«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար): Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, ուղղակի ներդրումներն ավելացել են 4.7 մլրդ դրամով: Բայց այս աճը գրանցվել է հիմնականում օֆշորային երկրներից արված ներդրումների հաշվին: Տեսակետ կա, որ գործող իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների՝ նախորդ տարիներին Հայաստանից հանված գումարներն են պտտվել օֆշորներում եւ որպես ներդրում վերադարձել են: Համենայնդեպս, ըստ ԱՎԾ-ի, միայն Ջերսիից 5.7 մլրդ դրամի ներդրում է իրականացվել, Կիպրոսից՝ 3 մլրդ դրամի եւ այլն:
Իսկ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել է իր կապիտալը: Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել. համենայն դեպս, այդ մասին են վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը:
Եւս մեկ ցուցանիշ, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. շարունակաբար աճում է Հայաստանից կապիտալի արտահոսքը: Եթե հունվարին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար, ապա արդեն ապրիլին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ դառնալով 86.2 մլն: Հիմնականում գումարները հոսել են դեպի ՌԴ: ԿԲ հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սկսել են նվազել Հայաստան արտերկրից կատարվող փոխանցումների տեմպերը. մարտին տրանսֆերները կազմել էին 127.4 մլն դոլար, իսկ արդեն ապրիլին փոխանցվել էր 109.2 մլն դոլար: Եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էլ այդ փոխանցումներն են, կարելի է ենթադրել, թե դրանց նվազման արդյունքում ինչ խնդիրներ են սպասվում առաջիկայում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: