Հայաստանի դատական պաշտոնյաների սխալների համար այսօր վճարում է սովորական հարկատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը 3 հազար 600 եվրո կվճարի Իրանի քաղաքացի Ավանես Ավաքեմյանին: Այս նպատակով ՀՀ կառավարությունը առաջիկայում 3600 եվրո կհատկացնի արդարադատության նախարարությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը կայացրել է այս տարվա մարտի 30-ին:
ԱՆ-ն պետք է ՄԻԵԴ-ի վճռով սահմանված հատուցման գումարը վճարի մինչեւ հունիսի 30-ը:

Նշենք, որ ՀՀ-ի դեմ բողոքն Ավանես Ավաքեմյանը ներկայացրել է 2009 թվականին: Ըստ հայցվորի` իշխանությունները չեն իրագործել իր օգտին կայացված վերջնական վճիռները: Ի դեպ, գործը վերաբերում է պարտքի վճարման հետ կապված անհատների միջեւ վեճին, որը չկարգավորվելու դեպքում այն պետք է իրագործեին դատական կատարածուները: Սակայն 2005, 2007 եւ 2008 թվականներին դատարանի կայացրած վճիռները, որոնք դրական են եղել հայցվորի համար, չեն իրագործվել 2007 թվականի հոկտեմբերի 24-ից 2012 թվականի փետրվարի 13-ը, ինչը նշանակում է, որ դատական վճիռների չիրագործումը տեւել է չորս տարի եւ երեք ամիս:

Այսինքն՝ կառավարությունը չի տրամադրել փաստարկ այդ հետաձգումն արդարացնելու համար: Այդ պատճառով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են մարդու իրավունքների հռչակագրի վեցերորդ հոդվածը, ինչպես նաեւ հռչակագրի համար 1 արձանագրության առաջին հոդվածը, որը երաշխավորում է սեփականության իրավունքը:

Ստացվում է, որ Հայաստանի դատական պաշտոնյաների սխալների համար այսօր վճարում է սովորական հարկատուն, տուժում է Հայաստանի պետական բյուջեն:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս