ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Վանաձորցի վարորդները սպառնում են փակել քաղաքի գլխավոր ճանապարհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի երթուղային տրանսպորտի վարորդներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով քաղաքապետարանից արագացնել ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները, ինչպես նաև ժամանակին լցնեն իրենց իսկ կողմից կտրած փոսերը: Մի քանի տասնյակ վարորդներ հավաքվել են Հայքի հրապարակում ու հրաժարվել ուղևորափոխադրումներ իրականացնել: Կարճ ժամանակ անց վարորդներն անցել են իրենց առօրյային՝ սպառնալով, որ եթե սեղմ ժամկետներում քայլեր չձեռնարկեն ՝ ճանապարհները բարեկարգելու ուղղությամբ, ապա իրենք կփակեն մարզկենտրոնի մի շարք ճանապարհներ, ինչպես նաև կհրաժարվեն վճարել գույքահարկի գումարները:

Երթուղայինների վարորդներին են միացել նաև անհատ տաքսու վարորդներն ու քաղաքացիները: Նրանց խոսքով՝ իրենց աշխատած գումարները գնում են միայն ու միայն մեքենաների նորոգմանը: Վանաձորում այսօրվա դրությամբ չկա գեթ մեկ փողոց, որը բարեկարգ կլինի: Օրական տասնյակ մեքենաներ են ջարդվում: Չնայած փոսային նորոգման աշխատանքները մարզկենտրոնում սկսել են դեռ մեկ ամիս առաջ, սակայն արդյունքը դեռևս չի երևում, քաղաքապետարանն ու ճանշինները բավարարվում են միայն թերևս ճանապարհները քանդելով, իսկ քանդածը լցնելու գործընթացն իրականացվում է առավել քան դանդաղ:

Մանրամասները՝  տեսանյութում

Էդվարդ Արզումանյան

Վանաձոր




Լրահոս