Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան – Եվրոպական միություն փոխգործակցության, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք շեշտվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները, այդ թվում Հորիզոն 2020, COSME ծրագրերին միանալը, Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ մեկնարկած բանակցությունները:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստան-Եվրոպական միություն 2017-2020թթ. ժամանակահատվածի համար Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթին՝ նշելով, որ դրանք հարաբերությունների զարգացման լավ հիմք են հանդիսանում։ Կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման նախատեսվող ընդունումը:
Եվրոպական երկրների հատուկ բանագնացները բարձր գնահատեցին Հայաստանի կառուցողական և ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացներում։