«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում կայացած «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով համաժողովի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մի հայտարարություն խիստ պատահականորեն համընկավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ այսօր հրապարակած մի ցուցանիշի հետ: Պատահական այդ համընկնումը ուղղակի ցնցող է:
«Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում»,- այսօր համաժողովի ժամանակ հայտարարեց Սվիտալսկին:
Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում Եվրամիության երկրներից ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական: Այսինքն` պատկերավոր ասած, նախկինում արված ներդրումներից ստացված շահույթների արտահոսք է եղել Հայաստանից: Արտահոսքն էլ գերազանցում է 9 միլիարդ դրամը:
Այսպես. դեպի Գերմանիա արտահոսքը կազմել է 6.2 միլիարդ դրամ, դեպի Նիդեռլանդներ` 2.5 միլիարդ, Ֆրանսիա` 1.8 միլիարդ և այլն (տես աղյուսակը): Եվրամիության մի քանի երկրներից զուտ ներհոսքը դրական մեծություն է, սակայն դրանք շատ քիչ են: Օրինակ, Ֆինլանդիայից ներդրումների զուտ ներհոսքը 606 միլիոն դրամ է, Հունգարիայից` 166 միլիոն դրամ, Իտալիայից 51 միլիոն և այլն: Բայց այդ չնչին գումարները չեն հանգեցրել նրան, որ ընդհանուր հաշվեկշիռը լինի դրական»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: