Այս տարի հունիսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, իսկ հուլիսին ու օգոստոսին` նորմայից բավական բարձր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2–ից +5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3–ից +6, ցերեկային ժամերին՝ +25–ից +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Սյունիքի մարզի հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33–ից +37 աստիճանի: Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7–ից +10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34–ից +36 աստիճան»,- հավելեց նա:
Գ. Սուրենյանի խոսքով` այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է, այդ պատճառով հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր: «Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»,- հավելեց նա: