Հանցավոր խմբավորման պարագլուխը շարունակում է խարդախությունները. ի՞նչ է արել նա այս անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Երեւանի Արաբկիր, Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի դատավարությունը:

Այս անգամ 31-ամյա Սպարտակ Դանիելյանը մեղադրվում է 48 դրվագով խարդախությունների մեջ: Ըստ քրեական գործի նյութերի, նա 2015թ. հունիսի 1-ից 2016թ. մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում քաղաքացիներից հեռախոսով խարդախությամբ տարբեր իրեր է հափշտակել. զանգահարելով list.am կայքում վաճառքի հայտարարություն տեղադրած անձանց ձեւացել է որեւէ ընկերությն ղեկավար, ցանկություն հայտնել ձեռք բերել ապրանքը՝ խոստանալով գումարը փոխանցել բանկային հաշվին: Այնուհետեւ այս գործով մյուս ամբաստանյալի՝ 25-ամյա Ռազմիկ Արզունյանի ու չբացահայտված այլ անձանց միջոցով հափշտակել է ապրանքները, հետո դրանք վաճառել, գումարներն էլ վատնել:

Բայց Ս. Դանիելյանի հանցանքները միայն այսքանով չեն սահմանափակվում. Ամենաուշագրավը մեկ այլ փաստ է. 2016թ. ապրիլի 5-ին նա Երեւանի Կենտրոնի դատարանից փախուստի էր դիմել եւ մոտ 25 օր ազատության մեջ գտնվելու ընթացքում անարգել շարունակել խարդախությունները՝ եւս 13 քաղաքացուց հափշտակելով հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ եւ այլ ապրանքներ: Ասել է, թե մինչ իրավապահ համակարգը որոնում էր հետախուզման մեջ գտնվող Սպարտակին, վերջինս Երեւանի փողոցներում նորանոր խարդախություններ է արել:
Հիշեցնենք, որ Սպարտակ Դանիելյանը դեռ 2012թ. դեկտեմբերին ձերբակալվել էր խարդախությունների համար եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Սակայն կալանավայրում գտնվելու ընթացքում շարունակել էր իր հանցագործությունները, եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից սկսել էր հեռախոսով ապրանքներ հափշտակել: Նախորդ տարի Ս.Դանիելյանը 25 դրվագներով խարդախություն կատարելու համար Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման:

Փաստորեն, կալանավայրում գտնվելու ընթացքում Ս.Դանիելյանը կարողացել է հեռախոսով հարյուրաով քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակել: Չնայած նրա դեմ հարուցված քրեական գործերի առատությանը, ՔԿՀ ղեկավարությունն այդպես էլ որեւէ քայլ չի արել Ս.Դանիելյանի հանցանքները կանխելու ուղղությամբ: Ընդհակառակը, հիմնավոր տեսակետ կա, որ հենց «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցներն են Ս.Դանիելյանին հեռախոս մատակարարողները, բնականաբար, որոշակի գումարի դիմաց: Առավել եւս, որ հայտնի խարդախի հայրը` Արսեն Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է. աշխատում է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս