Բանակում այդպիսի թերություններ կան. գլխավոր շտաբի պետը` բանակը թալանողների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքին, թե արդյո՞ք կատարվածը ամենաթողության հետեւանք է, հայտնեց, որ զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից:
Նշենք, որ զորամասի հրամանատարը Գեւորգ Մանգասարյանն է:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ժամկետային երեք զինծառայողներ՝ N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը եւ նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Մնացականյանը չէին մասնակցել առավոտյան տողանին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ զինվորները վերցրել էին զորամասի հրամանատարի տեղակալին պատկանող մեքենան եւ լքել էին զորամասը, ինչից հետո տեղի էր ունեցել վթարը, եւ տղաները հարակից ջրամբարում ջրահեղձ էին եղել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ:

Պարո՛ն Հակոբյան, բանակում զինվորների միջեւ տարաձայնության արդյունքում, երբ զոհ ենք ունենում, կամ մի քանի զինվոր են կալանավորվում, կամ հրամանատարներին նկատողություն են հայտարարում, նույնիսկ հրամանատարին աշխատանքից հեռացնում են: Ըստ Ձեզ՝ աշխատանքից հեռացնելով կամ մի քանի զինվոր կալանավորելով՝ մենք իրավիճակը կարո՞ղ ենք փրկել:

-Ձեր տված հարցերն իրենց մեջ որոշակի ենթատեքստ են հետապնդում, դրա համար չեմ ուզում պատասխանել, բայց նորից պարտադրված պատասխանում եմ: Այն, ինչ Դուք հնչեցնում եք, բանակում այդպիսի թերություններ կան, բայց դա համատարած բնույթ չի կրում, դա եզակի դեպք է, եւ եզակի դեպքերի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն եւ որոշում է կայացվում: Միանշանակ կարգապահական տույժը, որպես այդպիսին, ամրապնդելու է կարգապահությունը բանակում, որովհետեւ դա պարտադիր միջացառումներից մեկն է, բայց ոչ միակը:

Ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանի հեռացումը ե՞ւս բանակում արձանագրված դեպքերի հետեւանքն էր:

-Իհարկե, կապ չուներ, ոստիկանապետի ծառայության ժամկետը լրացել էր, եւ ինքը զորացրվել է բանակից՝ գնալով թոշակի:

-Ուսումնասիրելով վերջին շրջանում պաշտոնական հաղորդագրությունները, նկատում ենք, որ բանակից անցած տարվա ընթացքում մի շարք հրամանատարներ, զորամասի պահեստի պատասխանատուներ դիզվառելիք են գողանում եւ տանում այս կամ այն բենզալցակայանում վաճառում: Ինչպե՞ս եք պայքարում բանակը թալանող հրամանատարների դեմ:

-Քրեական գործերի հարուցումը հենց այդ զսպման մեխանիզմներից մեկն է:

Բայց քրեական գործերի հարուցման արդյունքում նրանք սիմվոլիկ պատիժ են ստանում, իսկ նման դրսեւորումները շարունակվում են: Այսինքն՝ թալանողները թալանում են եւ քրեական գործերից դասեր էլ չեն քաղում:

-Չեմ կարծում, որ դաս չեն քաղում: Այն, ինչ հրապարակում է ՀՀ քննչական կոմիտեն, նյութերը ստանում է զինված ուժերի կողմից անցկացրած ծառայողական քննությունների ընթացքում ի հայտ եկած թերությունների շրջանակում: Եվ մենք հետամուտ ենք, որպեսզի զինված ուժերում անօրինականությունները վերանան, որովհետեւ նյութական միջոցների կորուստներ են լինում :

-2016 թվականին Ձեր գործունեության մասով աղմկալի բացահայտում արեց ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Վերջինս հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Բադասյանը նաեւ առաջարկել էր կա՛մ պատասխանատվության ենթարկել Ձեզ, կա՛մ, եթե ինքը զրպարտում է, իրեն ենթարկել պատասխանատվության: Ինչպես նկատեցինք՝ ո՛չ Ձեզ պատասխանատվության ենթարկեցին, ո՛չ էլ Վահան Բադասյանին, ուրեմն իր խոսքերում կա՞ր ճշմարտություն:

-Դրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, անց է կացվել հետաքննություն, եւ հետաքննության նյութերի մասին տեղեկացվել է:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս