Չպետք է մտածել, որ պաշտոնը վերևից տրված, պապական է. Հովսեփ Սիմոնյանը նեղացած չէ՞ կուսակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի դեռևս գործող մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին հարազատ կուսակցությունն այսօր շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հայտնել, որ վերջինս առաջիկայում այլ պաշտոնի կանցնի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Հովսեփ Սիմոնյանը, հավելելով, որ հնարավոր նոր պաշտոնի մասին, սակայն, դեռ տեղեկություններ չունի:

Հովսեփ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե կուսակցությունն իրեն շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, որևէ դժգոհություն չեն ունեցել, պարզապես գտնում են, որ նա պետք է այլ աշխատանքի անցնի: Նրա խոսքով, իր համար կարևոր է, որ կուսակցությունում իր արած աշխատանքից չեն դժգոհել:

Հարցին` նեղացվածություն չկա՞ հարազատ կուսակցությունից, Սիմոնյանը նշեց. «Նեղացվածություն չկա, ինչի մասին է խոսքը, ես կարգապահ կուսակցական եմ, ընդունում եմ իրենց առաջարկը: Չպետք է մտածել, որ պաշտոնը վերևից տրված է, իրենց պապականն է: Իմ համար որևէ բան չի փոխվել, ես շարունակելու եմ ապրել մարզում, իմ ժողովրդի հետ», – հավելեց Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով` պաշտոնյայի աշխատանքը միշտ պետք է գնահատի ժողովուրդը և այս առումով նա այժմ այդ գնահատականը տալու ճիշտ ժամանակն է համարում, քանի որ այլևս այդ պաշտոնը չի զբաղեցնում:  Հենց այդ նույն պատճառով էլ Սիմոնյանը չցանկացավ խոսել իրեն փոխարինող Արթուր Խաչատրյանի մասին` ընդգծելով, որ նրա  աշխատանքի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:

Սիմոնյանը հավելեց, թե հանգիստ է վերաբերում պաշտոնանկությանը և աշխատելիս միշտ է մտածել է, որ այդ պաշտոնին վաղը կարող է մեկ ուրիշը լինել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս