Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ականատես վկաներ են ի հայտ եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ականատես վկաներ են ի հայտ եկել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ իրավապահաները տեղեկություններ են ձեռք բերել, որ միջադեպին ականատեսներ են եղել, որոնց այս օրերին հրավիրել են հարցաքննության: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, ականատեսները եւս խոսքները մեկ են արել եւ իրավապահներին հայտնել են, թե որեւէ միջադեպ չի եղել, եւ իրենք որեւէ միջադեպի ականատես չեն եղել:

Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբներին պատգամավորի որդին դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն: Իրավապահները շուրջ մեկ շաբաթից ավել էր, ինչ փնտրում էին ծեծի ենթարկվածին, որին ավելի ուշ հայտնաբերեցին: Ինչեւէ, վերջինիս հայտնաբերելուց հետո իրավապահներին ասել է, թե որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ավելին՝ նորընտիր պատգամավորի որդին եւս ասել է, թե միջադեպ չի եղել:

Ըստ էության վերջին հույսը մնացել է նշանակված փորձաքննությունը, որը կա՛մ կհաստատի, կա՛մ կհերքի՝ արդյո՞ք «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին ծեծի ենթարկվել է, թե ոչ: Նշենք, որ տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով:




Լրահոս