«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» տեղեկություններով, երբ Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, նախարարությունում նորմալ ընդունեցին: Նա պատրաստվում է կառուցվածքային մեծ փոփոխություններ կատարել բանակում: Զինվորականները որոշ քայլերի կողմ են, որոշ քայլերի՝ լուռ դեմ:
Սակայն զինվորականներն այնքան էլ ուրախ չեն, որ պատերազմող երկրի պաշտպանության նախարարությունում զինվորականների փոխարեն բարձր պաշտոնների են նշանակում քաղաքացիական անձանց:
Մեր աղբյուրի վկայությամբ՝ նրանք զարմացած են, որ ԱԺ նախկին պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը նշանակվեցին պաշտպանության նախարարի տեղակալներ: Անձնապես ոչինչ չունեն նրանց դեմ:
Բայց ինչպե՞ս են նրանք ղեկավարելու իրենց վստահված ոլորտները, երբ բանակի խնդիրները խիստ մասնագիտական մոտեցումներ ու տեղեկացվածություն են պահանջում: Չնայած դրան, զինվորականները նաև շեշտում են, որ որոշ նշանակումներ շատ տեղին են ու արդարացված:
Կոնկրետ հիշատակում են նախարարի տեղակալ, ռազմական արդյունաբերության դեպարտամենտի պետ Դավիթ Փախչանյանի անունը:
Չլինելով պրոֆեսիոնալ զինվորական, նա այս կարճ ժամանակահատվածում կարողացավ էական հաջողությունների հասնել ռազմական արդյունաբերության ոլորտում (գիշերային տեսանկարահանող սարքերի ամբողջական տեղադրում սահմանային բոլոր տարածքներում և այլն)»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: