ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Տրանսպորտի կառավարումը» խորագրով միջազգային տրանսպորտային համաժողովի շրջանակներում անցկացվող նախարարական ամենամյա հանդիպմանը:
Ներկայացուցչական այս հանդիպումը համարվում է տրանսպորտի բնագավառում Եվրոպայի խոշորագույն միջոցառումը, որին մասնակցում են ավելի քան 50 պետություն ներկայացնող տրանսպորտի նախարարներ, միջազգային տրանսպորտային կազմակերպությունների, խոշորագույն գիտական և կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ:
«Տրանսպորտի կառավարումը» թեմայի շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ ժողովրդագրական միտումների, շրջակա միջավայրի և առողջության վրա տրանսպորտի թողած ազդեցության, տրանսպորտային ենթակառուցվածքներում և տրանսպորտի կառավարման գործընթացում նոր տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման խնդիրների շուրջ:
Նախարարական հանդիպման շրջանակներում ունեցած ելույթում Վահան Մարտիրոսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Տրանս-Եվրոպական տրանսպորտային համակարգի հիմնական միջանցքներում իր ներգրավվածությունը։
«Մենք հավատում ենք, որ դա կարող է նպաստել ոչ միայն Եվրամիության հետ մեր հարաբերությունների առաջխաղացմանն ու ամրապնդմանը, այլև խթանել մեր երկրի տնտեսությունը, ներգրավել նոր ներդրումներ, բացել նոր շուկաներ, զբաղվածություն ապահովել և բարձրացնել արտադրողականությունը»,- նշել է նախարարը։
Վահան Մարտիրոսյանը անդրադարձել է նաև Հայաստանում տրանսպորտի կառավարմանն առնչվող խնդիրներին, ներկայացրել այս ոլորտում առկա զարգացման ծրագրերը, ինչպես նաև ներկայում մշակվող տրանսպորտի ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր քաղաքականությունը, որի կիրառումը կնպաստի ճանապարհային անվտանգության և սպասարկման որակի բարձրացմանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն