Մարդկանց ճակատագրերի հետ խաղալու հերթը հիմա էլ Կարեն Կարապետյանինն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու:
Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռեւս 2007 թվականին: Նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես-կենտրոններ եւ հյուրանոցներ:

Մարդկանց կամքին հակառակ գործադիրը որոշում է կայացնում հեռացնել նրանց իրենց տներից՝ «խոստանալով» տրամադրել այլ բնակարաններ: Սակայն այդ խոստումներն ընդամենն աչքին թոզ փչելու համար են, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում:
Այդ տարածքների կառուցապատող հանդիսացող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել եւ այլեւս հնարավորություն չի ունեցել բավարարելու քաղաքացիների պահանջը, հետեւաբար վերջիններս հայտնվել են կոտրված տաշտակի առաջ:
Դեռեւս այս հարցերը չլուծած՝ գործադիրը հիմա էլ այդ տարածնքերը «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին է «տրամադրում»:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Իսկ նման գրառում առկա է լինում իրավասու մարմինների կողմից սահմանափակում կիրառված լինելու, սնանկության վարույթների գործով օրենքի ուժով սահմանափակում կիրառելու, ՀՀ ԴԱՀԿ ծառայության համապատասխան աշխատակիցների կողմից իրենց իրավասություններից բխող որոշումների դեպքերում: Ասել է, թե չի բացառվում, որ մի օր էլ այս ընկերությունը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ճակատագրին արժանանա:

Նկատենք, որ թե՛ Տիգրան Սարգսյանի եւ թե՛ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունները մշտապես խոստանում էին լուծումներ տալ բնակիչների բարձրացրած հարցերին, բայց բավարարվում էին ընդամենը խոսելով: Կարծես օրինաչափություն լինի. ամեն նոր վարչապետի ղեկավարած կառավարություն նման մի նախագիծ է հավանության արժանացնում հենց այս տարածքների վերաբերյալ:

Շքեղ բնակարաններում եւ առանձնատներում բազմած, պատկառելի ունեցվածք դիզած մեր բարձրաստիճան պաշտոնյաներն առանց խղճի որեւէ խայթի նման որոշումներ են ընդունում՝ տասնյակ ընտանիքների նետելով փողով: Զարմանալի է, բայց Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում հնարավոր է՝ մի օր թակեն դուռդ եւ ասեն, որ պետք է լքես այն տունը, որը կառուցել ես, որտեղ ապրել ու մեծացել ես:

Ինչեւէ: Մարդկանց ճակատագրերի հետ խաղալու հերթը հիմա էլ Կարեն Կարապետյանինն է: Վերջինս «դրայվով» խոսում է երկիրը ծաղկեցնելու մասին՝ նմանօրինակ որոշումներով, սակայն, խթանելով արտագաղթի աճին:

Վահագն Հակոբյան




Լրահոս