Իրանական ընկերության հետ քննարկվել է Հայաստանում տոհմային ճտերի արտադրության կազմակերպման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին:
Հոսեյնղոլի Լոթֆին տեղեկացրել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ:

«ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության կազմակերպման ուղղությամբ», – նշել է փոխնախարարը:
Այնուհետև Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաև այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը:
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է բարձրորակ արտադրանքի ապահովման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս