Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի արած հայտարարությունը մինչ այժմ շարունակվում է բուռն քննարկել: Ինչպես հայտնի է՝ նա հայտարարել է, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է։ Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ կոշտ օրենսդրական փոփոխություններ են լինելու, որոնցով կհաստատվի հասարակական վայրերում ծխելու և գովազդի ամբողջական արգելքը։
Մինչ չծխողները կողջունեն Ալթունյանի հայտարարությունները, իսկ ծխողները կքննադատեն նրան, նկատենք՝ նրա տրամաբանությամբ մտածելու դեպքում կարելի է ասել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անհաջողակներ են. չէ որ նրանք ակտիվ ծխողներ են:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական տվյալներից պարզեց, որ ծխախոտի արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-ապրիլ ամիսներին արտադրվել է 7 մլն 295 հազար 100 հատ սիգարետ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 7 մլն 405 հազար 600 հատ:
Ծխախոտի արտադրության նվազման պատճառները մի քանիսը կարող է լինել. կամ ծխախոտի արտահանումն է նվազել կամ սպառողներն են նվազել: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բարձրացրել է ակցիզային հարկի վճարը, որը ևս իր ազդեցությունն է ունեցել ծավալների նվազման վրա:
Միաժամանակ նկատենք, որ սիգարետներ 50 դրամի չափով թանկացել են և հիմնականում մեծ պահանջարկ վայելողները: Օրինակ՝ տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից արտադրված «Արարատ» տեսակի սիգարետը թանկացել է 50 դրամով: Նույնքան թանկացել է նաեւ «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ներմուծվող «Մարլբորո» սիգարետը: Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով. օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս:
Նաիրա Հովհաննիսյան