Ինչո՞ւ իշխանությունները բավարարվեցին՝ Կարապետյանի կաբինետն ընդամենը կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ձեւավորվել է: Ինչո՞ւ իշխանությունները բավարարվեցին՝ Կարապետյանի կաբինետն ընդամենը կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով, ինչո՞ւ են անտեսում տարբեր նախարարների սկանդալներիի մեջ հայտնվելու դեպքերը եւ վերանշանակում այդ գերատեսչությունների ղեկավարներին:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է:

-Պարո՛ն Բաղդասարյան, վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կազմը գրեթե մնաց անփոփոխ: Միայն ՀՀ կառավարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշանակվեց արդարադատության նախարար:  Ո՞րն է կառավարության կազմում որեւէ փոփոխություն չիրականացնելու իրական պատճառը, մի՞թե վստահությունը Կարապետյանի կաբինետի անդամների նկատմամբ:

-Մենք չվստահելու որեւէ պատճառ չունենք, Կարեն Կարապետյանն իր թիմը ներկայացրել է, մեր մեծ թիմն ընդհանուր միասնական ձեւով դա ողջունել եւ ընդունել է: Մենք հնարավորություն ենք տալիս իրագործելու այն բոլոր հիմքերը. այն բոլոր ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են կառավարության ծրագրում:

-Ի՞նչ տրամաբանությամբ էր արհեստականորեն երկարաձգում նախարարների վերանշանակումը:

-Որեւէ պատճառ չկա: Դա մեր ներքին մարտավարությունն է, պետք չէ ամեն ինչ բարձրաձայնել: Երբ մենք ժամանակ կվատնենք, այդ ժամանակ Ձեր հարցին կանդրադառնանք:

MP Vahram Baghdasaryan (RPA/HHK) spoke about constitutional changes and internal political developments in Dialogue press club

-Մշտապես բարձրաձայնում եք, որ կառավարության կազմում ընդգրկված են միայն պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրենց գործի գիտակն են, եւ նրանց ընտրությունը կատարվել է միմիայն այդպիսի հատկանիշներ ունենալու սկզբունքով: Բայց արդեն քանի անգամ, օրինակի համար, ՀՀ աշատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունը հայտնվում է սկանդալների կիզակետում: Կոռուպցիոն բացահայտումներ եղան այդ գերատեսչությանը կից կառույցներում, սակայն արդեն որերորդ անգամ Արտեմ Ասատրյանը վերանշանակվում է: Ինչո՞ւ, ո՞ր արժանիքի համար:

-Մամուլում բարձրաձայնված սկանդալները հիմք մե՛ք ընդունի: Իրավապահ մարմինները երբ որ դրանց հիմնավոր պատասխան կտան, հիմքեր համարեք դրանք:

-Միայն մամուլում չի բարձրաձայնվել, ձերբակալություններ եւս եղել են:

-Արտեմ Ասատրյանի աշխատանքից մենք գոհ ենք, նա աշխատում է բարձր հնարավորություններով, եւ ապագան ցույց կտա նրա աշխատանքի արդյունքները:

-Պարո՛ն Բաղդասարյան, երբ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հանրապետականներին էր ներկայացնում որպես վարչապետ, նշում էր, որ պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում, եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն: Միայն Կարապետյանի նշանակման ժամանա՞կ նման սկզբունքով առաջնորդվեցիք:

-Կապրենք, կտեսնենք, համբերե՛ք:

-Այսինքն՝ ուրիշ պաշտոնների համար եւս փնտրել եւ գտել եք նման կադրե՞ր:

-Դուք մի հասկացեք, որ մարդիկ փնտրել-գտնելը եւ համագործակցելը նշանակում է միայն նախարար նշանակելը: Իսկ ո՞վ է ասում, այսքան միջոցառումները, այսքան մեր սփյուռքահայության եւ մեր արտասահմանյան գործընկերներին հրավիրելը եւ համագործակցելը հենց դրա մասին չի խոսում: Միայն պաշտոնով չէ, որ նշանակում է համագործակցություն: Պետք է նշանակենք նախարա՞ր, որ ասենք՝ մենք համագործակցում ենք:

-Համառորեն տեսակետներ են հնչում, որ Կարապետյանի կառավարությունը ժամանակավոր բնույթ է կրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Մշտական ոչինչ չկա, ամեն ինչ գնում է իր ընթացքով: Համբերեք, կտեսնեք իրենց աշխատանքը:

-Եւ վերջում, Դուք նախկինում եւս եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար: Խմբակցության նախո՞րդ անդամների հետ էր ավելի հեշտ եւ արդյունավետ աշխատելը, թե՞ այս կազմի:

-Ինձ համար բոլորի հետ հեշտ է աշխատելը՝ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա, բոլորի հետ համագործակցում ենք:

-Բայց կարծիքներ կան, որ 6-րդ գումարման ԱԺ-ն դադարում է քաղաքական մարմին լինելուց՝ հաշվի առնելով հատկապես ռեյտինգայինով ԱԺ եկած նոր խորհրդարանականներին:

-Կաշխատենք, կտեսնենք, ժամանակից շուտ գնահատականներ պետք չէ տալ:

Վահագն Հակոբյան




Լրահոս