Բաքուն հորինել է պլատֆորմին միացող հայերի. Վահան Մարտիրոսյանը նոր բացահայտումներ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»­ի անդամ, Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը շարունակում է նոր բացահայտումներ անել պլատֆորմի իրական նպատակների ու ստեղծման ակունքներում գտնվող անձանց վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Կիևից արված տեսաուղերձի մեջ նա պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ­ներին՝ ասելով, որ հայտարարություններն անում է ինքնակամ՝ առանց որևէ մեկի կողմից պարտադրանքի: «Եթե իմ ու պլատֆորմի որևէ անդամի վրա ճնշում գործադրվել է, ապա դա արվել է հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,­ նշել է նա:

Մերկացնելով պլատֆորմի իրական պատմությունն ու նշանակությունը՝ Մարտիրոսյանը, ով աշխատում էր Ադրբեջանի օգտին, իսկ Ադրբեջանից Ուկրաինա փախչելուց հետո, սկսեց մերկացնել Ադրբեջանի ստերը, հայտնել է, որ Ադրբեջանի այսպես կոչված քաղաքացիական հասարակության թիկունքում իրականում կանգնած են երկրի պետական կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի աշխատակազմն ու Պետական անվտանգության ծառայության սպաները: Նա հայտնել է, որ վերջիններս յուրացնում են ֆինանսական հատկացումների մեծ մասը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առանձնացնում է հարթակի գործունեության ու դրանում հայերի ներգրավման համար: «Ադրբեջանի իշխանությունները դիմել են բացահայտ ստի ու կեղծիքի: Քանի որ պակասում էին իրական այն հայերը, ովքեր կցանկանային միանալ պլատֆորմին, նրանք հորինված անձանց էին ստեղծում, ովքեր իբր հայկական ծագում ունեին ու հանդես էին գալիս ինչ­ինչ հայտարարություններով՝ իբր աջակցելով Բաքվի հռչակագրին: Օրինակ, լայն տարածքում ստացավ իբր ԱՄՆ­ում բնակվող Աննա Սինանյանի հայտարարությունը, ով իրականում գոյություն չունի. նրա փոխարեն ներկայացվել է Haqqin.az­ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆեթուլլաևի մտերիմ ընկերոջ դուստրը՝ Ալյոնա Աբդուլլաևան, ով էթնիկ ադրբեջանցի է: Կամ Արամ Կարապետյանը, ով իրականում էթնիկ ուկրաինացի է՝ Եվգենի Ռագաչկո անունով, բնակվում է Օդեսայի շրջանում և հետագայում հերքել էր իր մասնակցությունը գործընթացին»,­ հայտնել է Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ունի շատ փաստեր ու անուններ, ովքեր ներգրավված են այս գործընթացում:

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանում իրենից ռազմական բնույթի տվյալներ են պահանջել Հայաստանի սահմանամերձ շրջանների վերաբերյալ: «Անգամ առաջարկել են մի քանի հազար ԱՄՆ դոլար, եթե ես կարողանամ կազմակերպել որևէ հայ զինծառայողի ժամանումը Բաքու»,­ բացահայտել է Մարտիրոսյանը: Հայտարարության ավարտին նա նշել է, որ Ադրբեջանում անցկացրած երկու տարվա ընթացքում հստակ հասկացել է հետևյալը. «Այս պահին Ադրբեջանում գոյություն չունի ազատ քաղաքացիական հասարակություն: Ցավոք, այնտեղ այլևս չկա մեկը, ում հետ կարելի է խոսել: Ադրբեջանական հասարակությունում հայատյացության մակարդակը, թերևս, կարելի է համեմատել ինչ­որ միջնադարյան երկրում հակասեմականության մակարդակի հետ»:




Լրահոս