Դատական համակարգը «прослушка»-ի տակ է. երկրորդ կալանավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի դատական համակարգի ներկայացուցիչները եւ հատկապես դատավորները իրավապահների կողմից գաղտնալսման են ենթարկվում: «Ժողովուրդ» օրաթերթին Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի վարորդի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի Աղվան Պետրոսյանի վարորդ Կարենը: Սակայն այս պատմությունը չի ավարտվել միայն վարորդի կալանավորմամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդից բացի՝ կալնավորվել է նաեւ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը:

Այն, որ դատական համակարգը տեւական ժամանակ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Բանն այն է, որ մայիսի 11-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու համար կալանավորեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանին: Տպավորությունն այնպիսին էր, որ կատարվածը դաս պետք է լիներ մյուսների համար, սակայն զգաստացողները քիչ են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, ցանկացել է կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել: Նա պատրաստ է եղել կլորիկ գումար տալ դատավորներին, որպեսզի նրանք այնպիսի վճիռ հրապարակեն, որ կալանավորված որդին ազատության մեջ հայտնվի: Ու այս առիթով մոտ 10 ամիս առաջ Վարդենիս քաղաքի բնակիչները Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբորը՝ Հայկ Կարապետյանին են տվել մոտ 10 հազար դոլար, որպեսզի նա գործը գլուխ բերի՝ օգնելով ազատել կալանքի տակ գտնվող տղային:

Ըստ էության Հայկ Կարապետյանը տեւական ժամանակ կալանավորվածին չի կարողացել ազատել, գործընթացը դանդաղել է: Իսկ երբ կալանավորված տղայի հարազատները զանգահարել եւ հարցրել են, թե երբ են որդուն ազատ արձակելու, Կարապետյանը բացատրել է, որ իրենից ոչինչ կախված չէ, ինքն ընդամենը միջնորդ է: Եւ այսպես «գործի մեջ է խառնվել» կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված վարորդ Կարենը: Ըստ ամենայնի, նա է գլուխ գովել, թե կլուծի հարցը: Թե ինչ է եղել իրականում, դժվար է ասել, քանի որ կալանավորվածների տեսակետը հայտնի չէ:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք իր եղբայրը կոնկրետ առնչություն ունի կաշառք տալու պատմության հետ: «Մենք փորձել ենք խնդիրը հասկանալ, թե ինչի համար են իրեն տարել, բայց որեւէ բան չգիտենք: Անկեղծ ասած, մենք էլ հանկարծակիի եկանք,- պարզաբանեց Արամ Կարապետյանը՝ հավելելով,- մեզ որեւէ տեղեկություն չեն տրամադրում: Անգամ չգիտենք էլ, թե ովքեր են տարել: Միայն գիտենք, որ ՀՔԾ-ն է այս գործով զբաղվում: Վարդենիսում որոշ ժամանակ առաջ պայթյուն էր տեղի ունեցել, ում մեքենան որ պայթացրել էին, եղբայրս իր հետ շփվում է, մտածեցինք, թե այդ գործով են եղբորս տարել, հարցուփորձ են անում, շուտով կգա: Բայց հետո իմացանք, որ այդ գործով չէ, այլ այս գործով է: Ուրիշ բան չգիտենք, իրեն մեկուսացրել են»:

Այսպիսով՝ անգամ կալանավորվածների հարազատներն են անտեղյակ դեպքի մասին: Միայն հայտնի է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդ Կարենը եւ Հայկ Կարապետյանը կալանավորված են:
Այս պատմության մեջ, թերեւս, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ կալանավորվածների հարազատները բողոք չեն ներկայացրել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է մոտ 10 ամիս առաջ տեղի ունեցած պատմությունը հայտնի դարձել իրավապահներին:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահներն այս աղմկահարույց դեպքը բացահայտել են գաղտնալսում իրականացնելով: Նրանք լսել են, թե ինչպես են Վարդենիս քաղաքի բնակիչները զանգահարում Հայկ Կարապետյանին եւ հետաքրքրվում՝ երբ է ազատվելու իրենց որդին: Զրույցի մանրամասները կասկածելի հարցեր են առաջացրել, եւ «прослушка»-ի տակ գտնվողները թիրախավորվել են:

Հավելենք, որ այս աղմկահարույց գործը գտնվում Է հատուկ քննչական ծառայության վարույթում: Եւ այս օրերին Վարդենիս քաղաքի մի շարք բնակիչներ հերթով հրավիրվում են ՀՔԾ՝ հարցաքննության: Քննիչները խնդիր են դրել իրենց առջեւ ցուցմունքներ ստանալ այն մասին, որ դատավորի վարորդը չէր կարող ինքնագլուխ գործել, որ եղել է նաեւ Աղվան Պետրոսյանի մասնակցությունը: Մինչդեռ իրականում դատավորը կարող է ամենեւին էլ տեղյակ չլինել շրջապատող անձանց գործողությունների մասին: Չի բացառվում, որ այս ողջ պատմությունը եվրոպական դրամաշնորհների համար հյուսված դեպք է՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» շոուի շրջանակներում, որի արդյունքում լինում են քավության նոխազ պաշտոնյաներ ու գործիչներ:

Քնար Մանուկյան




Լրահոս