլերը և առաջացած խնդիրները։

2016 թ. հոկտեմբերին Թեհրանում անցկացված «Հայաստան Էքսպոյից» հետո սննդի, շինանյութի, ոսկեգործության, զբոսաշրջության, տեքստիլ ոլորտի 18 ընկերություններ և բանկեր բանակցություններ են վարում հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման ուղղությամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը բարձրացրել է ցուցահանդեսից հետո դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող ընթացակարգային խոչընդոտների վերացման խնդիրը։

«Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցելիս հայկական ընկերությունները հանդիպել են մի շարք ընթացակարգային խնդիրների՝ իրենց ապրանքներն ու իրերն Իրան տեղափոխելիս՝ կապված լրացուցիչ թույլտվությունների համակարգի հետ, որը բավականին բարդ, ժամանակատար գործընթաց է։ Անհրաժեշտ է դյուրացնել այդ ընթացակարգերը»,-նշել է Արմեն Ա. Ավակյանը։ ՀԶՀ Արտահանման տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել է արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերած և խոչընդոտների հանդիպած հայկական ընկերությունների ցանկը. հիմնականում սննդամթերք, տեքստիլ, ոսկերչական իրեր արտահանող։

«Հիմա ես այստեղ եմ և պատրաստ եմ հանդիպել նման խնդիրներ ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, պետական կառույցները պետք է ճանապարհ հարթեն, ենթակառուցվածքներ ստեղծեն երկու երկրների գործարարների համար Իրանում և Հայաստանում նոր ներդրումներ անելու և առևտրի ծավալները մեծացնելու համար»,- նշել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը։

Իրանցի պաշտոնակցի առաջարկով ՀԶՀ գործադիր տնօրենը ներկայացրել է մեր երկրի արտահանման և ներդրումային հեռանկարներ ունեցող ոլորտները՝ ՏՏ, զբոսաշրջություն, գյուղմթերքի վերամշակում, տեքստիլ, ոսկերչություն։

Հանդիպմանը շոշափվել է նաև մեր երկրից դեպի Իրան ներմուծվող ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը (որոշ դեպքերում՝ 100 տոկոսից ավելի)։ Ներկայում դեպի Իրան արտոնյալ պայմաններով՝ ցածր մաքսատուրքով 37 անուն հայկական ապրանքների արտահանման համար բանակցություններ են ընթանում։

Իրանական կողմի առաջարկով ՀԶՀ-ն կաջակցի Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպմանը։

Հանդիպման ավարտին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ա. Ավակյանը և Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջը համագործակցությունն ակտիվացնելու մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրով պայմանավորվել են աջակցել երկու կողմերի գործարարներին՝ Հայաստանում և Իրանում գործունեություն ծավալելիս։

Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ, Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջը հայաստանցի պաշտոնակցին աշխատանքային այցով հրավիրել է Իրան, առաջարկն ընդունվել է։




Լրահոս