ՖՈՏՈ. Ինչո՞ւ է Սոնա Շահգելդյանը հայտնվել էքստրեմալ պայմաններում և արդյոք ակնկալո՞ւմ է վաստակավորի կոչում ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ զրուցել է «արտակարգ իրավիճակում» տեսահոլովակ նկարահանելու, վաստակավոր արտիստի կոչում ակնկալելու, ընտանեկան կյանքն ու շոուբիզնեսյան գործունեությունը համատեղելու մասին։

-Սոնա՛ , վերջերս հանդիսատեսի դատին ներկայացրիք նոր երգ, որը կոչվում է «Իմ հավերժություն»։ Գիտենք, որ երգի անվանումը հենց Դուք եք ընտրել, կպատմե՞ք դրա ծնունդի մասին։

-Այո՛, մեղեդային այդ ստեղծագործությունը հավանել եմ լսելուն պես, ընդ որում, առանց գործիքավորման։ Այն միանգամից դիպավ սրտիս, եւ որոշեցինք տեսահոլովակ նկարահանել։ Երգի երաժշտության հեղինակը Արսեն Բարսամյանն է, խոսքերինը՝ Գայանե Ավետիսյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Ռուբեն Գրիգորյանը։ Բայց պետք է նշեմ, որ սա միակ գործը չէ, որի վրա վերջին շրջանում աշխատել եմ։ Հասցրել եմ նկարահանել նաեւ մեկ այլ տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի ամռանը։ Երգի հեղինակը Արթուր Նիկողոսյանն է՝ Կոնսը։ Այն միանգամից առանձնանում է իր ոճով։ Ամեն անգամ, երբ Արթուրը, ով բնակվում է Հոլանդիայում, այցելում է Հայաստան, մեր համագործակցությունից մի հետաքրքիր երգ ծնվում է։ Բացի այդ՝ հասցրել եմ կյանքի կոչել եւս մեկ տեսահոլովակ՝ Հայաստանին նվիրված երգի հիման վրա։ Այն նկարահանվել է Զվարթնոցի տաճարում եւ Ամբերդի ամրոցում։ Ունեմ նաեւ անգլերեն պարային երգեր, որոնք մշակման փուլում են։ Առհասարակ, չեմ սիրում միանման ստեղծագործություններով ներկայանալ, ուստի ամեն անգամ համագործակցում եմ տարբեր երգահանների հետ։

-Որքանով տեղյակ ենք՝ Ամբերդի ամրոցում տեղի ունեցած նկարահանումների ժամանակ հայտնվել եք «էքստրեմալ» պայմաններում։ Կպատմե՞ք այդ մասին։

-Այո՛, իսկապես շատ դժվարություններ եմ ստիպված եղել հաղթահարել։ Նախ ասեմ, որ բավական բարդ էր հաղթահարել ամրոցի բարձունքը․ քարքարոտ, զարտուղի ճանապարհ ենք անցել։ Երբ արդեն նկարահանվում էի, հողը ոտքիս տակից փախչում էր, բայց, միեւնույն է, մինչեւ վերջ այդ դիրքով մնացի ու նկարվեցի։ Առհասարակ, իմ մասնակցությամբ ինչ տեսահոլովակ էլ նկարահանվում է, գործընթացը մշտապես անցնում է «արտակարգ» իրավիճակներում (ծիծաղում է)։ Այդ մասին կփաստեն բոլոր նրանք, ում հետ համագործակցելու առիթ է եղել։

-Իսկ երկրպագուները Ձեզանից մենահամերգ սպասե՞ն։

-Այո՛, շատ հնարավոր է՝ աշնանը նման առիթ ստեղծվի։ Իսկ մինչ այդ մտադիր եմ թողարկել իմ՝ թվով երկրորդ տեսահոլովակը։ Մտադիր եմ նաեւ դուետով հանդես գալ արտասահմանցի արտիստներից որեւէ մեկի հետ։ Նման առաջարկներ կան, այնպես որ՝ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որը կընդունեմ։

-Վերջերս Ձեր կոլեգաներից Ռազմիկ Ամյանն արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։ Դուք նման կոչումների ակնկալիքներ չունե՞ք։

-Ճիշտն ասած՝ այդ կոչումներն ինձ համար այդքան էլ կարեւոր չեն, նման իրադարձությունների չեմ էլ հետեւում։ Ամեն դեպքում, շնորհավորում եմ Ռազմիկին, նա տաղանդավոր տղա է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա, միանշանակ, հաճելի կլինի, եթե մի օր ինձ էլ պարգեւատրեն։ Տարիներ առաջ ես առաջին տեղը զբաղեցրի «Նոր ալիք» մրցույթում, եւ եթե պետք է երբեւէ կոչման արժանանայի, դա ամենահարմար ժամանակն էր․ այդ հաղթանակից հետո պետք է ակնկալիքներ ունենայի։ Ամեն դեպքում, ես իմ գործն եմ կատարում եւ հատուկ քայլեր չեմ անում, որպեսզի արժանանամ ուշադրության։ Ժողովուրդն է, որ պետք է դատի՝ ով է արժանի կոչման եւ ով՝ ոչ։Չէի ուզենա, որ այդ կոչումների ինստիտուտը մի օր արժեզրկվեր։ Չէ՞ որ շատ մեծ հայեր են համարվել վաստակավոր կամ ժողովրդական արտիստներ։

-Սոնա՛, մի քիչ էլ անձնականից խոսենք։ Ձեր որդուն խնամելուն զուգընթաց՝ հասցնո՞ւմ եք կարիերայով զբաղվել։

-Փոքրիկիս խնամելն օրեցօր ավելի դժվար է դառնում, բայց դա, այնուամենայնիվ, հաճելի զբաղվածություն է։ Առհասարակ, կողմ չեմ դայակի օգնությանը դիմելուն։ Հասցնում եմ ե՛ւ երեխայիս խնամել, ե՛ւ շոու-բիզնեսում լինել, ե՛ւ պարբերաբար մեկնել արտերկիր…Երբ ինչ-որ բան սիրով ես անում, հաջողությունն անխուսափելի է։

Լուսանկարները` Bravo.am-ի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս