ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանի մայրը՝ տիկին Փիրուզան, քիչ առաջ վատացել է ՔԿՀ-ի դիմաց, նրա համար շտապօգնություն են կանչել:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Առաջին անգամ տեսակցության է գնացել իր որդուն, թույլ չեն տվել` պատճառաբանելով, որ ծննդյան վկայական չի բերել, որի միջոցով պիտի հաստատվեր, որ ինքը հանդիսանում է Արմեն Լամբարյանի մայրը: Թեև օգոստոսից մինչ օրս ամեն շաբաթ միջին հաշվով երկու անգամ ինքը եկել հանձնունք է բերել, իրեն անձնապես ճանաչում են բոլորը և հանձնունքի տրման քարտերում, որ լրացրել է ազգակցական կապը նշվել է: Դա է պատճառը եղել, ինքն էլ առանց այն էլ առողջական խնդիրներ ուներ և տարիքի հետ, և որդու կալանքի հետ կապված. այդ առումով զգացողությունը վատացել է և բուժօգնություն են կանչել»,- մեզ հետ զրույցում ասաց Պապիկյանը:
Վերջինիս խոսքով այժմ տիկին Փիրուզան իրեն նորմալ է զգում. «Չէի ասի` լավ է, բայց համեմատաբար նորմալ է»:
Նշենք, որ 10 ամիս Արմեն Լամբարյանի տեսակցությունների վրա արգելք էր դրված, դատարանն այն վերջերս է վերացրել:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով:
Արփինե Թովմասյան