Նախօրեին Վանաձորի Աղայան 74 շենքի պոկված վերելակը վերջին անգամ փորձաքննություն անցել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աղայան 74 շենքի վերելակի անվտանգ շահագործման պատասխանատու Էդիկ Պողոսյանը:
«Լրատվամիջոցները գրել են, թե ճոպաններն են պոկվել. նման բան չկա, վերելակը հիմա էլ աշխատում է, պարզապես մենք ենք կանգնեցրել, մինչև համապատասխան փորձաքննություն կլինի: Դռները բացված ժամանակ վերելակը նորմայից ավելին է բարձրացել, ինչի հետևանքով էլ ընկել են մեջից»,- ասել է նա ու հավելել, որ փորձաքննությունը կատարվել է Տեխանվտանգության ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի կողմից՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսին. «Վերելակի շահագործումը մեկ տարի դեռ ուժի մեջ էր: Մանրամասների չեմ տիրապետում, հստակ չեմ կարող ասել, թե ինչն է եղել պատճառը»:
Ըստ պատասխանատուի՝ չի բացառվում, որ կատարվածը էլեկտրական լարերի կարճ միացման հետևանք լինի: Վանաձոր քաղաքում առկա է 166 վերելակ, որոնցից շահագործվում է 110-ը: Ասել է թե՝ 60 վերելակ բացառապես անսարք է ու չի շահագործվում: Վերելակների` որպես հիմնական շահագործող հանդիսանում են համատիրությունները, որոնք հաճախ չեն անցնում համապատասխան փորձաքննություն:
Հատկանշական է, որ Վանաձորի ամենահին վերելակը 50 տարվա է, իսկ ամենանորը՝ 31 տարվա արտադրության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 30-ին Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն էր ընկել 14-ամյա Լուսինե Զաքարյանը, ով ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Նրա հետ վերելակում եղել է 14-ամյա Վիկա Արզումանյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր